7or.am-ը գրում է․
Բրյուսելում Շարլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան–Ալիև բանակցություններն ամբողջությամբ անցել են ադրբեջանական օրակարգով։ Այդ մասին են վկայում բանակցությունների արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրությունները։
Հաղորդագրություններում որևէ խոսք չկա Արցախի մասին, որևէ խոսք չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության մասին, որևէ խոսք չկա Արցախում հրադադարի ռեժիմի խախտումների մասին, որևէ խոսք չկա Արցախում հումանիտար աղետի, մասնավորապես՝ գազամատակարարման խոչընդոտման մասին։
Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են աշխատանքներ սկսել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքման շուրջ, ինչպես նաև իրականացնել սահմանագծում ու սահմանազատում։
Հիմա արդեն բոլորի համար պետք է պարզ դառնա, թե ինչու էր բրյուսելյան հանդիպումից առաջ Ադրբեջանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգն ուռճացնում Նիկոլ Փաշինյանը։ Նա գիտեր, որ ադրբեջանական օրակարգն է սպասարկելու և Բրյուսելում համաձայնելու է Ալիևի բոլոր պահանջներին։ Գիտեր ու դրա համար էլ ուռճացնում էր պատերազմի վտանգը, որպեսզի հետո արդարացնի իր զիջումները՝ «Պատերազմ եմ կանխել ու կյանքեր եմ փրկել» էժանագին դեմագոգիայի միջոցով։
Նկատենք, որ բացի հրապարակվածից, բրյուսելյան բանակցությունները ևս մի քանի արդյունքներ են արձանագրել, որոնք կրկին ձեռնտու են Ադրբեջանին։
Ինչպես հայտնի է, Թուրքիան ու Ադրբեջանը բազմիցս պնդել են, որ Հայաստանը պետք է ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ։ Նկատի ունեին՝ Ռուսաստանի դերի նվազեցումն ու հետագայում զրոյացումը։ Բրյուսելում այդ ուղղությամբ հսկայական քայլեր արվեցին։
Ռուսաստանին հայ–ադրբեջանական գործընթացից ու հարավկովկասյան տարածաշրջանից դուրս մղելու հարցում 100 տոկոսով համընկնում են կոլեկտիվ Արևմուտքի, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Այդ շահերին համահունչ է դարձել նաև Նիկոլ Փաշինյանի անձնական շահը, որը հույս ունի, որ թուրք–ադրբեջանական օրակարգը սպասերկելով՝ կկարողանա պահել աթոռը։ Դա է պատճառը, որ Փաշինյանը համաձայնել է Ալիևի հետ ուղիղ բանակցություններ վարելու Էրդողանի ու Ալիևի պահանջներին։ Շարլ Միշելն էլ իր հերթին նպաստել է այդ ուղիղ բանակցություններին՝ ՌԴ–ի դերակատարման նվազեցման նպատակով։
Մյուս արդյունքը որի մասին լռում է պաշտոնական հաղորդագրությունը՝ սահմանազատման ու սահնամագծման աշխատանքների իրականացումն է ադրբեջանական սցենարով։
Ամիսներ առաջ Փաշինյանն առաջարկել էր զորքերի հայելային հետքաշում, միջազգային ուժերի տեղակայում ու միայն այդ պայմաններում սահմանագծման, սահմանազատման աշխատանքների իրականացում։ Դա մերժվել է, բայց նիկոլենք լռում են դրա մասին։ Սահմանների հստակեցման ադրբեջանական մոդելը նշանակում է, որ մեր թշնամի պետության զորքը մնալու է իր գրաված տեղերում՝ Հայաստանի տարածքում ու հաստատ դուրս չի գալու այդտեղից։ Էլ չխոսած՝ առաջ գալու մասին։
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը համաձայնել է ադրբեջանական բոլոր պայմաններին ու մեր երկիրը տանում է նոր պարտության։ Նա Ալիևի «ղազն» է ու պարբերաբար ղազագրեր է ստորագրում։ Հետևաբար՝ Նիկոլին քաղաքական բոլոր միջոցներով հեռացնելը ՀՀ յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու և հայաստանակենտրոն քաղաքական ուժերի թիվ մեկ գործն է։
Հայկ Ուսունց
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը