27 10 2021

Ինչո՞ւ մինչև այսօր չեք գնացել Արցախի Հանրապետություն․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը



Արցախի վերաբերյալ հարցերից ըստ էության՝ իշխանությունը շարունակում է խուսափել կամ  չտալ ոչ լիարժեք և համոզիչ պատասխաններ։

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը տվեց հետևյալ հարցը․

«Պատերազմ է եղել։ Մենք պարտվել ենք։ Աղետալի, ողբերգական հետեւանքներով։ Արցախի Հանրապետության տարածքի 72 տոկոսը բռնազավթվել է։ Ադրբեջանը մտել է Հայաստան։ Արցախի 28 տոկոսի վրա հայկական իշխանություն է։ Իրականում, ավելի ստույգ՝ ռուս խաղաղապահների իշխանություն։

Սրանք փաստերի արձանագրումներ են։

Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 15 անգամ այցելել է Արցախի բռնազավթված տարածքներ։ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, դեկտեմբերի 23-ին, 2021 թվականի հունվարի 15-ին, մարտի 16-ին, ապրիլի 27-ին, մայիսի 12-ին, 29-ին, հունիսի 15-ին, օգոստոսի 17-ին, 28-ին, հոկտեմբերի 3-ին, 4-ին, 9-ին, 10-ին, 26-ին։

Երկու անգամ եղել է Էրդողանի, յոթ անգամ՝ կնոջ հետ։ Շուշիում մուղամի փառատոն են անցկացրել, Հադրութում՝ մզկիթ հիմնել։

Այս իշխանության ղեկավարը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին հայտարարել է. «Առանց Արցախի չկա Հայաստան»։ Ոչ այդ ասողը, ոչ Ազգային ժողովի նախագահը, ոչ այս արտգործնախարարը, ոչ ՀՀ նախագահ ասվածը պատերազմից հետո Արցախի Հանրապետություն չեն այցելել։

Հարցը՝ ինչո՞ւ մինչեւ այսօր չեք գնացել Արցախի Հանրապետություն։ Պատրաստվո՞ւմ եք գնալ։ Կոնկրետ՝ ե՞րբ։ Պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Որ Հադրութն ու Շուշին բռնազավթված են․ ճշգրիտ»։

Հարցին ոչ հստակ, ոչ էլ ճշգրիտ և կոնկրետ պատասխանեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը․ «Այս ընթացքում բազմաթիվ պաշտոնյաներ եղել են Արցախում, լինում են Արցախում և անհրաժեշտության դեպքում կլինեն Արցախում »։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ