20 06 2022

Շատ համեստ տղաներ էին զոհերը, խելքի չենք գալիս․ Ապարանցիները՝ արյունալի միջադեպի մասին



Yerevan.Today-ի նկարահանող խումբը Արագածոտնի մարզում է, որտեղ երեկ՝ հունիսի 19-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով մահացել է երկու անձ, ևս մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Տեղացիներից շատերն են ճանաչում մահացած երիտասարդներին։ Ասում են՝ Համիկը և Տիգրանը «Գնթունիքի» աշխատողներ են։ Համիկը նաև 44-օրյա պատերազմի մասնակից է։

«Հոյակապ տղաներ էին։ Աշխատանքից հետո իմացա, շատ վատ զգացի, իրենց ծնողներն են հրաշալի մարդիկ են, իրենք էլ շատ համեստ տղաներ էին, ընկերներ էին։ Լսել եմ, որ իրենց սպանողները Ապարանից են, բայց Երևան են ապրում, հաստատ չեմ կարող ասել»,- հուզված պատմեց ապարանցիներից։

Մեկ այլ ապարանցի ասաց․

«Սա շատ վատ երևույթ է, խելքի չենք գալիս, սենց բան չենք տեսել։ Կրակող են, թող գնան համապատասխան վայրում կրակեն, հայը հային ո՞նց է կրակում։ Համիկը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Մենք մեծ վիշտ ենք ապրում»։

Նկատենք նաև, որ տեղացիներից ոչ ոք կրակողներին չի ճանաչում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Հունիսի 19-ին, ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։

Ըստ մամուլի հրապարակումների, կրակողները ՔՊ-ականների հարազատներն են։ Politik.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։  

Ըստ աղբյուրի՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ