16 05 2022

Վայր, որտեղ իրականությունը հեքիաթ է դառնում․ «Երևան պարկ»-ը 1 տարեկան է



Մեկ տարի առաջ՝ 2021 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքում բացվեց տարածաշրջանում նմանը չունեցող «Երևան պարկ»-ը։ Մեկ տարվա ընթացքում այն հասցրել է դառնալ և մանուկների և մեծահասկաների և Հայաստան ժամանած զբոսաշրջիկների սիրելի ժամանցի վայրը։

Հիմնադրման մեկ ամյակի առիթով «Երևան պարկ»-ում գույները բազմապատկվել էին՝ հեքիաթների հերոսներով, ծաղրածուներով, ժամանցային շոու ծրագրերով։ Իսկ գերժամանակակից, մանկական, ընտանեկան և էքստրեմալ ատրակցիոնները լիովին ապահովում են հյուրերի ժամանցը «Երևան պարկ»-ում՝ հնարավորություն տալով զգալ ինչպես հեքիաթում։

Լրագրողների հետ զրույցում պարկի տնօրեն Գագիկ Նուշիկյանը հայտնեց, որ շուրջ 200 ծնողազուրկ, անապահով ընտանիքներից երեխաների հյուրընկալել են՝ անվճար օգտվելու պարկի ծառայություններից։

«Նման այցերը մեզ մոտ կրում են մշտական բնույթ, քանի որ շատ կարևորում ենք կազմակերպության սոցիալական պատասխանատվությունը։ Շատ ենք ուզում մեր փոքր ներդրումն ունենալ այդ երեխաների երջանկության և զարգացման մեջ։ Մենք  մեր առջև «Երևան պարկ»-ը հիմնադրելիս դրել ենք մի քանի նպատակ, որոնցից առաջին ու կարևորը ուրախություն պարգևելն էր, որին լիարժեք հասել ենք։ Այստեղ շրջելուց տեսնում ենք, որ կարծես՝ բոլորը իրականությունից կտրված լինեն»,- ասաց Գագիկ Նուշիկյանը։

Նա նշեց, որ այս պահին պարկում գործում է թվով 24 ատրակցիոններ, սակայն դրանք համալրվելու են առաջիկա տարիներին։

Իսկ «Երևան պարկի» հիմնադիր Գարեգին Նուշիկյանը նշեց, որ նպատակը եղել է կառուցել այնպիսի վայր, որով ՀՀ-ն կարող է ներկայանալի լինել ողջ աշխարհին․ «Սա էլ մի փոքր ներդրում է մեր կողմից։ Շատ զբոսաշրջիկներ են մեզ այցելում և հիմնականում մեծ մասը շատ տպավորված է և շատերի համար անսպասելի է այսպիսի վայր տեսնելը մեր երկրում։ Մենք ամբողջ տարածքի  դեռ մեկ երրորդն ենք կառուցել, ունենք հյուրանոցային համալիրի կառուցման ծրագիր, ինչպես որ բոլոր աշխարհի քիչ թե շատ ճանաչված պարկերում են։ Պլանավորում ենք մոտակա տասը տարվա կտրվածքով ավարտենք ծրագիրը, եթե իհարկե մեր երկրում լինի խաղաղություն, համերաշխություն՝ մեր հասարակության մեջ և մենք բոլորս լծվենք մեր երկրի շենացմանը»,- ասաց պարկի հիմնադիրը։

Գարեգին Նուշիկյանը նաև հայտնեց, որ պարկն այժմ 300-350 աշխատող ունի, իսկ ծրագրի ավարտից հետո մոտ 1000 մարդու համար աշխատատեղ կստեղծվի։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ