26 09 2022

Հատուկջոկատային Արարատ Ծատուրյանը զոհվել է վիրավոր զինակիցներին օգնություն ցույց տալիս․ NEWS.am

Հատուկջոկատային Արարատ Ծատուրյանը զոհվել է վիրավոր զինակիցներին օգնություն ցույց տալիս․ NEWS.am

NEWS.am-ը գրում է․

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է հատուկ նշանակության ջոկատի շարքային զինծառայող Արարատ Ծատուրյանը։

43-ամյա Արարատ Ծատուրյանը Արարատի մարզի Մասիս քաղաքից էր, ուներ մեկ անչափահաս դուստր։

NEWS.am-ի հետ զրույցում Արարատի եղբայրը պատմեց, որ նրա հետ վերջին անգամ հաջողվել է կապ հաստատել մարտական գործողությունների սկսվելուց մեկ ժամ անց։

«Ասաց՝ մեզնից քիչ հեռու մերձամարտեր են ընթանում, այլեւս չեմ կարող զանգել, մամային բան չասես, ես կզանգեմ։ Ինքը զինակիցների հետ Սոթքի հանքավայրի դիրքն է հսկել։ Իրենց մոտ վիրավոր զինվորներ են եղել, եղբայրս մոտեցել է օգնություն ցույց տալու, այդ պահին նոր արկ է ընկել ու վիրավորել։ Որոշ ժամանակ անց եղբայրս մահացել է»,- ասաց Արարատ Ծատուրյանի եղբայրը՝ Նվեր Ծատուրյանը։

Արարատ Ծատուրյանն արցախյան եւ քառօրյա պատերազմների մասնակից էր։

«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղբայրս անչափահաս էր, կամավոր մեկնել է՝ ասելով, թե չափահաս է։ Մինչեւ իմացել են, որ ստել է, հասցրել է բավական ժամանակ մնալ, հետո ծնողներս են տեղն իմացել եւ հետ են բերել»,- նշեց Նվեր Ծատուրյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ