23 09 2021

137․1 հոդվածը սկսեց «աշխատել», առաջին տուժողը ամենայն հայոց կապիտուլյանտն է. Ռուբեն Մելիքյան

137․1 հոդվածը սկսեց «աշխատել», առաջին տուժողը ամենայն հայոց կապիտուլյանտն է. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

« ՀՀ քրեական օրենսգրքի 137․1 հոդվածը սկսեց «աշխատել», և ինչպես և կանխատեսվում էր՝ առաջին տուժողը ամենայն հայոց կապիտուլյանտն է․ քրգործ է հարուցվել ինչ-որ լրատվականում զետեղված նյութի տակ նրա հասցեին «ծանր վիրավորանք» գրելու համար, որը կատարվել է նրա «հանրային գործունեությամբ պայմանավորված»։

Այն, որ այս հանցակազմը հակասահմանադրական է ու հակաիրավական, շատ է խոսվել։ Այստեղ կխորձեմ անդրադառնալ հարցի ավելի լայն համատեքստին, և կհիմնավորեմ, որ այս հանցակազմը ոչ միայն հակասահմանադրական է, այլև կատարյալ հիմարություն։

Եվ այսպես, պետության ղեկավարների նկատմամբ քաղաքացու «վերբալ իրավունքների» մասով առկա բոլոր մոտեցումները կարելի է բաժանել երկու մասի․ ժողովրդավարական և ավտորիտար։ Ժողովրդավարական մոտեցման դեպքում հայհոյողին քրեական պատասխանատվության չեն ենթարկում՝ այն հիմքով, որ պաշտոնյան այդքան արտոնություն է ստանում ՀԱՆՐՈՒԹՅԱՆ հաշվին, ուստի պետք է կրի նաև ՀԱՆՐԱՅԻՆ գործունեության պատճառով հայհոյվելու ռիսկը։ Այդ ռիսկը կարող է չեզոքացվել կամ էապես նվազեցվել, եթե պաշտոնյան իր գործը լավ կատարի, օրինակ՝ առնվազն քաղաքացիների գլուխը չուտի, թշնամուն հողեր չհանձնի, թշնամուց վերջին պատվազուրկի պես հանդիպումներ չաղերսի։ Սա է ժողովրդվարական մոտեցումը։

Իսկ ավտորիտար մոտեցումն այն է, որ պետության ղեկավարներին հայհոյողին թե՛ իրավական և թե՛ ոչ-իրավական այնպիսի պատասխանատվության են կանչում (օրինակ՝ քիթ-մռութը ջարդում են), որ ոչ ոքի մտքով չանցնի այդպես վարվել։ Դրանով իհարկե ստեղծում են ատելության կուտակման ռիսկ, որը պարտադիր մի օր պայթում է, բայց «այսօր և հիմա» հայհոյանքները պակասում են կամ ի սպառ վերանում։

Ի՞նչ է արել ազգակործան պատուհասի թիմը։ Նրանք ընտրել են այնպիսի հիմար մոդել, որն ունի թե՛ առաջինի և թե՛ երկրորդի թերությունները՝ չունենալով դրանց առավելությունները։ Առաջինի (ժողովրդավարական մոդելի) թերությունն այն է, որ միևնույն է՝ հայհոյանքի տարափը կշարունակվի․ մարդիկ կօգտագործեն, օրինակ, հապավումներ՝ դրանց տալով «յուրովի» մեկնաբանությունը (օրինակ՝ «բանջար տնտղող», կամ «բաժակ տարուբերող»), որպես հայհոյանքի օբյեկտ կմատնանշեն անվանակից օտար հայտնիներին (Նիկոլ Քիդման, օրինակ), ի վերջո՝ սրտի ուզածը կգրեն՝ գտնվելով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Երկրորդ մոդելի (ավտորիտարի) թերությունն այն է, դժգոհություն է կուտակվում։ Այս դեպքում՝ արարքը պատժելի դարձնելու համար։

Ժողովրդավարական մոդելի առավելությունը ազատ խոսելու, խոսելով թեթևանալու հնարավորությունն է, որից մարդկանց այս հիմար հոդվածով զրկում են, իսկ ավտորիտարի առավելությունը պատժի սպառնալիքով հայհոյանքը բացառելն է, որն այս հիմար մոդելով չի լուծվում, քանի որ պատիժը միայն տուգանք է՝ պետք լինի, դրամահավաքով այն կհավաքվի։ Ընդ որում, վճիռը կարող է օրինական ուժ ստանալ հայհոյանքից առնվազն 5-6 ամիս հետո։

Այսպիսով, նոր «մոտիվացիա» է ձևավորվում «սմարթ» ձևերով հայհոյելու համար – «արգելված պտուղը քաղցր է» տրամաբանությամբ։

Կարճ ասած, ինչպես բազում՝ շատ ավելի կարևոր հարցերում, ընտրվել է ամենավատ տարբերակը, և եթե ազգակործան պատուհասի թիմը մի քիչ խելոք ունենա, ապա ամեն ինչ կանի, որ այս հոդվածը երբեք չկիրառվի, ավելին՝ հակասահմանադրական ճանաչվի ու թեման փակվի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ