14 06 2022

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց նոր մարտավարությունը



Հատված Իշխան Սաղաթելյանի՝ Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթից․

«Շարժման անելիքները և դրանց ուղղված գործնական քայլերը պետք է բխեն առաջադրված նպատակներից ու խնդիրներից։ 

Շարժման հետագա ծավալման արդյունքում պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի՝

ա) կանխենք կենսական զիջումներ պարտադրող կապիտուլյացիոն նոր պայմանագրի ընդունումը՝ բացառելով առանց ժողովրդի անմիջական մասնակցության որևէ համաձայնության կայացում,

բ) հասնենք Նիկոլի հեռացմանը՝ հրաժարականի կամ  պաշտոնանկության միջոցով։ 

Պայքարը այս երկու ուղղություններով պետք է ընթանա զուգահեռ և լինի փոխլրացնող։

Շարժման որակական և քանակական մակարդակն է, որ, ի վերջո, կանխորոշելու է մեր պայքարի արդյունավետությունը։ Հետևաբար, թիրախային, հստակ պլանավորված քայլերով և գործողություններով պայքարը պետք է շարունակվի՝ որոշակի փոփոխություններ կատարելով պայքարի ձևերի ու եղանակների մեջ։ 

Այս առումով առաջիկա մեր անելիքներն ու գործնական քայլերը միտված են լինելու հետևյալին.

  1. Ամենշաբաթյա միջոցառումներ, այդ թվում՝ փողոցային ակցիաներ, ոլորտային և թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, ժողովրդային հանդիպումներ, շաբաթական առնվազն 1 մարզային այց, 1 մեծ հանրահավաք և փողոցային ակցիաներ:
  2. Շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումների ձևավորում, այդ թվում` Արցախում և Սփյուռքում:
  3. Հանրության լայն շերտերի, այդ թվում` գիտական, կրթական, հոգևոր-մշակութային, գյուղացիության, բիզնես շրջանակների, երիտասարդության հետ հետևողական աշխատանք:
  4. Հստակ չափորոշիչների վրա հիմնված կադրային բանկի ձևավորում, հատկապես` նոր սերնդից, նաև Սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմամբ։
  5. Մարզերոմ շարժման կորդինացիոն խորհուրդների ձևավորում:
  6. Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ ծրագրավորված աշխատանքներ։
  7. Ապօրինաբար ձերբակալված և կալանավորված` շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկում։

Փողոցային պայքարը շարունակվում է փոքր-ինչ այլ ինտենսիվությամբ, բայց, դրան զուգահեռ գիշեր-ցերեկ քայլեր ենք ձեռնարկում Շարժումը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ընդլայնելու ուղղությամբ։

 

Սակայն պետք է պատրաստ լինենք, որ առաջիկայում կարող են տեղի ունենալ շատ վճռորոշ զարգացումներ, և Շարժումը պետք է ունակ լինի օպերատիվ ու արագ արձագանքի և հակազդելու, ունենա համապատասխան լծակներ ու հնարավորություններ: Ըստ այդ զարգացումների` մենք կարող ենք կրկին վերադառնալ 24 ժամվա ռեժիմի:

 

Միաժամանակ, մեր հիմնական օրակարգում պահելով Նիկոլի հրաժարականի հարցը, հարկ է նկատի ունենալ, որ օգոստոսի 2-ին լրանում է նրա պաշտոնավարման մեկ տարին, և նրան աթոռից հեռացնելու մեր գործիքակազմին ավելանում է ևս մեկը։ Հետևաբար, երկու ուղղություններով նախապատրաստական աշխատանքներ սկսելու հարց ունենք՝

  1. պաշտոնանկության հիմքերի ամբողջացում (իրավական-քաղաքական), դրա հանրային համաժողովրդական պահանջի դրսևորում,
  2. ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում՝ ի բավարարումն օրենքով սահմանված`  անվստահություն հայտնելու նախապայմանի։

Այս մասին, սակայն, ավելի մանրամասն ու հանգամանալից խոսելու առիթ դեռ կունենանք»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ