23 03 2022

Վիրավորանքի քրեականացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ազատ արտահայտման իրավունքի վրա․ ԵՄ դեսպան

Վիրավորանքի քրեականացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ազատ արտահայտման իրավունքի վրա․ ԵՄ դեսպան

Զրպարտության կամ վիրավորանքի քրեականացումը կարող է լուրջ՝ «սառեցնող ազդեցություն» ունենալ ազատ արտահայտման իրավունքի վրա, հղում անելով ԵԽ նախադեպային իրավունքին՝ «Ազատության» հարցման ի պատասխան ասաց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, շեշտելով հատկապես, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ պետություն է։

Ազատ արտահայտման իրավունքը խոչընդոտող օրենքը պետք է շատ կոնկրետ և հստակ սահմանափակում պարունակի, որպեսզի այն իրավաբանորեն կանխատեսելի և հստակ լինի, նշել է դեսպանը։

«Ամենակարևոր հարցն այն է, թե արդյո՞ք այդ օրենքը կկիրառվի ժողովրդավարական և ոչ կամայական սկզբունքով՝ օբյեկտիվ չափանիշների հիման վրա և արդյո՞ք այն կլինի անկախ դատական վերահսկողության տիրույթում, որտեղ դատավորները կդիտարկեն սանկցիայի համաչափությունը։ Եթե վիրավորանքը հավասարվի ատելության խոսքի, որը կարող է հանգեցնել բռնության օրինականացման, տարածման կամ խթանման, ռասայական ատելության, այլատյացության, հակասեմիտիզմի կամ անհանդուրժողականության վրա հիմնված խտրականության կամ ատելության այլ ձևերի, այդ պարագայում՝ պատժամիջոցները կամ սահմանափակումները կարող են ավելի խիստ լինել», - ասել է Անդրեա Վիկտորինը։

«Ազատության» հարցին, թե կիսո՞ւմ է արդյոք ծանր վիրավորանքի քրեականացման հետ կապված տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մտահոգությունները, դեսպանը պատասխանել է, որ Եվրամիությունը՝ բրյուսելյան իր գործընկերների հետ ուշադրությամբ հետևում է իրավիճակին և իրականացնում է սեփական իրավական վերլուծությունը։

Դեսպանը նաև տեղեկացրել է, որ ընդհանուր խորհրդակցություն են ունեցել Գլխավոր դատախազի հետ և ոչ միայն ծանր վիրավորանքը քրեականացնելու մասին օրենքի շուրջ։ «Մենք խոսեցինք մի շարք խնդիրների մասին և շատ խորը և հանգամանալից քննարկում ունեցանք։ Համոզված եմ, որ նա շատ լուրջ է վերաբերվում այդ հարցին», - եզրափակել է Անդրեա Վիկտորինը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ