25 04 2022

Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող առանձնատան վրա կեղծ հասցե է փակցված․ civilnet.am

Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող առանձնատան վրա կեղծ հասցե է փակցված․ civilnet.am

Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող Ջրվեժի առանձտան վրա, որտեղ որոշ ժամանակ բնակվում էր նաև ԱԺ նախագահը, փակցված է կեղծ հասցե։ Տան վրա նշված հասցեն է «Եռագույն փ. 1», սակայն այդպիսի հասցե Ջրվեժում գոյություն չունի. գրում է civilnet.am-ը։

2017-ին Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ թեկնածուներից Զարուհի Փոստանջյանը Ավան վարչական շրջանում նկատել էր, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատան հասցեն «գոլդ է»՝ 77/7։ Մարգարյանի առանձնատան կողքի տները զույգ թվերով էին. Բաբաջանյան փ. 20տ-ի կողքին քաղաքապետի առանձնատունն էր՝ Բաբաջանյան 77/7 հասցեով։

Մարգարյանին չէր մոռացել նաև այդ ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի թերթը՝ «Հայկական ժամանակը»:

«Պարզվում է, սակայն լինում են նաև «գոլդ» համարներով տան հասցեներ: Դա, ավտոմեքենաների համարանիշների համեմատ մի քանի մակարդակ բարձր շքեղություն է, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ»,- գրել էր «Հայկական ժամանակը»։

Այս միտումը, փաստորեն, ոչ միայն չի վերացել նախկինների բարքերն ու վարքերը մերժող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, այլ ստացել է խորհրդանշական տեսք։ Օրինակ՝ Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանողը առանձնատունը ոչ ավել, ոչ պակաս «Եռագույն փ. 1» է նշված։

Ավելի վաղ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ուսումնասիրել էր այդ առանձնատան կադաստրային գործը։ Ըստ այդմ՝ Սիմոնյանի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը, առանձնատան հիմնական գնորդն է, իսկ եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, առքուվաճառքի և հիփոթեքի պայմանագրում նշված է որպես համավարկառու։

Այդ տան կադաստրային հասցեն է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Այգեգործական զանգված 2-րդ թաղամաս թիվ 1 այգետնակ։ Առանձնատունն ունի 467,7 քմ մակերես, իսկ հողամասի մակերեսը կազմում է 1 030 քմ։ Երբ Ալեն Սիմոնյանի ու նրա ընտանիքի գույքային գործարքները հայտնվեցին հանրային ուշադրության կենտրոնում, այդ ժամանակ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Սիմոնյանն անգամ այս տան ֆոնին հարցազրույց էր տալիս։

Կադաստրի կոմիտեի բազայում «Եռագույն» հասցե գոյություն չունի։ ՍիվիլՆեթը դիմեց Ջրվեժի համայնքապետարան՝ խնդրելով պարզաբանել հարցը։

«Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված Ջրվեժ բնակավայրում «Եռագույն» անունը կրող փողոց չկա, ինչով էլ պայմանավորված Ձեր կողմից նշված այգետնակը նշված փողոցում չի կարող գտնվել»,- պատասխանեցին համայնքապետարանից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ