12 01 2022

Երբեք չպետք է խաբվել Հայաստանի ներկայիս իշխանության բարի խոսքերին․ Ալիև

Երբեք չպետք է խաբվել Հայաստանի ներկայիս իշխանության բարի խոսքերին․ Ալիև

Հանուն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է. «Մենք երրորդ պատերազմ չենք ուզում (Հայաստանի հետ), դա մեր ծրագրերի մեջ չի մտնում: Մենք ցանկանում ենք, որ պատերազմի շրջանն ավարտվի, մենք ուզում ենք, որ նորմալ հարաբերություններ հաստատվեն, որպեսզի Հայաստանը վերջապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք սա ենք ուզում։ Բայց եթե տեսնենք, որ, ինչպես ասացի, մեզ համար վտանգ կա, այդ սպառնալիքը տեղում կվերացվի։ Հայաստանում ռևանշիստական միտումներ են դրսևորվում ոչ միայն նախկին, այլև ներկա պետական պաշտոնյաների մոտ։ Ուստի, կրկնում եմ, երբեք չպետք է խաբվել ներկայիս իշխանության (Հայաստանի) բարի խոսքերին։ Մենք երբեք չպետք է մոռանանք, թե տարածաշրջանում ինչ հարևանի հետ ենք ապրում։ Սրա հետ են կապված նաև սահմանային սադրանքները։ Նրանք ուզում են մեզ նորից փորձել»,- ասել է Ալիևը։

Ալիևը հայտարարել է նաև, որ Բաքուն ճնշելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան խնդրով զբաղվելու փորձերը․ «Ես տեղեկություն չունեմ, թե ինչ է անում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ենթադրում եմ, որ հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին։ Ինչպես գիտեք, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին և այս տարի լրանում է դրա 30-ամյակը։ Նրանք հավանաբար զբաղված են այս միջոցառումների նախապատրաստմամբ։ Բայց կատակը մի կողմ, ես կարծում եմ, որ նրանք պետք է իրենց համար օրակարգ կազմեն»,- ասել է Ալիևը ավելացնելով․ «Ես կարող եմ ասել, թե նրանք ինչ չպետք է անեն: Նրանք չպետք է զբաղվեն ԼՂ հակամարտությամբ, քանի որ այն լուծված է։ Նրանց փոխարենը մենք լուծեցինք այս խնդիրը։ Եվ նրանց բացակայությունը, կարծում եմ, սրանով է պայմանավորված»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ