14 06 2022

Նիկոլիզմը սրբվելու է մեր երկրից. Մենք վերագտնելու ենք մեր արժանապատվությունը․ Իշխան Սաղաթելյան



Հատված Իշխան Սաղաթելյանի՝ Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթից․

«Սիրելի՛ հայրենակիցներ, պատասխանատվության մասին։ Շատ է խոսվում` ով կամ ովքեր են այս շարժման պատասխանատուները, որոշումներն ինչպես են կայացվում, չհաջողելու դեպքում ով է պատասխանատվություն կրում։ Նախ` չհաջողելու տարբերակ չունենք, և բոլոր նրանք, ովքեր արդեն նշանակել են մեղավոր և պատասխանատու, նրանց խոր հիասթափություն է սպասվում։ Թող գնան և պատռեն այդ տեքստերը և ուրիշ բան մտածեք։ Այս շարժումը չհաջողելու տարբերակ չունի։

Առաջին օրվանից այս հարթակից ասել ենք, որ մենք այս Շարժման և՛ զինվորն ենք, և՛ առաջամարտիկը, ամբողջական պատասխանատվություն ենք կրում այս գործընթացների համար, այդ պատասխանատվությունն է մեզ բերել այս հրապարակ։ Այդ պատասխանատվությունն ունի հասցե և անուն-ազգանուն, մենք, իսկ տվյալ դեպքում`  ես և՛ քաղաքական, և՛ անձնական պատասխանատվություն ունեմ այս շարժման ելքի համար:

Իմ համար ավելի մեծ պատասխանատվություն, քան այս հրապարակում հերոս կորցրած ծնողների աչքերին նայել և այս պայքարը առաջ մղել, գոյություն չունի։ Ես պատասխանատու եմ ամեն օր այս հրապարակ եկող 80-ամյա պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի առջև։ Նրանից այն կողմ պատասխանատվություն չկա։ Ամեն անգամ, երբ նայում եմ նրա աչքերին, տեսնում նրա պայքարը… Իհարկե, պատասխանատու եմ նրա առջև, նրա նման հարյուրավորների առջև։ Դրանից մեծ պատասխանատվություն չկա։

Այդ պատասխանատվությունն է մեզ բերել հրապարակ, ու դա տանելու ենք մինչև վերջ և պատվով։

Ուզում եմ խոսել նաև մեր բանտարկված ընկերների մասին։ մենք իրենց տեր ենք ոըւ իրենց կողքին ենք։ Իրենք մի ուղերձ ունեն՝ պայքարը տանել մինչև վերջ։

Այո, ճիշտ է, նրանք այսօր բանտարկված են, բայց ձեզ վստահեցնում եմ՝ նրանք շատ ավելի ազատ են, քան ԱԺ-ում նստած` Նիկոլի որոշ ուսապարկերը, կառավարական շենքերում դրված նախարարները և նույնիսկ իրենց վրա ճաղավանդակի դուռ փակող քննիչները, դատավորներն ու ոստիկանները։

Այս հրապարակից բոլորին կոչ եմ անում, բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր օրակարգը, բայց մեզ հետ չեն՝ միացե՛ք մեր պայքարին։ Կամ ստեղծեք պայքարի ձեր օջախները։ Մենք ձեզ միայն աջակցելու ենք։ Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած նախաձեռնության, ցանկացած խմբի կամ ուժի, որը կիսում է ժողովրդի օրակարգը՝ հայ մնալու օրակարգը, Արցախը հայկական պահելու օրակարգը, Հայաստանն ինքնիշխան պահելու օրակարգը։ Այո, մենք պատրաստ ենք աջակցել բոլոր նրանց, ովքեր կարող են պայքարել առանց Նիկոլ Հայաստան ունենալու համար, բայց ինչ-որ պատճառով այս հարթակում չեն։

Սիրելի՛ հայրենակիցներ

Սա նաև լույսերի շարժում է։ Վսհահեցնում եմ՝ լույսը հաղթելու է չարիքին ու խավարին։ Ժողովուրդը հաղթելու է, նիկոլիզմը սրբվելու է մեր երկրից։ Մենք վերագտնելու ենք մեր արժանապատվությունը։ Հայաստանը, ինչպես այս հրապարակում է, դառնալու է ձեզ նման եղբայրների ու քույրերի երկիր։ Հայաստանը դառնալու է ուժեղ, արդար երկիր։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ