22 11 2022

Այո, ՀՅԴ-ական եմ, բայց քաղաքական հայացքներս դպրոց չեմ բերել․ Ադամ Մխիթարյան



 

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Մաքենիս գյուղի դպրոցում մի քանի օր է դասադուլ է։ Մարզպետարանն առանց պատճառաբանության մերժում է դպրոցի նախկին տնօրենի, այժմ էլ տնօրենի միակ թեկնածու Ադամ Մխիթարյանի ներկայացրած զարգացման ծրագիրը, ով, ի դեպ, դպրոցում տնօրեն է եղել 16 տարի։ Նշենք, որ Ադամ Մխիթարյանը նաև ՀՅԴ Վարդենիսի կոմիտեության անդամ է։

Շուրջ մեկ տարի է` Ադամ Մխիթարյանը հանդիսանում է տնօրենի միակ թեկնածուն և իր թեկնածությունը պաշտպանում են և՛ մանկավարժական խորհուրդը, և՛ ծնողխորհուրդը։ Այսօր դպրոցում 14-րդ անգամ է մրցույթ նախատեսված, քանի որ 13 մրցույթները տապալվել են՝ քվորում չլինելու պատճառով։

«Ինչ-որ անհասկանալի, աբսուրդ բան են ասում ինձ։ Նույն սցենարով են շարունակում, ու արդեն իսկ ակնհայտ երևում է, որ նիստը տապալվելու է՝ խամաճիկների միջոցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մաքենիսի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն, ՀՅԴ-ական գործիչ Ադամ Մխիթարյանը։

«Այս պահին ներսում են Գեղարքունիքի մարզի կրթության բաժնի պետը և բաժնի վարիչը։ Բաժնի վարիչը՝ որպես ներկայացուցիչ է, իսկ կրթության վարչության պետը եկել է իրավիճակին տեղում ծանոթանալու։ Արդեն 5 օր է դասադուլ է հայտարարված, սակայն իրենք մինչև հիմա պարզաբանում չեն տվել, չեն ներկայացրել, որը եղել է ծնողների և մանկավարժական կոլեկտիվի պահանջը, որ գան ներկայացնան և հարցին դրական լուծում տան, մինչև հիմա ոչ մի արձագանք չի եղել և հանկարծ մրցույթից ժամեր առաջ ներկայանում են և փորձում են խոչընդոտել և վախի մթնոլորտ ստեղծել»,- ասաց նախկին տնօրենը։

Նրա խոսքով՝ այստեղ երևույթի խնդիրն է, թող բոլորը տեսնեն, թե սահմանամերձ գյուղում ինչպիսի արատավոր երևույթներ կան․ «Մենք փորձում ենք պայքարել այդ երևույթների դեմ։ Ի՞նչ է ուզում են, որ մենք էլ արտագաղթենք։ Ես արտագաղթող չեմ, ես պատերազմով անցած մարդ եմ»,- նշեց նա։

Ադամ Մխիթարյանը ասաց, որ ՀՅԴ անդամ է, բայց իր գաղափարները չի տարել դպրոցում, քաղաքականությամբ զբաղվել է դպրոցից դուրս, որը չի խոչընդոտել Մաքենիս համայնքին․

«Այդ մարդիկ, ովքեր պետք է գան քվեարկելու գյուղի տեղն էլ չգիտեն և ամենասարսափելին այն է, որ նրանք զարգացման ծրագիրը չեն կարդացել, չգիտեն, թե դա ինչ է։ Այն դրույթները, որոնք պետք է ներկայացնեն և դեմ քվեարկեն, նրանք լռում են։ Իր ազգանունը գրել չիմացողը եղել է խորհուրդի անդամ և որոշում է Մաքենիսի դպրոցի ճակատագիրը։ Դա է ամենացավալին»,- ասաց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ