25 06 2022

Սերժ Սարգսյանը ևս մերժել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկը

Սերժ Սարգսյանը ևս մերժել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին, քանի որ օրեր առաջ իր անհամաձայնությունն է հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկին: Տեղեկությունը հայտնում է երրորդ նախագահի գրասենյակը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը կայացել է այսօր ՀՀ նախագահի նստավայրում:

Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և այլք։

Նիստին ներկա չեն եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արկադի Ղուկասյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն ու արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում` հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի պատճառով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ