14 10 2021

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱՄՆ-ում հանդիպել է սենատոր Ջեք Ռիդի հետ

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱՄՆ-ում հանդիպել է սենատոր Ջեք Ռիդի հետ

ԱՄՆ Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը (Դեմոկրատական կուսակցություն, Ռոդ Այլենդ նահանգ) հոկտեմբերի 13-ին ընդունեց ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանին, ՀՅԴ Արևելյան Միացյալ Նահանգների Կենտրոնական կոմիտեի անդամ Փոլի Հարսյանին և Ռոդ Այլենդ նահանգի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անի Հարոյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունների քաղաքական առաջնահերթությունները։ 

ՀՅԴ անդամները շնորհակալություն հայտնեցին սենատոր Ռիդին հայանպաստ գործունեության համար։ Ջեք Ռիդը, որը դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներին էր այցելել Հայաստան և Արցախ, հետաքրքված էր տեղեկանալու 44-օրյա պատերազմից հետո Արցախում և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանին տիրող իրավիճակի մասին։ 

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը։ Խոսելով Արցախի հարցի քաղաքական կարգավորման մասին՝ նա նշեց, որ հնարավոր չէ ապահովել երկարաժամկետ և կայուն խաղաղություն՝ առանց երաշխավորելու Արցախի հայության ինքնորոշման իրավունքի լիակատար և ամբողջական իրացումը։ 

Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, ապա Ադրբեջանը շարունակում է իր թշնամական գործողությունները։ Թեև Ադրբեջանը խոսում է ճանապարհների և հաղորդակցության այլ  ուղիների ապաշրջափակման մասին, բայց ձգտում է վերահսկողություն սահմանել Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող ավտոճանապարհների նկատմամբ՝ այդպիսով փորձելով Հայաստանն առնել աքցանների մեջ։

Առանձին անդրադարձ կատարվեց հայ ռազմագերիների խնդրին։ Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հստակ ձևակերպված պահանջին՝ Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հյարյուրավոր հայ գերիների՝ նրանց օգտագործելով Հայաստանից հավելյալ զիջումներ կորզելու համար։

Միացյալ Նահանգները ներկայացնող դաշնակցականներն իրենց մտահոգությունը հայտնեցին ԱՄՆ կառավարության կողմից 927 բանաձևի ժամանակավոր կասեցման վերաբերյալ, ինչը ԱՄՆ վարչակազմին Ադրբեջանի հակահայ իշխանություններին ռազմական օժանդակություն տրամադրելու հնարավորություն է տալիս։ Նրանք նաև նշեցին Թուրքիայի բացահայտ թշնամական և ապակառուցողական քաղաքականության մասին․ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու փոխարեն Թուրքիան խոսում է անընդունելի նախապայմանների լեզվով։

Սենատոր Ռիդը հյուրերին շնորհակալություն հայտնեց իրավիճակն ամբողջական ներակայացնելու համար։

Ծավալված անկաշկանդ և շահագրգիռ քննարկման ընթացքում կողմերը համաձայնեցին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է օր առաջ վերսկսի իր լիարժեք գործունեությունը Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման և տարածաշրջանում ժողովրդավարական ու կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ