15 11 2016

Որտե՞ղ կուղղվեն համահայկական դրամահավաքի միջոցները

Որտե՞ղ կուղղվեն համահայկական դրամահավաքի միջոցները

Նոյեմբերի 16-ից 20-ը «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն անցկացնում է իր 17-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որին ավանդաբար մասնակցում են նաև Գերմանիայի և Շվեյցարիայի տեղական մարմինները:

Դրամահավաքի հասույթը կուղղվի ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերի օգնությանը, Հայաստանի Տավուշի մարզում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի շարունակական զարգացմանը:

Հունաստանի տեղական մարմինն էլ դրամահավաքին կմիանա նոյեմբերի 19-ից 20-ը Աթենքում անցկացվելիք հեռախոսամարաթոնով և ստացված հասույթով կհամաֆինանսավորի Արցախի Քարին Տակ գյուղի մանկապարտեզի կառուցումը:

Հեռախոսամարաթոն 2016-ի կնքահայրն է Ֆրանսիայում հայտնի լրագրող և հաղորդավար Նիկոս Ալագասը, կնքամայրը՝ ֆրանսիական Revue des Deux Mondes ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանը, ովքեր համախմբման և ակտիվ մասնակցության կոչով կդիմեն եվրոպաբնակ մեր հայրենակիցներին: Շուրջ 600 կամավորներ էլ Փարիզ, Լիոն, Մարսել և Տուլուզ քաղաքներից մարաթոնի հինգ օրերի ընթացքում հեռախոսազանգերով կդիմեն հայ ընտանիքների ու կազմակերպությունների՝ հորդորելով սատարել Արցախի, Հայաստանի ու Սիրիայի մեր հայրենակիցներին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված ավելի քան 1.3 միլիոն եվրո գումարն ուղղվել է Հայաստանի Տավուշի մարզում գյուղատնտեսական ծրագրերի իրագործմանը, Արցախի գյուղական համայնքներում համայնքային կենտրոնների կառուցմանը և ծանր վիճակում հայտնված սիրիահայերի ու իրաքահայերի օժանդակությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ