27 10 2022

Մահացել է լրագրող Գայանե Փայտյանը

Մահացել է լրագրող Գայանե Փայտյանը

Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող,  հաղորդավար, դասախոս Գայանե Փայտյանը: Բոթը տարածել են նրա գործընկերները։

Գայանե Փայտյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 30-ին Երևանում։

Նա բազմաթիվ դոկումենտալ ֆիմերի հեղինակ է` «Հայաստանի և Արցախի պատմական վանքերն ու հուշարձանները», «Հնդկաստան», «Իրանի Իսլամական Հանրապետություն», «Մեր հարևանները», «Իրաք», «Բաբելոնի գաղտնիքները», «Բահրեյնի թագավորության հրաշքը», «Քուվեյթ», «Ալբանիա. պատերազմ և խաղաղություն», «Հռոմ՝ հավերժական քաղաք», «Փարիզ. սեր ու գույն» և այլն։

Որպես լրատվական մեկնաբան, 1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999-2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2000-2008թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։ 2004թ-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ է։ 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017թ. մինչ օրս՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը։ Տարբեր տարիներին դասախոսել է Հայաստանի Ֆրանսիական և Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում։

2008թ. հիմնադրել և ղեկավարում է հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։

Yerevan.Today-ը ցավակցում է  Գայանե Փայտյանի հարազատներին և ընկերներին՝ մեծ կորստի կապակցությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ