23 03 2022

Շըփթըփ ռեժիմով․ ԱԺ-ն քառօրյան սպառեց երկու օրում

Շըփթըփ ռեժիմով․ ԱԺ-ն քառօրյան սպառեց երկու օրում

Հայաստանի Ազգային ժողովը հերթական նիստերի աշխատանքը ավարտեց։

Երկու օրում խորհրդարանը սպառեց օրակարգում առկա բոլոր հարցերը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն փակ նիստում խորհրդարանը քննարկել է «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը, որը հեղինակել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, և որին միացել էին նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Ընդդիմության կողմից առաջարկված հայտարարության տեքստը չի ընդունվել:

Քննարկվել է նաև ընդդիմության առաջարկած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նրանք առաջարկում էին ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով: Այս նախաձեռնությունը ևս չի ընդունվել:

Օրակարգում ներառված էին նաև հետևյալ հարցերը.

- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,

- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին,

- «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

- «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին,

- «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին,

- «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին և այլ հարցեր:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ