15 06 2022

Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի իրական հենարանը Հայաստանում․ Zham.am

Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի իրական հենարանը Հայաստանում․ Zham.am

Zham.am-ը գրում է․ Վերջերս անհայտ անձը պղծել էր Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը։ Արձանը կոտրող քաղաքացին` Երևանի բնակիչ Կարեն Խաչատրյանը, դրան հաջորդող օրերին եկել էր «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն եւ պատմել, թե ինչու է նման բան արել:

Պարզվում է, որ այս անձնավորությունը գաղափարական հիմքի վրա է կատարել այդ հանցագործությունը: Դեռ ավելին, ըստ նրա,   «...Լեոնիդ Ազգալդյանի արձանը վնասել է, քանի որ նրա ու նրա նմանների երեսից է հայ  ազգն էս օրին հասել...»: 

Շարունակելով իր միտքը, այս քաղաքացին նշել է բառացի հետևյալը. 

«...Ես հարգում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ պնդում, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում այսօր Նիկոլ Փաշինյանը դրանում որևէ մեղավորություն չունի՝ մեղավորն 88-ին հրապարակ դուրս եկած մարդիկ էին...:

90-ականներին անիմաստ ավազակային հարձակում սկսեցին մեր հարևան պետության դեմ: 30 տարի զավթել ենք նրանց հողերը, հիմա էլ դրա պատասխանն ենք տալիս: Ես արդարության կողմնակիցն եմ, ով արդար է՝ նրան եմ պաշտպանում: Բացի այդ ուզում եմ ասել, որ այդ Հայրենիքի դավաճան Ազգալդյանի պատճառով մեր հայ ազգը տառապում է մինչ օր: Ադրբեջանը մեզ ի՞նչ թշնամի, ի՞նչ վատ բան է արել մեզ: Հող են գրավե՞լ, ի՞նչ են արել, սպանություննե՞ր են արել, ի՞նչ վատ բան են արել մեզ: Էս վերջում էլ իրենց հողերն են ազատագրել, կարո՞ղ ա մեր հողերն են գրավել: Հայ ազգի դավաճանները զավթել են Ադրբեջանի հողերը, մեզ կրակը գցել...»:

Нет описания.

Վերջում այդ քաղաքացին  հայտարարել էր, թե  Արցախը Ադրբեջանինն է և ինքը հարգում է Նիկոլ Փաշինյանի տեսակետը: Բայց, ըստ այդ քաղաքացու, Հայաստանի իրավապահ մարմինները չեն կիսել իր այդ տեսակետները և բողոքել է, որ փաստացի երկրի պատկան մարմինները, իրականում թաքնված ընդդիմություն են Նիկոլ Փաշինյանին:

Այս ամենը  կատակ չէ, սա մեր այսօրվա իրականությունն է: Մարդը օրը ցերեկով հանդես է գալիս հակապետական տեսակետներով և հպարտ է դրա համար: Միաժամանակ խոստովանելով, որ հենց այդ տեսակետների համար էլ աջակցում է Նիկոլ Փաշինյանին:

Ասել, որ մենք գործ ունենք մի շարքային անմեղսունակի հետ, նշանակում է ոչինչ չասել: Քանզի այդ մարդը անվճար կրկնում է այն, ինչ քարոզում են հարևան Ադրբեջանում: Իսկ դա նշանակում է, որ մեր հանրության մեջ կա այդ զանգվածը, որը փաստացի մեր հարևան երկրի հինգերրոդ շարասյան դերն է կատարում: Նա միգուցե չի գիտակցում դրա մասին, բայց դա այսօր այդքան էլ էական չէ: Այդ քաղաքացին ճիշտ է հասկացել Փաշինյանի բոլոր հրապարակային մեսիջները:

Հենց այդ շերտն էլ լռելյալ աջակցում է Փաշինյանին: Բայց արդյո՞ք միայն այդ մարդն է մեղավոր նման գաղափարներ ունենալու համար: Իհարկե՝ ոչ: Անցած 30 տարիների ընթացքում, ի՞նչ է արել պետությունը, որ նման քաղաքացիներ չունենար: Ի վերջո պետությունն է ազգի կազմակերպման այն բարձրագույն ձևը, որը միաժամանակ կրթում է իր քաղաքացուն, դարձնում նրան գիտակից մարդ:

Իսկ, երբ աշխատանքը բացակայում է, մենք ստանում ենք նման դեպքեր: Այս դեպքերին քաղաքացի անվանել չի կարելի, քանզի դրանով մենք կվիրավորենք մյուս իրական քաղաքացիներին, ովքեր ֆորմալ տեսանկյունից ունեն այդ «դեպքերի»  հետ նույն իրավունքները:

Իրենց տարբերությունը կայանում է նրանց բովանդակության մեջ:

Դեռ անգլիական բողոքականության, այսպես կոչված, «հավատքի սիմվոլի» մեջ բացատրվում էր այն թեզը, թե մարդիկ, ովքեր արտաքուստ իրար նման են, իրականում իրենց բովանդակությամբ բաժանվում են երկու մասի: Մի մասը իրոք որ «մարդ են», իսկ մյուսները,՝ մարդկային կերպար ունեցող «կենդանիներ»։ 

Այդ բաժանման իմաստը կայանում էր նրանում, որ անգլո-սաքսերը դրանով փորձում էին հիմնավորել այն թեզը, որ իրենց հանրության մի մասն իրականում ոչ թե մարդիկ  են, այլ մարդկային դեմքով «կենդանիներ», որոնք իրականոքւմ չպիտի ունենան հավասար իրավունքներ իրական մարդկանց հետ:

Այդ թեզով Անգլիան երկար տարիներ ապրեց, կրթեց իր հանրության անգիտակից հատվածին և դրանից հետո միայն կիրառեց համընդհանուր հավասարության սկզբունքը, որը գործում է մինչ այսօր:

Մինչդեռ մեր  երիտասարդ պետությունը ոչ միայն չկրթեց իր քաղաքացիներին, այլև չգիտակցեց նույնիսկ դրա անհրաժեշտությունը:

Այդ իսկ պատճառով էլ մենք ստացանք այն, ինչ ունենք այսօր: Եթե այսօր չգիտակցենք այս իրավիճակի լրջությունը, ապա վաղը կստանանք, ոչ թե 4000, այլ 40000 հազար զոհ և զոհասեղանի վրա էլ դրված կլինի, ոչ թե միայն Արցախը, այլ ողջ Հայաստանը:

Սա է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ