02 12 2021

Դեռ երես էլ ունեն, մարդամեջ են մտնում ու լուրջ դեմքերով հարցադրումներ անում․ Տիգրան Աբրահամյան

Դեռ երես էլ ունեն, մարդամեջ են մտնում ու լուրջ դեմքերով հարցադրումներ անում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ իշխանության ներկայացուցիչներին հիշեցնելով, որ ընդդիմությանը պատեհ-անպատեհ քննադատելու փոխարեն՝ պետք է զբաղվել իշխանությանը վերապահված բուն պարտականություններով ու հասարակությանը հաշվետու լինել պարտված պատերազմի, տարածքային կորուստների, չվերադարձած գերիների համար։

«Իշխանության տարբեր դեմքեր՝ գործադիրից օրենսդիր, իրար հերթ չտալով՝ հարցազրույցների շարք են սկսել, որի միակ ասելիքն է՝ բա ինչո՞ւ ընդդիմությունը սա չի արել, նա չի արել:

Հասարակությունն իշխանությունից պահանջում է պատասխաններ 44-օրյա պատերազմի, մի քանի հազար զոհերի, գերեվարվածների, ՀՀ տարածքներն Ադրբեջանին զիջելու, Արցախի տարածքները հանձնելու, անվտանգության համակարգը չվերականգնելու մասին, իսկ ի՞նչ են պատասխանում սրանք:

Թե բա՝ ինչու՞ ընդդիմությունը սա չի անում, նա չի անում: Վերջը կողմնորոշվեք․ եթե դուք ձեր անելիքը չեք տեսնում, չեք անում, պատասխանատվություն չեք զգում ու ձեր սպասելիքն ընդդիմությունից է, ապա թողեք, գնացեք ու հետո որպես քաղաքացի, ընդդիմադիր ուժ կպահանջեք ձեր «ինչու»-ների պատասխանները:
Իրենք գնում, բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, Հայաստանն ու Արցախը տանում նոր արկածախնդրության, հետո էլ, թե բա՝ իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը:

Դեռ երես էլ ունեն, մարդամեջ են մտնում ու լուրջ դեմքերով հարցադրումներ անում»,- գրել է Աբրահամյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ