21 10 2021

Մահացածի մասին միայն ճշմարտություն․ «Առավոտ»

Մահացածի մասին միայն ճշմարտություն․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ Տեղեկանալով Վանո Սիրադեղյանի մահվան մասին, չարձագանքեցի։ Չարձագանքեցի, քանի որ, մի կողմից Վանոյի հետ ունեցել եմ բավականին ջերմ հարաբերություններ, մյուս կողմից նրան համարել և համարում եմ հակապետական գործիչ։ Հետևելով Վանոյի մասին գրառումներին, կարծիքներին, հերթական անգամ համոզվեցի, որ մեր հասարակությունը զուրկ է տարրական բարոյական արժեքներից, էլ չասենք պետական մտածողությունից։ Այնպիսի գովերգեր, որպես հանճարեղ գրող, պետության հիմքերում կանգնած գործիչ և այլ փառաբանումներ, կերազեին, որպես գրող Հովհաննես Թումանյանը, որպես քաղաքական, պետական գործիչ՝ Արամ Մանուկյանը։

Ինչպես նշեցի, որոշել էի չանդրադառնալ Վանո Սիրադեղյանի անձի, գործչի հարցին, բայց երբ այսօր իմացա, որ նրա հուղարկավորման համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով, որոշեցի, այնուամենայնիվ արձագանքել։

1.Վանոյի հետ ծանոթացել եմ արցախյան շարժման օրերին։ Հետագայում ինքս դառնալով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, բարձր էի գնահատում Վանոյին, որպես հետաքրքիր, խելացի, հումորով անձնավորության։ Շատ հիշողություններ ունեմ այդ շրջանում Վանոյի հետ կապված։ Նաև հիշում եմ նրա ՀՀՇ վարչության նախագահ լինելու շրջանը։ Նա թողնում էր բավականին ինքնուրույն գործչի տպավորություն, երբեք իր կարծիքը չէր պարտադրում, լսում էր բոլորին։ Անկեղծորեն եմ ասում, «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամներից ամենաշատ ցավն ապրում եմ Վանոյի համար, որ չդիմացավ գայթակղությանը և դավաճանեց շարժման գաղափարներին։ Եվ ինչպես ասել է Արիստոտելը «Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»։

2.Վանո Սիրադեղյանն, իմ կարծիքով, վատ գրող չէր․․․ընդամենը։ Համենայն դեպս, նա ոչ Ակսել Բակունց էր, ոչ Աղասի Այվազյան, ոչ Հրանտ Մաթևոսյան, ոչ էլ Խաչիկ Դաշտենց։ Եթե նա չդառնար քաղաքական գործիչ, համոզված եմ, որ նրան որպես գրող, շատ քչերը կճանաչեին և չեմ կարծում, որ նրա անունը, որպես գրողի, կհիշատակվեր, վերը նշված արձակագիրների շարքում։

3. Վանո Սիրադեղյանին Հայաստանի անկախ պետության հիմնադիր համարողներին, հետևյալ հարցն ուղղեմ․ Ինչո՞վ է նա նպաստել հայոց անկախ պետության ստեղծմանը։ Մի՞թե, ձեր կարծիքով, եթե չլինեին ՀՀՇ ղեկավարները, Հայաստանը չէ՞ր դառնալու անկախ։ Եկեք ընդունենք, որ Հայաստանն, ինչպես նաև ԽՍՀՄ բոլոր հանրապետություններն անկախացան 1991թ․ դեկտեմբերի 8-ին, Բելովեժսկում ստորագրված համաձայնագրին հաջորդած, դեկտեմբերի 26-ի որոշմամբ։ Այնպես որ, այդ ժամանակ , Հայաստանում որ քաղաքական ուժը, կամ գործիչները լինեին իշխանության, նրանք էլ կամա, թե ակամա, պետք է ստանձնեին անկախ երկրի ղեկավարությունը։ Ձեր նույն տրամաբանությամբ, կարելի՞ է օրինակ պնդել, որ Նուլսուլթան Նազարբաևը, կամ Իսլամ Քարիմովը եղել են Ղազախստանի և Ուզբեկստանի անկախ պետության հիմնադիրները, այն դեպքում, որ երկուսն էլ դեմ են եղել ԽՍՀՄ փլուզմանը։

4.Քաղաքական, առավել ևս պետական գործիչը պետք է լինի սկզբունքային։ Եթե նա դավաճանում է իր դավանած սկզբունքներին, որոնց շնորհիվ դարձել է քաղաքական գործիչ և հասել իշխանության, ապա եթե նա կամովին հրաժարական չի տալիս, ապա քաղաքակիրթ հասարակությունը նրան չի հանդուրժում և պահանջում է նրա հրաժարականը։ Վանո Սիրադեղյանը քաղաքական գործիչ դարձավ արցախյան շարժման շնորհիվ։ Հիշեցնեմ, որ շարժման միակ նպատակը Արցախի և Հայաստանի միավորումն էր։ Վանոն դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ և կարծես անկեղծորեն պայքարում էր Արցախի ազատագրման համար։ Հետագայում, «Ղարաբաղ» կոմիտեի հիմքի վրա ստեղծվեց Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ), որի ծրագրում նույնպես առաջնայինը Արցախի ազատագրման հարցն էր։

Վանո Սիրադեղյանը դարձավ ՀՀՇ վարչության երրորդ նախագահը։ Սակայն, հետագայում , ինչպես «Ղարաբաղ» կոմիտեի շատ անդամներ և հհշականներ, սկսեցին տանել հակաարցախյան քաղաքականություն և Արցախը համարել Ադրբեջանի մաս։ Նրանցից էր նաև Վանո Սիրադեղյանը․ «․․․Ոչ հայաստանակենտրոն, ավանդական֊հայրենիք չունեցողի գաղափարախոսությունը եւս մեկ անգամ ապացուցեց իր սնանկությունը։ Այդ ավանդականը չհանեց ու միտք չունի հանել Հայաստանը պատերազմից ու շրջափակումից, հետեւաբար, խոչընդոտ է Հայաստանի զարգացման ճանապարհին… Քանի կա Ղարաբաղի հարցը, օդում կախված է մնում Հայաստանի Հանրապետության պետական սուվերենության հարցը, քանի կա երկրի սուվերենության հարց»։

Ի՞նչ ասես, մարդը քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա է դարձել, հարստացել արցախյան շարժման շնորհիվ և հանուն այդ իշխանության և անձնական շահի, թքում է իր ժամանակին դավանած սկզբունքների վրա։ Եվ այսքանից հետո՝ համարվում իմաստուն գործիչ։ Կրկնեմ, ցանկացած այլ ժողովուրդ նման կերպարանափոխում չէր հանդուրժի։ Միայն թե չասեք, որ արդեն անկախության տարիներին, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, այնպես էլ Վանո Սիրադեղյանը, տեսնելով և հասկանալով միջազգային նոր իրավիճակը, «իմաստուն» որոշում կայացրեցին։ Ո՛չ և ևս մեկ անգամ՝ ոչ։ Եթե նրանք իսկապես անկեղծ էին, ապա հրապարակային պետք է ներողություն խնդրեին ողջ հայ ժողովրդից և առհավետ հեռանային քաղաքական ասպարեզից։

5․1992-97թթ․ Վանո Սիրադեղյանը զբաղեցրել է Հայաստանի ամենաառանցքային պետական պաշտոններից մեկը՝ Ներքին գործերի նախարարի։ Նրա վրա դրված էր մեծ առաքելություն, ունենալով մեծ հեղինակություն, նա կարող էր Հայաստանը դարձնել օրենքի, կարգ ու կանոնի երկիր։ Իսկ ի՞նչ կատարվեց իրականում։ Հիշում եմ նրա հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ, նրա համարյա բառացի խոսքերը․ «Բա ոստիկանը որ խանութ մտնի, չպե՞տք է մի երկու պալոչկա երշիկ վերցնի»։ Վանոյին մեծարում են, որ 90-ական ծանր տարիներին «մեծահոգաբար» իր կողմից ընտրված մտավորականներին Նոր Տարվա նվերներ էր ուղարկում։ Հետաքրքիր է, Վանոն, լինելով ՆԳ նախարար, այդ ինչ միջոցներով էր բարեգործություն անում։ Գիտեմ, թե ինչպիսին է լինելու արձագանքը․ «Բա լավ էր անում, մարդիկ ծանր դրության մեջ էին։ Ինչ կարևոր է, թե ինչ միջոցներով։ Բոլորն էլ ուտում են, Վանոն գոնե համ ուտում էր, համ էլ ուրիշների մասին էր մտածում»։ Այսօր շատ են խոսում դղյակաշինության մասին, մոռանալով , որ Վանո Սիրադեղյանն առաջին դղյակաշինարարներից էր։ Եվ, իհարկե, այստեղ էլ կա արդարացում․ «Վանոյի տունը համեմատած մյուսների հետ, համեստ է» ։ Հա, բա ժամանակնե՞րը։

Բայց սրանք ոչինչ են, այն հանցագործությունների հետ համեմատ, որոնք իրականացվել են Վանոյի հրամանով։ 1992թ․ ՆԳՆ համակարգում ընդգրկված «հատուկ» խումբը իրականացրել է Աշտարակի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի, նրա վարորդ Վարուժան Աբրահամյանի, երկաթգծի տնօրեն Համբարձում Ղանդիլյանի, նրա վարորդ Հակոբ Հունանյանի, Կարեն Ռաֆայելյանի, Արթուր Հովհաննիսյանի սպանությունները, դատախազի տեղակալ Վլադիմիր Գրիգորյանի դեմ մահափորձը, էլ չասեմ Մարիուս Յուզբաշյանի և Համբարձում Գալստյանի չբացահայտված սպանությունների մասին։ Վանոյական «մտավորականները» կուրծք են ծեծում, թե չի կարելի հավատալ Աղվան Հովսեփյանի կողմից իրականացված քննությանը։ Այդ դեպքում հարց․ «Իսկ ինչպե՞ս եք բացատրում, որ ՆԳՆ աշխատակիցները մարդկանց են սպանում, իսկ նախարարը դրանցից անտեղյակ է»։ Հիշենք նաև Վանո Սիրադեղյանի հայտնի խոսքը․ «Ես քավության նոխազ չեմ դառնա»։ Ի՞նչ էր ակնարկում Վանոն։ Հավանաբար, այն, որ ինքը միայնակ չի կայացրել սպանության որոշումները։ Եվ վերջապես, այդ ինչո՞ւ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, Վանո Սիրադեղյանը չվերադարձավ և արդեն իր աշակերտի իշխանության շրջանում , չբացահայտվեցին սպանությունները։ Այնպես որ, վանոյական գործիչներն, առնվազն այս հարցում անկեղծ չեն։ Միայն մեկ թունդ վանոյականի գիտեմ, ով այս սպանությունների մասին այսպես ասաց․ «Լավ է արել, հասնում էր»։

Եվ վերջապես, հիշենք Արշալույս գյուղի հայտնի խրախճանքում Վանոյի խոսքերը՝ մինչև 700-800 մարդ պատրաստ սպանելու մասին։

Այսպիսով, Վանո Սիրադեղյանը, իր գործունեությամբ, ոչ թե պետական, այլ հակապետական գործիչ էր, որը հիմք դրեց ոստիկանական ապօրինությունների և ոստիկանությունը դարձրեց ոչ թե պետական, այլ իշխանությանը սպասարկող հանցագործ կառույցի։

6.Եվ ահա, ստեղծվում է կառավարական հանձնաժողով, իսկ Վանո Սիրադեղյանի երկրպագուները պահանջում են նրան հուղարկավորել Պանթեոնում։ Ի՞նչ ասեմ։ Դուք առաջնորդվում եք, ոչ թե պետական, ազգային, բարոյական չափանիշներով, այլ նեղ, անձնական, ընկերական շահերով։ Մյուս կողմից, Պանթեոնը առնվազն 1976թ․ կորցրեց իր խորհուրդը, երբ այնտեղ հուղարկավորվեց ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Գրիգոր Արզումանյանը, հետագայում՝ Կարեն Դեմիրճյանն ու Անդրանիկ Մարգարյանը։ Այնպես որ չեմ զարմանա, որ թաղման կառավարական հանձնաժողովի որոշմամբ Պանթեոնում հուղարկավորվի արդեն հակապետական գործիչը, որն էլ մեր օրերում շատ խորհրդանշանական կլինի։

Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանի երկրպագուներին, ապա կրկնում եմ, նրանք առաջնորդվում են միայն իրենց նեղ քաղաքական, ընկերական շահերով՝ թքած ունենալով պետություն, իրավունք, օրենք, մարդկային կյանքեր արժեքների վրա։

Հ․Գ․ Սա այն դեպքն է, որ ոչ թե «մահացածի մասին կամ լավ, կամ ոչինչ», կամ «մահացածի մասին կամ վատ, կամ ոչինչ», այլ ՝ « մահացածի մասին կամ ճշմարտությունը, կամ ոչինչ»։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ