14 09 2021

Անպատասխանատուների «թռիչք-ցածրությունը». Past.am

Անպատասխանատուների «թռիչք-ցածրությունը». Past.am

Past.am-ը գրում է.

Ներկայումս Հայաստանում իշխանություն համարվողների ներկայացուցիչների, էլ չենք ասում՝ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ամենից տարածված միֆերից մեկը այն է, թե իրենք, իբր, թափանցի՜կ, հաշվետո՜ւ կառավարություն են:

Իրականում, ո՛չ մի բանի վերաբերյալ ո՛չ մի ռեալ հաշվետվություն, զրոյական թափանցիկություն ու ծայրահեղ, եթե կուզեք՝ անծայրածիր ա՛ն-պատասխանատվություն:

Տեսեք. գրեթե մեկ տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմ, որը 44 օր անց հրադադարվեց Փաշինյանի ստորագրած պարտվողագրով:

Կասե՞ք` ո՞վ պատասխանատվության ենթարկվեց կատարված, եթե ոչ՝ պլանավորված համընդգրկուն աղետի համար: Ո՛չ ոք: Ո՛չ իրեն «գերագույն գլխավոր հրամանատար» հռչակած Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա ԱԳ նախարարը, ո՛չ նրա պաշտպանության նախարարը, ո՛չ մեկը:

Ի դեպ, «պաշտպանության նախարարների» մասին: Պատերազմի շրջանում պաշտպանական գերատեսչությունը գլխավորած Դավիթ Տոնոյանը մի երկու կցկտուր ֆրազ ասաց ու… թռավ-գնաց: Ո՛չ մի հաշվետվություն, ո՛չ մի կոնկրետ պատասխան, ո՛չ մի ընկալելի բացատրություն:

Նիկոլն առժամանակ անց պաշտպանության նախարար նշանակեց իր սիրելի, կարելի է ասել՝ իր փայփայած կադր, ամենևին «ոչ նախկին» Վաղարշակ Հարությունյանին: Այս աստիճանազրկված, ապա Նիկոլի կողմից վերաաստիճանավորված և իր գլխավոր խորհրդական նշանակված գեներալը ՊՆ-ն գլխավորեց «հետպատերազմական շրջանում»: Թե Հայոց երբեմնի փառահեղ ու տարածաշրջանում ծանրակշիռ գործոն համարվող բանակի մնացորդների հետ Վաղարշակ Հարությունյանը ինչ արեց, բացահայտ երևում է վերջին շրջանում հաճախակի դարձող կորուստների մասին ՊՆ հաղորդագրություններից:

Այդ նույն Վաղարշակ Հարությունյանի՝ ՊՆ եղած ժամանակահատվածում թշնամին, ի դեմս ադրբեջանական զինուժի, ազատ, անկաշկանդ ու անարգել ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, առաջ շարժվեց մի քանի կիլոմետր և անարգել դիրքավորվեց, ամրացավ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, ինչպես, օրինակ՝ Սև լճի և Ուխտասարի հատվածում: Պատերազմի հանգամանքները, վստահ ենք, դեռ կուսումնասիրվեն, եթե ոչ այս իշխանության օրոք, ապա հաջորդին՝ հաստատապես։ Իսկ պատերազմի ավարտից հետո կատարվո՞ղը... Ո՞վ է դրա համար պատասխանատու, ո՞վ պիտի հաշիվ տար այդքան չարչրկված «ժողովրդին»: Ոչ մեկն էլ ոչինչ չտվեց: Իսկ կարո՞ղ ենք մտածել որ այն, ինչ սկսվել է պատերազմից հետո և այսօր ինչ կատարվում է Սյունիքում, հատկապես Որոտանում անցակետեր դնելու հետ կապված, իրականում սկսվել է հենց Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ։ Կարո՞ղ է, օրինակ, որ նա տեղյակ է եղել և ոչ միայն ոչինչ չի արել, այլ ուղակի հրաժարական է գրել ու գլուխը ազատել է սպասվող ցավից։

Վաղարշակը գնաց, եկավ Արշակ Կարապետյանը, ևս մեկ օդիոզ կերպար, որի կարիերան «Նիկոլի թվին», ինչպես բազմիցս ընդգծվել է զանազան հրապարակումներում, տեղի է ունեցել մի հայտնի քաղաքական «գործով» Նիկոլի սրտով ցուցմունք տալու հետևանքով: Ինչևէ:

Հիմնականն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում փոխվել են պաշտպանության 3 նախարար, ՊՆ տեղակալներ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետեր, նրանց տեղակալներ, բանակային խոշոր ստորաբաժանումների ղեկավարներ, ՊՆ կառուցվածքում առանցքային միավորների ղեկավարներ, ԱԱԾ տնօրեններ և այսպես շարունակ, ու... ո՛չ մի հաշվետվություն, ո՛չ մի ընկալելի բացատրություն (ինչպես աշխատանքից ազատելու, պաշտոնանկության հետ կապված, այնպես էլ՝ նշանակումների ու դրանց հետևանքների վերաբերյալ): Ու զրոյից էլ զրո պատասխանատվություն:

Իսկ ո՞ւր է Դավիթ Տոնոյանը: «Թռած» է: Ո՞ւր է Վաղարշակ Հարությունյանը, որը, չմոռանանք, Նիկոլի գլխավոր խորհրդատուն է եղել նույն պատերազմի ընթացքում: «Թռած է»: Ո՞ւր է Արշակ Կարապետյանը: Դատելով բանակում կատրվող բացարձակ, կներեք, «բարդակից», նա էս գլխից է «թռած»: Իսկ այս ամենը խոսում է միմիայն անպատասխանատվության բարձր շեմի մասին, որը կրում են կառավարության ղեկավարից սկսած, ավարտած իշխանական պատգամավորներով։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ