11 01 2022

ՔՊ-ի ներկայացուցիչը շարունակում է հասարակությանը պառակտել. Լարիսա Ալավերդյան․ News.am

ՔՊ-ի ներկայացուցիչը շարունակում է հասարակությանը պառակտել. Լարիսա Ալավերդյան․ News.am

News.am-ը գրում է․ Այդ ուժի ներկայացուցիչը շարունակում է մեր հասարակությանը պառակտելու գործընթացը, հիմա էլ պարզվում է՝ սեւ ու սպիտակներից, նախկիններից ու ներկաներից բացի կան նաեւ լիարժեք եւ ոչ լիարժեք քրիստոնյաներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ՝ անդրադառնալով Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրա Մանուչարյանի հայտարարությանը, թե Վարդենիսի տարածաշրջանում նախկին սովետական Ադրբեջանից փախստականներ կան, որոնք Հայաստան են եկել որպես ոչ լիարժեք քրիստոնյաներ։

«Յուրաքանչյուր քրիստոնյա «ոչ լիարժեք քրիստոնյա» արտահայտությունը պետք է թույլ տա զուտ իր անձի նկատմամբ, դա նորմ է, այսինքն՝ որեւէ մեկը չի կարող  դատել այլոց եւ ասել, որ նա ոչ լիարժեք քրիստոնյա է։ Ես մերժելի եմ համարում այդպիսի հայտարարությունները եւ սա համարում եմ իր  քաղաքական ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարության շարունակությունը, երբ ինքն իրեն համեմատեց Հիսուս Քրիստոսի հետ»,– ասաց Լարիսա Ալավերդյանը։ 

Իրավապաշտպանը իշխող ուժի ներկայացուցչի այդ արտահայտությունը դիտարկում է նաեւ մարդասիրական տեսանկյունից եւ դատապարտում այն։

«Այն որ մինչեւ այսօր այդ շրջանի բնակիչները չեն ընկալել այդ անձանց որպես ցեղասպանությունից մազապուրզ եղած անձանց՝ խոսում է այն մասին, որ ի սկզբանե այդտեղ եղել է նման վերաբերմունք այդ պետության մեջ ծնված եւ այդ պետության մեջ հայ լինելու համար տուժած անձանց նկատմամբ, որն էլ սկիզբ է դրել այս պառակտմանը։ Շուտով լրանալու է Բաքվի ջարդերի 34–րդ տարին, որտեղ ցեղասպանական գործողություններ են եղել, վախենամ, որ նման արտահայտությունները շարունակում են սեպ խրել մեկ ազգի տարբեր ներկայացուցիչների միջեւ, սա դատապարտելի է»,–  ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նշենք՝ հունվարի 3–ին, Վարդենիսի համայնքապետարանում ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նաիրա Մանուչարյանը խոսելով համայնքապետի ընտրություններից, հայտարարել էր նաեւ.

«Մեր բոլոր գյուղերում 30 տարի առաջ մարդիկ մազապուրծ եկել են այնպիսի պետությունից, որն ունի մահմեդական կրոն եւ եկել են, բնականաբար,  ոչ էդպես լիարժեք քրիստոնյաներ, ու պատկերացնում եք՝ 30 տարի ոչ մի եկեղեցի,  գյուղ կա, որ նույնիսկ ոչ մի խաչքար չկա, այսինքն նրանց հոգեւոր կյանքը ջնջված է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ