25 09 2021

Մեկ տարի առաջ այս օրը Փաշինյանը խոստացավ ապակայունացնել Ադրբեջանը



Ուղիղ մեկ տարի առաջ, երբ դեռ պատերազմը չէր սկսվել մեր երկրի փաստացի ղեկավարը Ադրբեջանի սպառնալիքների նկատմամբ ուներ լրիվ այլ հռետորաբանություն և թշնամու բազմաթիվ սպառնալիքներին պատասխանում էր զգուշացումներով: Վստահ եմ՝ կհիշեք, թե նախորդ տարի հենց այս օրը՝ պատերազմից երկու օր առաջ կառավարության հերթական նիստի ժամանակ ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը կոնկրետ զգուշացնում էր Ադրբեջանին՝ ասելով. «Ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ՝ այսպես ասած կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտումով:

Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով, և ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ այ՛ո, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի, և՛ Հայաստանի, և՛ Արցախի ժողովրդի համար, և սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն ճեղքում արձանագրել բանակցային գործընթացքում և այ՛ո, ես համարում եմ, որ կա հնարավորություն»:

Մեկ տարի առաջ Փաշինյանը մեծ ոգևորությամբ էր արտաբերում այս տեքստը, բայց հետո պարզվեց, որ այդ ժամանակ երբեմնի գլխավոր խմբագիրը տեղեկատվական պատերազմ էր հրահրում, իսկ այսօր նույն ոգևորությամբ ու դեմքի հանդարտ արտահայտությամբ թշնամու հետ պատրաստվում է նոր օրակարգի՝ խաղաղության:

Պատերազմից մեկ տարի անց որևէ կերպ Փաշինյանից այդպես էլ հնարավոր չեղավ պարզել, թե ինչ կոնֆիդենցիալ ինֆորմացիայի մասին էր խոսքը:

   

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ