Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ՀԱՊԿ ռազմական կոմպոնենտի զարգացման առումով բավական աշխատանք է կատարվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք փաստ էր՝ երբ խնդիրը վերաբերել է Հայաստանին, իրենք ոչ մի բան չեն արել, բացի քննարկումներ կազմակերպելուց։ Երբ խնդիրը վերաբերել է այլ հատվածներին, միջինասիական տարածաշրջանին, միանգամից այդ մեխանիզմն աշխատել է։ Եվ, կարծում եմ, որ այդ մեխանիզմի աշխատելու մեջ պարզապես այսօր ՀՀ իշխանության, Նիկոլ Փաշինյանի կատարած աշխատանքը տեխնիկական բնույթի աշխատանք է եղել։ Այնտեղ ավելի մեծ դերակատարներ կային, այնպիսին մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Հարցին, որ նախորդ իշխանությունների օրոք ևս ՀԱՊԿ-ը Հայաստանի վերաբերյալ գործողություններ չի արել, Օհանյանն ասաց․
«Նախկինում մեր ղեկավարության ժամանակ մենք ստիպել ենք, որ նույնիսկ ՀԱՊԿ ղեկավարությունը՝ Նիկոլայ Բորդյուժայի ղեկավարությամբ եկել ու եղել է Հայաստանի սահմաններին, նախիջևանյան հատվածում և այնտեղից հայտարարություն է արել։ Երկրորդ, նախկինում մենք ունեցել ենք բանակ, որն իր առջև դրված խնդիրն իրականացրել է։ Եվ եթե ՀԱՊԿ-ը գոյություն ունի իր բոլոր ուժերով, ավելի գլոբալ խնդիրների համար է այն ժամանակ նախատեսված եղել՝ Թուրքիայի կողմից սպառնալիքի դեպքում արձագանքելու։ Ես նախկինում ասել եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների, շփման գծում տիրող իրավիճակի, սադրանքների դեպքում նույնիսկ ամոթ է միանգամից դիմել ՀԱՊԿ-ին։ ՀՀ զինված ուժերն ի վիճակի են իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու և իրականացրել են։ Այլ իրավիճակ է հիմա, ակնհայտ է, որ դու արդեն միայնակ քո անվտանգության խնդիրները չես կարող լուծել։ Այսինքն՝ պետք է բանակցել նաև ՀԱՊԿ շրջանակներում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը