18 08 2022

Պետք է ճիշտ հասկանալ հայտարարությունների բովանդակությունը և թյուրիմացության մեջ չգցել մեր հայրենակիցներին․ Հոխիկյան

Պետք է ճիշտ հասկանալ հայտարարությունների բովանդակությունը և թյուրիմացության մեջ չգցել մեր հայրենակիցներին․ Հոխիկյան

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՌԴ պաշտոնյայի կողմից հայտարարված միտքը, թե ռուս խաղաղապահները դուրս կգան Բերձորից միայն այն դեպքում, երբ պատրաստ լինի նոր միջանցքը, հստակ է և թյուրիմացության տեղիք չի տալիս։ Բացատրեմ, թե ինչու։

Լաչինի միջանցքը սկսվում է Քաշաթաղի շրջանի սահմանի մոտից, որը նշված քարտեզում մոտավորապես Հինշեն գյուղի մոտ է և ավարտվում է Աղավնո գետի վրա կառուցված կամրջով, որը նշված քարտեզում կարմիր գույնով նշված ճանապարհի և դեղինով նշված ճանապարհի հատման կետում է։

ՀՀ-ն Արցախի հետ կապող միջանցքը հենց այդքանն է, իսկ մնացած հատվածները միջանցքի մեջ չեն, այլ ՀՀ կամ Արցախի տարածքում։

Կանաչ կետագծերով նշված են նոր միջանցքի երկարությունը և լայնությունը։

Այս առումով Աղավնո գետի մոտի կամրջից մինչև վերջ ամբողջությամբ կառուցված է նոր միջանցքի ուղին, հետևաբար նոր անելիք չկա։ Այսինքն՝ ռուսական կողմը ճիշտ է ասում՝ կվերատեղակայվի, երբ ամբողջ միջանցքը պատրաստ լինի։

Միջանցքը արդեն պատրաստ է։ Իսկ Աղավնո գետի վրայի կամրջից մինչև ՀՀ Կոռնիձոր գյուղի ճանապարհը միջանցքի մեջ չի մտնում, այլ ՀՀ տարածքի ճանապարհ է։

Պետք է ճիշտ հասկանալ հայտարարությունների բովանդակությունը և թյուրիմացության մեջ չգցել մեր հայրենակիցներին։ Հատկապես լրատվամիջոցներն ու քաղաքագետները չպետք է սխալ վերլուծություններ անեն և հանրությանը չապակողմնորոշեն։

Կարևոր է իմանալ, որ ՀՀ իշխանությունն է այս ամբողջ քաոսի թիվ մեկ մեղավորը, քանի որ նոր միջանցքի կառուցման պայմանավորվածությունը Ադրբեջանի հետ ձեռք բերելուց հետո 1,5 տարի Նիկոլ Փաշինյանն իր թայֆայով այդպես էլ մատը մատին չխփեց և թողեց, որ թշնամին իրականացնի իր ծրագիրը, ու հիմա, երբ հայկական կողմը կանգնել է փաստի առաջ, նոր-նոր մտածում է ճանապարհ կառուցելու մասին։ Սա նույն իրավիճակն է, ինչ եղավ Գորիս-Կապան ճանապարհի դեպքում, ու ինչպես այն ժամանակ, այս դեպքում էլ արագ-արագ մի անորակ ճանապարհ են կառուցելու, որ հետո վերակառուցեն ու երկու անգամ փող լվանան պետական բյուջեից։

Ես էլ վերջին հույս ունեմ, որ մի հրաշքով Բերձորն ու Աղավնոն կմնան մեզ։ Բայց ցավոք, հիմա արդեն դա հրաշքի սպասումով հույս է, ուրիշ ոչինչ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ