09 11 2022

Ավելի լավ կլիներ Քոչարյանը լիներ, քան Փաշինյանը. «30 տարի խի՞ մի հատ Ադրբեջանը ձեն չհանեց». զոհված գնդապետի հայր

Ավելի լավ կլիներ Քոչարյանը լիներ, քան Փաշինյանը. «30 տարի խի՞ մի հատ Ադրբեջանը ձեն չհանեց». զոհված գնդապետի հայր

«Առավոտ»-ը գրում է. Եռաբլուրում տղամարդը մի փունջ դեղին վարդերով մոտենում է որդու շիրիմին, խոնարհվում ու լուռ խոսում շիրմաքարի հետ: Նոյեմբերի 9-ն է: Մոտենում ենք, զրույցը դժվար է ստացվում, որովհետեւ կողքին, առջեւում եւ հետնամասում շիրիմների մոտ արտասվող հարազատներ են: Հուսահատություն է: «Ի՞նչ զգացողություն ես պետք է ունենամ այսօր, միայն վատ: Հերոս տղա է՝ պալկովնիկ, ընկերն էլ այնտեղ: Ոչ մի հեռանկար, ոչ մի բան չենք տեսնում: Մեր տները թողել ենք Ղարաբաղում, եկել ենք այստեղ բոմժի նման: 200 հազար տղերքս տներին վարձ են տալիս, 3 տղա ունեմ, երեքն էլ այդպես ու ոչ մի կոպեկ չեն փոխհատուցում: Անտարբերություն է»,- մեզ հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված հերոս, գնդապետ Սերգեյ Միրզոյանի հայրը՝ Ալեքսեյ Միրզոյանը: 

Նա այլեւս ոչ մի բանի հետ հույս չի կապում. «Ոչ Ամերիկան է գալու մեզ այստեղ պահի, ոչ ռուսը, ոչ մեկը: Սաղ սուտ են, մեր հույսը միայն մեր վրա պիտի դնենք, մեր պետության: Պետությունն էլ ո՞ւր է՝ չկա»: Հարցին՝ եթե մեր հույսը մենք ենք, հանրությունը ինչո՞ւ ոտքի չի կանգնում պատերազմից հետո, իշխանափոխություն ինչո՞ւ չի լինում, դուք ունե՞ք բացատրություն՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարա բացատրեմ, որովհետեւ մեր ժողովուրդը, երբ ինչ-որ մի բանի հավատում է, չի նկատում, որ էդ մի բանը չկա էլ: Իշխանափոխությունը պիտի լինի, բա ի՞նչ պիտի լինի»: 

Ալիեւը Շուշիում էլի սպառնում ու հոխորտում է, իսկ մեր իշխանությունները խոսում ու խոսում են խաղաղության պայմանագրի մասին: Ալեքսեյ Միրզոյանն ասաց՝ բա ի՞նչ պիտի անի Ալիեւը, Թուրքիայի հետ 3 մլն-անոց պետության դեմ է. «Ադրբեջանը պոզերը տնկած ամեն ինչ էլ կարա ասի: Պարսկաստանն է, այն էլ նետրալ կանգնած է: Ի՞նչ անես: Ուժ չունես, զենք չունես, որ դիմադրես: 30 տարի է՝ մի հատ նոր բան չեն բերել, ինչո՞վ դիմադրեն, զինվորն այնտեղ կանգնած ի՞նչ անի, ավտոմատով ինչի՞ դեմ կռվի»: 

Հարցին՝ իշխանափոխությունից հետո հույս ունե՞ք, որ իրավիճակ կփոխվի՝ նա պատասխանեց. «Ոչ մի բանի չեմ հավատում: Փաշինյանը հլը թող գնա, տեսնենք ով է գալիս եւ ինչ է անում: Ի՞նչ իմանանք ով է գալու, կարող է ավելի բեթարն է գալու Փաշինյանից»: Ըստ նրա, ամեն դեպքում ավելի լավ կլիներ երկրորդ նախագահ Քոչարյանը լիներ, քան Փաշինյանը. «30 տարի խի՞ մի հատ Ադրբեջանը ձեն չհանեց»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ