29 12 2016

Հայկական կողմը 3 զոհ ունի

Հայկական կողմը 3 զոհ ունի

Սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

 

14:23

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նոր տեղեկություններ է հաղորդել սահմանային իրավիճակի մասին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ «Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ երի կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւ երում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն... լավ բան չի»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ