08 11 2021

Ամեն մի ապուշություն, որ բանակը ուզում էր, ֆինանսավորվում էր․ Մովսես Հակոբյան․ «Հրապարակ»

Ամեն մի ապուշություն, որ բանակը ուզում էր, ֆինանսավորվում էր․ Մովսես Հակոբյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման հարցին։ Փաշինյանի խոսքով՝ այդ հանձնաժողովում պետք է քննվի և ապացուցվի, որ ինքը պաշտոնավարումից ի վեր բանակին «չէ» չի ասել, ինչ ուզել են, գնել է, և «Су-30СМ» կործանիչներն էլ բանակի խնդրանքով է գնել․

«Պետք է քննվի իմ ասած բանակաշինության հարցը։ Ես ուզում եմ, որ հանձնաժողովը, ի վերջո, պատասխանի նաև մեկ հարցի. ես, օրինակ, ասում եմ, որ 2018 թվականից հետո՝ իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո, չի եղել գեթ մեկ դեպք, որ բանակն ասի՝ մեզ այս ինչ բանը պետք է, և մենք ասենք` գիտեք ի՞նչ, փող չկա, որպեսզի դա ապահովենք։ Չի եղել գեթ մի դեպք։

Եվ գիտեք, այդքան շահարկվող Су-30СМ-երը դրա ամենավառ ապացույցն են։ Բանակն ասել է՝ պետք է։ Ընդ որում, շատ կարևոր է. ես մի քանի գրություններ եմ ստացել այն մասին, որ պետք չէ դա ձեռք բերել և այլն: Ես այդ գրությունները մակագրել եմ, ասել եմ՝ գիտեք ինչ, կա պրոֆեսիոնալ մարմին, քննարկեք և պատասխան տվեք` ի վերջո, պե՞տք է, թե՞ պետք չէ: Քննարկել են և գրավոր պատասխանել են, որ պետք է։ Ասել եմ՝ պետք է, ուրեմն կգնենք: Ես ուզում եմ` քննիչ հանձնաժողովն այդ հարցին պատասխանի։ Ես ուզում եմ և ակնկալում եմ, կարծում եմ՝ հանրությունն էլ, քննիչ հանձնաժողովն ուսումնասիրի բանակցային գործընթացը, ողջ բանակցային գործընթացը՝ սկսած 1994 թվականի հրադադարի, հաղթանակի արձանագրումից հետո»,- ասել է Փաշինյանը։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք Զինված ուժերի գլխավոր շատաբի նախկին պետ, իսկ Су-30СМ-երի ձեռքբերման ժամանակ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի հետ՝ հարցնելով, թե Փաշինյանը ճի՞շտ է ասում, երբ պնդում է, որ Су-30СМ-երը ձեռք է բերել, քանի որ բանակն է ասել, որ դրանք անհրաժեշտ են․

«Ճիշտ է ասում ինքը, այո։ Ինքը նաև ասաց, որ իրեն ուրիշներն ասել են, որ պետք չէ, այդ ասողներից, գրավոր գրողներից մեկն էլ ես եմ եղել, որ ասել եմ՝ դա մեզ պետք չէ, բայց բանակը պնդել է, որ դա իրենց պետք է, և գնել են»,- ասաց Հակոբյանը։

- Իսկ բանակն ասել է, որ հրթիռներն էլ հե՞տը գնի, թե՞ առանց հրթիռների գնի։

- Այդ մանրուքները չգիտեմ։

- Իսկ ճի՞շտ է ասում, որ իր՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր այնպիսի բան չի եղել, որ բանակն ասի պետք է, և ինքը չգնի։

- Ինչքան ես տեղեկացված եմ, այո։ Ես միշտ նախաձել եմ, որ էսօրվա զինվորական ղեկավարությունը շատ լավ ապահովված վիճակում է։ Ես այն ժամանակ բանակում ծառայում էի, և բարի նախանձով նախանձում էի, որ ամեն մի ապուշություն, որ բանակը ուզում էր, դա ֆինանսավորվում էր։

- Իսկ Դուք ինչո՞ւ էիք գրավոր դեմ արտահայտվում  Су-30СМ-երի գնմանը։

- Որովհետև իմ գիտելինքերը ինձ թույլ չէին տալիս, որ դրան կողմ արտահայտվեմ։

- Փաշինյանին Արտակ Դավթյա՞նն է ասել, որ Су-30СМ-երը պետք է գնվեն, այդ մասնագետը Արտակ Դավթյա՞նն է եղել։

- Արտակ Դավթյանը և Ստեփան Գալստյանը։ Դրա պատասխանատուն իրենք են, իսկ Նիկոլը պատասխանատու է, որ առանց խորը ուսումնասիրման ֆինանսավորել է։

- Այսինքն՝ Արտակ Դավթյանն ու Ստեփան Գալստյանն ինչ ասել են, Փաշինյանը առանց հասկանալու դրանք գնե՞լ է։

- Իմ կարծիքով՝ դա այդպես է»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ