15 08 2022

Զարթոնք համայնքում ո՞վ և ինչո՞ւ է դաժան ծեծի ենթարկել 16 -ամյա պատանուն և նրա հորը. 168.am

Զարթոնք համայնքում ո՞վ և ինչո՞ւ է դաժան ծեծի ենթարկել 16 -ամյա պատանուն և նրա հորը. 168.am

168.am-ը գրում է.

«Երեկ ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից  ահազանգ էր հնչեցվում՝ Զարթոնք համայնքում մի խումբ անձինք մետաղյա ձողերով, մահակներով դաժանաբար ծեծի են  ենթարկել 16-ամյա Վալերիկ Պողոսյանին և նրա հորը՝ Սուրեն Պողոսյանին:

«16-ամյա երիտասարդը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում ենթարկվել է վիրահատության, քանի որ, ինչպես հարազատներն են պատմում, գլուխը բացված ա եղել մի քանի տեղից, և եթե ժամանակի առումով, հաշված րոպեներ անգամ ուշանային և համապատասխան օգնություն չցուցաբերվեր տղային, ապա երիտասարդն ուղղակի արնաքամ կլիներ: Պատճառը՝ Զարթոնք համայնքում մինչ այսօր եռացող հետընտրական կրքերն են, ավելի ճիշտ ՔՊ-ական համայնքի ղեկավար կոչեցյալի մերձավոր շրջապատը, ովքեր էլ եղել են ծեծի մասնակիցներն ու գլխավոր դերակատարները»,- Ֆեյսբուքում մանրամասնել էր լրագրող օգտատերը՝ հնչեցնելով նաև միջադեպին մասնակցած անձանց անուններ և մականուններ՝ Աշոտ և Սարգիս Մխիթարյաններ,  հայկաշենցի «խորոշի» Գագուլի քեռու տղա, ղամշլեցի Զապ:

Արմավիրի մարզի (Մեծամոր խոշորացված համայնք) Զարթոնք համայնքի ղեկավար Սամվել Աղաջանյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի:

«Սա ուրիշ թեմա է, էդ կռիվներն ուրիշ պատճառով են եղել. շառ են արել մի հարսի վրա, նրա տերերը՝ պատիվ են պահանջել: Այսպիսի թեմաներ են, քաղաքական ոչ մի բան չկա: Գործը քննվում է Արմավիրի մարզում, մարդիկ ցուցմունք են տալիս. կպարզվի»,- ասաց Սամվել Աղաջանյանը:

Մեր հարցադրումներին ի պատասխան՝ նա նաև տեղեկացրեց, որ իրեն որպես համայնքի ղեկավար՝ ևս կանչել են ցուցմունք տալու:

Դիտարկմանը, թե ըստ տեղեկությունների, Սուրեն և Վալերիկ Պողոսյաններին ծեծողներն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համակիրներ են, կամ ՔՊ-ականներ, նա արձագանքեց, թե մարդիկ ընդամենը պատիվ են պահանջում. ուրիշ բան չկա:

Սուրեն Պողոսյանի հետ մինչև միջադեպը ունեցած հարաբերություններին անդրադառնալով էլ՝ Սամվել Աղաջանյանը հայտնեց. «Իմ տեղակալն է եղել, իրար հետ աշխատել ենք 2.5 տարի: Խոշորացում է գնացել համայնքների, կրճատվել է»:

Սամվել Աղաջանյանի պնդումները, թե զուտ կենցաղային վեճ է եղել, տարակուսելի չէին լինի, եթե նախկինում համայնքում նմանատիպ միջադեպեր չլինեին:

Ի դեպ, մամուլի հրապարակումները փաստում են, որ 2018 թվականից «թավշյա» Զարթոնքում կրքերը արթնացել ու այդպես էլ չեն մարում:

2020թ.-ին նախկին գյուղապետին առնչվող մի դրվագում կրկին համայնքի տեղակալ Սուրեն Պողոսյանն ու իր թիմակիցները ծեծի էին ենթարկվել:

168.am-ը կապ հաստատեց նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ տեղեկանալու 16-ամյա Վալերիկ Պողոսյանի առողջական վիճակի մասին: Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը մասնավորապես նշեց. «Մեզ մոտ ընդունվել է  շաբաթ օրը, գլխի և մարմնի վրա վերքերով: Վերակենդանացման բաժանմունքում է եղել հսկողության տակ, հետո արդեն տեղափոխվել է նյարդաբանական բաժանմունք: Վիճակը հիմա բավարար է, մեկ կամ երկու օր հետո դուրս կգրվի»»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ