27 09 2021

Դատական նիստերի անհիմն հետաձգումներ, տարիներով քննվող գործեր. ՀՀ ՄԻՊ

Դատական նիստերի անհիմն հետաձգումներ, տարիներով քննվող գործեր. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը, տեղեկացնում է ՄԻՊ Հանրային կապերի բաժինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում դատարանների կարողությունների զարգացմանն ուղղված նախատեսվող ծրագրի մանրամասները, որն իրականացվելու է Շվեդիայի դատական համակարգի հետ։

Արման Թաթոյանն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին, շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։

Պաշտպանն անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների անթույլատրելի պրակտիկային: Նա նշել է, որ ստացված բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է տևում, որի արդյունքում խախտվում է դատարանի կողմից անձանց գործի ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը, իսկ նման դեպքերում նրանց խախտված իրավունքի վերականգնման արդյունավետ կառուցակարգեր առկա չեն: 

Խնդիրը լուծում չի ստացել նաև մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակումից և Սահմանադրական դատարան դիմելուց հետո: 

Նա տեղեկացրել է նաև, որ բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում իր իրավասությունների շրջանակում Պաշտպանը լիազորված է դիմելու դատական իշխանության` դատական պրակտիկայի ամփոփման համար պատասխանատու մարմիններին` դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ ստանալու նպատակով, ինչպես նաև առաջարկներ ներկայացնելու դատական պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ: 

Պաշտպանը կարևորել է Բարձրագույն դատական խորհրդի դերը, հատկապես՝ դատարանների հանդեպ ինստիտուցիոնալ վստահության բարձրացման հարցում և ընդգծել ԲԴԽ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: 

Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը ծրագրի շրջանակում դատական համակարգի կատարելագործման ուղղությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ