«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Կյանքը՝ էժան, ապրուստը՝ թանկ
Այն, որ Հայաստանի ու Արցախի քաղաքացու կյանքն իշխանությունները էժան են գնահատում կամ ընդհանրապես չեն գնահատում, երևաց պատերազմի օրերին: Հայտարարվում էր, որ օդը փակ է, բայց մերոնց ուղղարկում էին չպաշտպանված օդի տակ զոհվելու՝ թուրքական բայրաքթարների տակ:
Այլ է պատկերն ապրուստի առումով: Այն թանկացել է:
Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 6,4 տոկոսով: Մարդկային լեզվով ասած՝ գներն աճել են այդքանով:
Առանձին վերցրած սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 9,3 տոկոսով:
Կենտրոնական բանկն էլ իր հերթին արձանագրել է, որ 12 ամսվա կտրվածքով ունենք 8,8 տոկոս գնաճ, որը մեղմելու նպատակով 0,25 տոկոսով ավելացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն դարձնելով 7,25 տոկոս:
ԿԲ-ն, ըստ այդմ, թանկացրել է փողի, այն է՝ վարկի գինը: Տնտեսագիտության մեջ դա կոչվում է զսպող դրամավարկային քաղաքականություն: Այսինքն՝ խոչընդոտվում է տնտեսական ակտիվությունը:
Սրան զուգահեռ տարադրամի շուկայում արձանագրվում է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեվորման գործընթաց: Սա իր հերթին խփում է արտահանմանը:
Եվ այսպես, ԿԲ-ն սեղմում է տնտեսական ակտիվությունը, կառավարության գործողությունները միտված են հարկերի բարձրացման ուղղությամբ, գները, անկախ ամենից, շարունակում են աճել կամ լավագույն դեպքում չեն իջնում: Տուժում է բիզնեսը, տուժում է սպառող քաղաքացին: Կառավարությունը ոչինչ կամ գրեթե ոչինչ չի անում վիճակը փոխելու ուղղությամբ: Ահա այսպիսի «Ապագա կա ապագա» պատկեր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը