Շատերն են խոսում, որ Արմեն Գրիգորյանը առողջական խնդիրներ ուներ, դա իսկապես այդպես էր, բայց նա նաև բարձր արժանապատվություն ուներ, ու երբ մենք խոսում էինք առողջության մասին, ինքն ասում էր՝ ո՞վ է մեզնից բժիշկը՝ ե՞ս, թե՞ դուք (մասնագիտությամբ բժիշկ էր): Նա ասում էր, որ ես իմ բուժմամբ զբաղվում եմ և մեզ ուղղակի թույլ չտվեց դատարանի կամ որևէ այլ մարմնի առջև խոսենք իր առողջական խնդիրների մասին: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի մեկնարկին ելույթի խոսում ասաց Արմեն Գրիգորյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Գրիգորյանի մահվան հանգամանքին:
«Ինքն ասում էր, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ Արմեն Գրիգորյանն ինչ-որ առողջական խնդիրներ է առաջ բերում, որպեսզի պատասխան չտա, որովհետև ես իմ ցանկացած խոսքի համար պատրաստ եմ պատասխան տալ, ես քաղաքական հետապնդման եմ ենթարկվում, որը պատվով եմ տանելու և մինչև վերջին պահը ինքը պատվով տարավ այդ խաչը:
Հետո՝ ես տեսա, որ ինչ-որ պաշտոնական շրջանակներ սկսել են սլաքներն ուղղել քրեակատարողական հիմնարկի նկատմամբ: Հանուն արդարության և հենց այսօր, երբ ես շատ մեծ պատասխանատվություն եմ զգում Արմենի հիշատակի առջև, ես ուզում եմ անկեղծորեն ասել, որ քրեակատարողական հիմնարկում մենք չենք տեսել Արմենի նկատմամբ որևէ վատ վերաբերմունք: Եթե ինչ-որ մարդիկ կային, որոնք մտածում էին, թե Արմեն Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկում նեղվելու է, որովհետև իրեն նեղելու են, այդպիսի բան չի եղել, նա այնտեղ արժանապատիվ է եղել և այնտեղ էլ տեղյակ չենք որևէ խնդրի մասին: Այստեղ չեն խնդիրները, խնդիրները լրիվ ուրիշ տեղ են:
Խնդիրն այն է, թե ինչու Արմեն Գրիգորյանն առհասարակ քրեակատարողական հիմնարկում հայտնվեր, խնդիրն այն է, թե Արմեն Գրիգորյանին ինչի համար են նստեցրել, երբ են նստեցրել և ովքե՞ր ու ո՞ւմ հրամանով: Արմեն Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկում բացառապես իր քաղաքական հայացքների համար է հայտնվել: 2021 թվականի ապրիլին մի հաղորդման ժամանակ մի քանի էմոցիոնալ խոսքի համար, որը հիշեցին 22 թվականի մայիսին, որի մասին ոչ ոք չէր մտածում և չէր խոսում այս մեկ տարվա ընթացքում: Արմեն Գրիգորյանի նկատմամաբ այս քաղաքական հետապնդումը սկսվել է այն խոսքերի համար, որը մի եթերի ժամանակ նա արտահայտել է առաջին անգամ Եռաբլուր գնալուց հետո: Եվ դատական նիստի ժամանակ դատավորի հարցին ի պատասխան, նա ասաց, չնայծ անգամ չէր ուզում էմոցիոնալ ֆոնի մասին ասել, այդ օրը նա առաջին և վերջին անգամ Եռաբլուր էր այցելել»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը