23 01 2018

Գնաճը, գոյական է, որը նշանակում է գների աճ, բայց… Արթուր Ջավադյան



2017 թվականի գնաճային իրավիճակին և դրա զարգացումներին Ազգային ժողովի լսումների ժամանակ անդրադարձավ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով՝ 2017 թվականը գնում էր ցածր գնաճային միջավայրով, որը Կենտրոնական բանկն իր քաղաքականությամբ աստիճանաբար մոտեցնումէ նպատակայինին:

2017 թվականի առաջին եռամսյակում ԿԲ-ն շարունակել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մեղմելով գնանկումային միջավայրում: Տարեկան գնաճը գրեթե համընկել է կանխատեսումներին և կազմել է 2,6 տոկոս, որը թույլատրելի միրջակայքի ստորին սահմանին մոտ է: Արթուր Ջավադյանը ուշադրություն հրավիրեց տարածաշրջանի մյուս երկրների գնաճի ցուցանիշներին: Այդպես. Վրաստանում 2017 թվականին գնաճը կազմել է 6,7 տոկոս, Ադրբեջանում՝ 7.9 տոկոս, ՌԴ-ում՝ 2.5, Ուկրաինայում՝ 13.7 տոկոս, Մոլդովայում՝ 7,3տոկոս, Թուրքիայում՝ 19.9տոկոս, Իրանում՝ 10 տոկոս: Ջավադյանն խոսքով՝ երկու տարի շարունակ գնաճային սպասումները նվազել են, ինչը կարևոր երևույթ է։

ԱԺ-ում թանկացումների վերաբերյալ լսումների ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ո՞րն է մեթոդաբանությունը, որով ստացվել է ԿԲ-ի և ԱՎԾ-ի գնահատականով 2.6 տոկոս գնաճ՝ 2017-ի համար.

«Կարագ սերուցքային գինն աճել է 41 տոկոսով, խոզի բուդ՝ 38 տոկոսով, խոզի միս՝ 36 տոկոսով, միս գառան՝ 28 տոկոսով, կարտոֆիլ՝ 28 տոկոսով, Կա գնանկումների ցանկը՝ խառը կանաչի՝ -40 տոկոս, սխտոր-22 տոկոս, հնդկացորեն -21.9, կանաչ սոխ -18.2 տոկոս, տաքդեղ՝ -12.1: Ճի՞շտ եմ հասկանում, որ մի նժարին դրել ենք թանկացումները, մյուս նժարին դրել ենք էժանացումները և ստացել ենք մի հատ թիվ ու ստացվում է, որ ՀՀ քաղաքացին ներկա գնաճի պայմաներում ստանալով 200 հազար դրամ, ամսական ծախսի տարբերությունը ստացում է մոտ 5000 դրամ»: Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ մեթոդաբանությունը ԱՎԾ-ինն է, որի տակ հիմք են ընդունվել բոլոր միջազգային կառույցների կողմից տված մեթոդները: Նա ասաց, որ կարագը, մսերի տեսակները թանկացել են.

«Կարագի համար առանձին ուսումնասիրություններ են կատարվել և հայտարարություն եղել է, դեռ մայիս-հունիսին հրապարակվեց մի քանի զեկույց Առողջապահության համաշխարհային կազմակերպության և մի քանի ինստիտուտների կողմից»:

Ջավադյանը նաև բացատրեց, թե ինչ է գնաճը:

 «Գնաճը, ճիշտ է, գոյական է, որը նշանակում է գների աճ, բայց բացի դրանից, գնաճը սպառողական ինդեքսների տարբերության մակարդակն է: Եթե մենք խոսում ենք այդ գնաճի մասին, այո 2.6 տոկոս է այն կազմել»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ