11 08 2022

1 կմ ավելի են տալիս, որպեսզի Աղավնոն մնա Ադրբեջանին. քարտեզագետ. 168.am

1 կմ ավելի են տալիս, որպեսզի Աղավնոն մնա Ադրբեջանին. քարտեզագետ. 168.am

168.am-ը գրում է.

«Դեռևս հուլիսի վերջին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ հայտնել էին, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին:

Այսպիսով՝Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհը Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր գյուղերով կմիանա Արցախին՝ Բերդաձորի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով:

168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը պատասխանելով Բերձորի այլընտրանքային ճանապարհին վերաբերող հարցին՝ իր զարմանքը հայտնեց ճանապարհի այն հատվածի առնչությամբ, որը Կոռնիձոր գյուղի մոտ հատում է սահմանը՝ անցնելով Հայաստանի տարածք։

«Այդ ճանապարհը, ըստ պայմանավորվածության, յուրաքանչյուր կողմից 2,5 կիլոմետր Հայաստանին պետք է պատկանի, պետք է չեզոք գոտի լինի, և հատվածներում ինչ կա, պատկանում է Հայաստանին։

Սակայն այդ ճանապարհը կառուցել են այնպես, որ ոչ թե Աղավնոյից 2,5 կմ հեռավորության վրա պետք է լինի, և Աղավնոն մտնի Հայաստանին պատկանող տարածքի մեջ, այլ 3,5 կմ հեռավորության վրա։ 1 կիլոմետր ավելի են տալիս, որպեսզի Աղավնոն մնա Ադրբեջանին։ Դրա վերաբերյալ, ըստ իմ լսած տեղեկությունների, համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, իրենք են որոշել որտեղ լինի ճանապարհը, որպեսզի Աղավնոն մնա Ադրբեջանին։

Այդ սահմանը հատող մենք ճանապարհ չունենք, արդեն երկու տարի է անցել նոյեմբերի 9-ի հայտարարությունից, բայց ճանապարհը հայկական կողմը չի կառուցել, ոչինչ չի արել։ Ու հանկարծ Ադրբեջանը որոշում է, որ գյուղական ճանապարհը, որը հայկական գյուղերն է իրար միացնում Կոռնիձորը՝ Հին ու Մեծ շեները, լայնացնել ու դարձնել Բերձորի այլընտրանքային ճանապարհ։

Այնտեղ ճանապարհ գոյություն ուներ, ճանապարհը գնում միանում է Բերձորից մինչև Շուշի գնացող ճանապարհին, Բերձորից դեպի հյուսիս-արևելք, այսինքն՝ Բերձորից ավելի հեռու է միանում ճանապարհին։ Իսկ Շուշիի մոտ այդ ճանապարհը պետք է շեղվի և դուրս գա ներկա ճանապարհից և ուղղակի մտնի Ստեփանակերտ։ Սակայն այդ ճանապարհի մասին որևէ մեկը չի խոսում, քանի որ այն լեռնային, անտառային տարածք է, թե երբ այն պետք է կառուցվի՝ անհայտ է»,- նշեց Ռուբեն Գալիչյանը։

Ըստ քարտեզագետի, Բերձորի այլընտրանքային ճանապարհը նույնքան վտանգավոր է հայ ազգաբնակչության համար, որքան այսօր է վտանգավոր։ Հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակում է զավթել շրջակա բարձունքները և ցանկանում է վերևից վերահսկողություն իրականացնել։

Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե չկա հաստատված որևէ նախագիծ, ինչպես են կառուցելու ճանապարհը։

«Կարող էին այդ ճանապարհից օգտվել, բայց Աղավնոյից 2,5 կմ հեռավորության վրա և չհատեին սահմանը, և Աղավնոն մնար Հայաստանի տարածքում։

Մեկ այլ խնդիր էլ կա, նոյեմբերի 9-ի համաձայնագրում 4-5 կետերը, որոնք հանձն է առել Ադրբեջանը՝ ուղղակի չի կատարում, գերիների վերադարձի, զինադադարի ռեժիմի պահպանության վերաբերյալ պարտավորություններն են, իր զինվորներին ՀՀ տարածքից դուրս հանելն է և այլն։ Փոխարենը՝ Հայաստանի իշխանությունները լուռ ու մունջ կատարում են այն ամենը, ինչ իրենց պարտադրվում է, մի բան էլ ավելի շուտ ենք կատարում, քան նախատեսված ժամկետն է։ Իսկ իշխանությունը կարող է պահանջ դնել ու ասել՝ քանի որ այս կետերը չեք կատարում, մենք էլ այդ կետերը չենք կատարի։ Սա միջազգային իրավունք է, եթե մեկը չի կատարում ստանձնած պարտավորությունները, մյուսն էլ կարող է չկատարել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Եթե նման իրավիճակը շարունակվի, ապա 2-3 տարի անց Հայաստանը կլինի՞ քարտեզի վրա և ի՞նչ սահմաններով, իսկ Արցախը կլինի՞, հարց է հնչեցնում քարտեզագետն ու պատասխանում.

«Արցախի ճակատագիրն է անորոշ, ի՞նչ պետք է լինի։ Եթե այսպես թշնամին ներխուժում է Արցախի տարածք, իսկ խաղաղապահները չեն կարողանում դեմն առնել, կստացվի, որ Արցախն աստիճանաբար պետք է հայաթափվի ու հանձնվի Ադրբեջանին»։

Զրույցի ավարտին էլ Ռուբեն Գալիչյանը մեկ առաջարկ արեց դաշնակցականներին։ Քանի որ Աղավնոյի բոլոր տները կառուցվել են բեյրութահայերի ու լիբանանահայերի գումարներով, և դաշնակցությունն է նախաձեռնել, ապա փողոցում ցույց անելու փոխարեն, թող դիմեն միջազգային դատարան՝ հիմնավորելով, որ այդ գյուղը կառուցել են հայերի համար, իսկ Ադրբեջանն ապօրինաբար տիրանում է դրան»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ