23 05 2022

Առաջիկա օրերին Հայաստան - Ադրբեջան սահմանին տեղի կունենա սահմանագծման հանձնաժողովի առաջին նիստը

Առաջիկա օրերին Հայաստան - Ադրբեջան սահմանին տեղի կունենա սահմանագծման հանձնաժողովի առաջին նիստը

Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, երեկ Բրյուսելում հայտարարեց Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո: Թե կոնկրետ երբ և սահմանի որ հատվածում է լինելու այդ հանդիպումը` եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան չհստակեցրեց:

«Քննարկումը բաց էր և արդյունավետ, մենք դիտարկեցինք հարցերի մի ամբողջ շրջանակ: Մանրամասն քննակեցինք մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածներին ազատ արձակելու ջանքերը և անհետ կորածների ճակատագրերը: Հետևյալ արդյունքներին ենք հասել. սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին, այն կքննարկի սահմանագծման և սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը», - ասաց Միշելը:

Սա Միշել - Փաշինյան - Ալիև ձևաչափով արդեն երրորդ հանդիպումն էր Բրյուսելում, որը մեկնարկեց երեկ երեկոյան և ավարտվեց կեսգիշերն անց: Բանակցություններից հետո ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի առաջնորդները լրագրողների հարցերին չպատասխանեցին: Կարճ հայտարարություն արեց միայն Եվրոպական խորհրդի ղեկավարը, տեղեկացնելով` կողմերն ընդհանուր հայտարարի են եկել նաև տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ:

«Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը, և պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը` Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Հայաստանի տարբեր հատվածներից դեպի Ադրբեջան, ինչպես նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների և տարանցման տուրքերի շուրջ», - նշեց Շառլ Միշելը:

Եվոպական խորհրդի ղեկավարը չհստակեցրեց` կոնկրետ ինչ սկզբունքներ են գործելու, միայն նշեց, որ փոխվարչապետերը պետք է առաջիկա օրերին է՛լ ավելի զարգացնեն Բրյուսելում իրենց առաջնորդների միջև ձեռք բերված այս պայմանավորվածությունները:

Նախորդ անգամ` անցած ապրիլի հանդիպմանն էլ կողմերը հայտարարեցին, թե համաձայնել են գնալ խաղաղության նախապատրաստման, ընդ որում` արագ տեմպերով: Անցած մեկ ամսում, սակայն, այդ ուղղությամբ որևէ առաջընթաց հայտնի չդարձավ: Հակառակը, մինչև վերջերս կողմերը հեռակա բանավիճում էին` ինչ սկզբունքներ են լինելու խաղաղության ապագա պայմանագրի հիմքում; Բաքուն, մասնավորապես, առաջարկել է սեփական հինգ կետերը` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմամբ, Հայաստանն էլ՝ հակադարձել` դեմ չէ, բայց համապարփակ կարգավորման համար պետք է նաև Ղարաբաղի կարգավիճակի, այնտեղ ապրող հայերի անվտանգության ու իրավունքների հարցերը քննարկվեն: Օրեր առաջ Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, թե Բաքուն հայկական կողմի առաջարկը դեռ չի ընդունել: Այս ուղղությամբ որևէ առաջընթացի մասին չհաղորդվեց նաև երեկվա երկարատև բանակցություններից հետո: Շառլ Միշելը միայն իր սեփական տեսակետը շեշտեց. - «Ես ընդգծեցի երկու կողմի համար, որ իմ համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի»:

Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև ընդգծել է` կարևոր է ժողովուրդներին նախապատրաստել կայուն խաղաղության, շեշտելով` Եվրամիությունը պատրաստ է ակտիվացնել աջակցությունն այս ուղղությամբ: Ըստ Միշելի, Փաշինյանն ու Ալիևը խոստացել են պահպանել սերտ շփումներն ու նույն` եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում էլ անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ