22  07  2016

Զինված հարձակում Երևանում. Օր 6-րդ

Զինված հարձակում Երևանում. Օր 6-րդ

Հաջորդ օրվա՝ հուլիսի 23-ի դեպքերը

 

 

6-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խումբը ներխուժել է Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք: Իրավիճակը խիստ լարված է և ամեն վայրկյան կարող է դուրս գալ վերահսկողությունից: Մի կողմից զինյալ խումբն է պահանջներ դրել, և անհայտ է՝ իրականում ինչպիսի բանակցություններ են ընթանում խմբի հոտ, մյուս կողմից հավաքված քաղաքացիների նյարդերն են տեղի տալիս:

Բացի այդ՝ բողոքում են նաև Սարի թաղի բնակիչները, որոնք արդեն որերորդ օրն է՝ զրկված են լույսից, գազից ու ջրից՝ 40 աստիճան շոգի պայմաններում:

Հուլիսի 20-ի երեկոյան և 21-ի գիշերը եղան բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև: Բախումներ արդյունքում հարուցվել են քրեական գործեր, կան ձերբակալվածներ, ինչը լրացուցիչ լարում է իրավիճակը:

Հուլիսի 22-ի գիշերը հիմնկանում միջադեպեր չգրանցվեցին:

 

Ուղիղ միացում Խորենացի փողոցից

 

 ***

Ոստիկաններն ու տարրական կուլտուրան

Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ՝ «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչները, հուլիսի 21-ի երեկոյան Խորենացի փողոց էին եկել՝ ոստիկան-ցուցարար, ոստիկան-զինյալ խումբ բախումներ թույլ չտալու համար:

Պատգամավորները ցանկություն հայտնեցին մոտենալ ոստիկաններին և մեկնաբանություն ստանալ զինյալ խմբի սննդի, բերման ենթարկվածների և այլ հարցերի մասով:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 ***

Ոչ ոք բարոյական իրավունք չունի ասելու զենքերը վայր դրեք. Արամ Հարությունյան

Տղաների պահանջը կարևոր է, դրանք այն պահանջներն են, որ ունի ժողովուրդը. Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին այցի եկած քաղաքական գործիչ Արամ Հարությունյանը:

Նրա խոսքով, ոչ ոք «Սասնա ծռերին» իրավունք չունի ասել զենքերը վայր դրեք:

Արամ Հարությունյանը համարում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը կլինի ի շահ պետության:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

Լուսանկարներ հուլիսի 21-ի դեպքերից

 

Անհնար է դիմանալ այսքան առնետների գոյությանը Հայաստանում. Քննարկում

ՀՀ ստեղծագործական միության նախագահները հանդես են եկել հայտարությամբ, որի նպատակն է կանխել արյուրանեհեղությունը: Նրանց խոսքով՝ իրենց կոչն  ուղղված է թե իշախնություններին, թե զինված խմբին, թե ժողովրդին:

Ինչպե՞ս են մտավորականները  տեսնում հանգուցալուծումը և ի՞նչ կարծիք ունեն ՊՊԾ  գնդի վրա հարձակման և ցույցերի մասին՝ տեսանյութում:

 

***

Սերժ Սարգսյանի խոսքը՝ Էրեբունու դեպքերի կապակցությամբ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ հուլիսի 22-ին տեղի է ունեցել խորհրդակցություն ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Երկրի ղեկավարին ներկայացվել է 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև իրականացվող միջոցառումների արդյունքները:

 

Հանրապետության Նախագահին զեկուցվել է նաև, որ պահակապարեկային գնդի տարածքում պահվող պատանդներին ազատ արձակելու, զինված խմբի անդամների կողմից զենքը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու նպատակով շարունակաբար վարվում են ակտիվ բանակցություններ, ձեռնարկվում են իրավիճակից թելադրվող այլ անհրաժեշտ գործողություններ:

Հանրապետության Նախագահն ընդգծել է ստեղծված իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար պետք է ձեռնարկվեն հնարավոր բոլոր միջոցները, կարևորել է ենթադրյալ բոլոր իրավախախտումների համակողմանի և անաչառ քննությունը, ինչպես նաև մեղավորների համար պատժի անխուսափելիության ապահովումը: Խորհրդակցության արդյունքներով իրավապահ մարմինների ղեկավարներին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ:

«Մինչ մեր հերթական խորհրդակցությունը սկսելը մեկ անգամ ևս փաստենք, որ մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին և պատասխանատու օրեր: Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք:

Մեկ անգամ ևս ցավակցում եմ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին և հարազատներին: Բոլորս պարտք ունենք նրա առաջ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս բարդ իրավիճակը կարգավորվի և նման ողբերգություն այլևս չկրկնվի:

Այս վիճակի ակունքում է մեր իրողության մեջ ամենավտանգավոր մտայնությունը՝ հարցերը լուծել բռնությամբ և ուժի կիրառմամբ: Այս մտայնության հետագա զարգացումը հղի է շատ վտանգավոր հետևանքներով հենց մեր երկրի և պետականության համար:

Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն:

Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը:

Պատանդները պետք է ազատ արձակվեն:

Զինված խումբը պետք է վայր դնի զենքը:

Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ:

Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով:

Այո՛, Հայաստանում դժգոհներ շատ կան: Սակայն թող ոչ ոք չսխալվի և չմտածի, որ կարող է որևէ առիթ կամ պատճառ շահագործել մեր պետականության հիմքերը քայքայելու համար:

Հորդորում եմ մեր հանրության բոլոր ներկայացուցիչներին իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքները իրացնել բացառապես խաղաղ և օրենքի շրջանակներում: Հորդորում եմ նաև, որ տուրք չտան ծայրահեղ քայլեր և սադրանքներ հրահրող անձանց առաջարկներին և գաղափարներին: Դա հղի է նոր մարդկային կորուստների լուրջ վտանգով:

Հորդորում եմ, որ յուրաքանչյուր ոք գիտակցի այդ սադրանքներից և ծայրահեղ քայլերից բխող իրական վտանգները:

Հանձնարարում եմ ձեզ՝ իրավապահ մարմինների ղեկավարներիդ, որպեսզի ձեր գործունեությունը շարունակեք իրականացնել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում:

Մենք շարունակում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար:

Կրկին կոչ եմ անում զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը:

Մենք գործում ենք և գործելու ենք համբերատար: Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և առողջությունը թանկ է մեզ համար:

Մենք չենք գնացել այսպիսի իրավիճակներում դասական համարվող ճանապարհով: Սրանով մենք հնարավորություն ենք տվել զինված խմբին հետքայլ կատարելու համար: Հուսով եմ, որ նրանք կսթափվեն:

Բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ողջ հանրությունն այս լարվածության պատանդը դառնա:

Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ: Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունն իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին:

Մեկ անգամ ևս բոլորիս զգոնության և զսպվածության կոչ եմ անում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի ապագայի»,-ասել է ՀՀ Նախագահը խորհրդակցության ժամանակ:

***

Ոստիկանները կոտրել են կինոռեժիսոր Արամ Շահբազյանի թևը:

Ոստիկանները հուլիսի 21-ին կոտրել են կինոռեժիսոր Արամ Շահբազյանի թևը: Ինչպես պատմում է կինոռեժիսորը՝ ինքը գնացել է դեպի Էրեբունի ոստիկանության շենք, որի դիմաց այդ պահին գտնվում էր ընկերը: Սասունցի Դավիթ-Ձերժինսկի փողոցների խաչմերուկի մոտ, ՊՊԾ-ից դեռ բավականին հեռու, կանգնեցրել է մեքենան ու ոստիկաններին հարցրել, թե կարո՞ղ է ոտքով  գնալ ընկերոջ մոտ։ Այդ պահին քաղաքացիական հագուստով մեկի հրահանգով ոստիկանները մոտեցել են ու գետնին գլորել Արամ Շահբազյանին՝ վայրկյանների ընթացքւմ կոտրելով թևը:  Մեր տեղեկություններով՝ այս պահին այդ ոստիկանները նույն տեղում դեռ «ծառայություն» են իրականացնում:

Կինոռեժիսորը պետք է մեկնի Բուլղարիա, որտեղ նրա «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը մասնակցում է Բուրգասի ֆիլմերի միջազգային փառատոնին:

***

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ստեղծված իրավիճակի մասին

Էրեբունու ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հայտարարություն է տարածել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հայտարարության տեքսը հրապարակել է ilur.am կայքը։

«Ցանկացած պետություն, ազգ կամ հասարակություն, իր բազմազան ներքին տարաձայնություններով ու հակառակություններով հանդերձ, երբ հայտնվում է հայրենիքին սպառնացող արտաքին մարտահրավերի առջև, որպես կանոն, ամեն ինչ ժամանակավորապես մի կողմ է դնում և միահամուռ կերպով լծվում այդ մարտահրավերի դիմակայման գործին։

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդն, ահա, կանգնած է այդպիսի մարտահրավերի, այն է՝ արցախահայության անվտանգության ապահովման և Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդրի առջև, որն իր կարևորությամբ ստվերում է հայ ժողովրդին հուզող բոլոր մնացյալ հարցերը։

Ըստ այդմ, ներկա պահին իշխանությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների յուրաքանչյուր քայլ, խոսք կամ գործողություն անհրաժեշտ է գնահատել բացառապես այդ գերակա խնդրին նպաստելու կամ վնասելու տեսանկյունից։

Ցավոք, սակայն, սեփական խոսքերի ու գործողությունների գնահատման տվյալ չափանիշի կարևորությունը շատերի կողմից, կարծես-թե, չի գիտակցվում և, որ ավելի վտանգավոր է, արտաքին մարտահրավերի դիմակայման հրամայականի թելադրանքով ներքին խնդիրները մի կողմ դնելու և համախմբվելու՝ հասուն պետություններին, ազգերին ու հասարակություններին հատուկ վերը հիշատակված ոսկե կանոնը մեզ մոտ առայժմ չի գործում, ինչը կարող է մեզ հասցնել ազգային աղետի։

Վերացական մտքեր արտահայտելու մեջ չմեղադրվելու և անառարկայական չդիտվելու համար նշեմ Ղարաբաղում և Հայաստանում վերջերս տեղի ունեցած հետևյալ երեք կոնկրետ իրադարձությունները.

1. Որոշ անպատասխանատու քաղտեխնոլոգների կողմից իրականացված «Սամվել Բաբայան» սադրիչ օպերացիան, որը մի քանի օր անտեղի հուզումներ առաջացրեց Ղարաբաղում.

2. Շուրջ երկու տասնյակ վերլուծաբանների, քաղաքական գործիչների և նախկին բարձրաստիճան դիվանագետների մասնակցութամբ Շուշիում գումարված մարտաշունչ համաժողովը, որի օգտակարությունը կասկածի տակ չէր դրվի, եթե նիստից հետո այդ գերհայրենասեր ժողովականներն անմիջապես կամուֆլյաժներ հագնեին ու դիրքավորվեին Թալիշի մատույցներում։

3. Եվ վերջապես, զինված խմբի կողմից ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի դեմ կատարված հարձակումը և դրա հետևանքով այս օրերին Երևանում ստեղծված գերլարված իրավիճակը։

 

Ես չեմ ցանկանում նշված իրադարձությունների վերաբերյալ ավելի ընդարձակ գնահատականներ տալ և իմ տեսակետը պարտադրել հասարակությանը։ Յուրաքանչյուր ոք, վերոնշյալ գերակա խնդիրը նկատի ունենալով, թող ինքը դատի, թե՝

ա. որքանով են դրանք նպաստում կամ վնասում արցախահայության անվտանգության ապահովման և Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման խնդրին, և

բ. որքանով են ուժեղացնում կամ թուլացնում հայկական դիվանագիտության դիրքերը տվյալ խնդրին նվիրված ընթացիկ բանակցություններում։

Բայց որպեսզի տպավորություն չստեղծվի, թե խուսափում եմ կոնկրետ դրված հարցի պատասխանից, ասեմ.

– Այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին է պետական հիմնարկության դեմ ուղղված զինված գործողությունը։

– Վերլուծությունները պետք է կատարվեն և տեղի ունեցածից դասեր քաղվեն ստեղծված գերվտանգավոր իրավիճակի հանգուցալուծումից հետո։ Ներկա պահին դրանք միայն գրգռություններ են առաջացնում և ավելի ևս բարդացնում իրավիճակը։

– Բնականաբար, ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից և խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն և ողջամիտ ժամանակ պահանջեն։

– Անիմաստ է բարոյա-խրատական քարոզներ կարդալ և հայրենասիրության դասեր տալ Ժիրայր Սեֆիլյանին և նրա զինակիցներին։ Նրանց հայրենասիրությունն ապացուցման կարիք չունի։ Նրանք դա ապացուցել են ռազմի դաշտում, անձնազոհաբար ու կամովին մասնակցելով արցախյան պատերազմին։

– Որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող, իմ շփումներից ես համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել։ Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի, և նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից»։

 ***

Տարօրինակ զուգադիպություն

6-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել է Ոստիկանության ՊՊԾ գունդը, 6-րդ օրն է, որ երկիրը գտնվում է ծայրաստիճան լարված վիճակում:

Այս օրերին եղան բազմաթիվ հայտարարություններ, բազմաթիվ գործիչների այց Խորենացի փողոց՝ ցուցարարների հետ հանդիպման:

Ժողովուրդը սպասում էր իշխանության և իշխանության ղեկավարի խոսքին, բայց լռություն էր:

Հուլիսի 22-ին, տարօրինակ զուգադիպությամբ, խոսեց և նախագահ Սերժ Սարգսյանը, և հայտարարություն տարածեց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, ինչպես նաև վերջերս իշխանության հետ բավականին սերտացած ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

***

Ինչպես ուռին ու բարդին …

Ս.թ. հուլիսի 17-ից 22-ը Երևանի Էրեբունի վարչական շրջանում քաղաքացիների կողմից վնասվել է «Սանիթեք» ընկերության 8 աղբաման, որոնցից 3-ը այրվել է և վերանորոգման ենթակա չէ: Արդյունքում «Սանիթեքը» մեծ նյութական վնասներ է կրել: Միևնույն ժամանակ, նույն վարչական շրջանում ավելի քան 20 աղբաման տեղահանվել է նախատեսված վայրերից՝ օգտագործվելով որպես բարիկադներ ևխոչընդոտելով սանմաքրման և աղբահանության աշխատանքների պատշաճ իրականացմանը:

«Սանիթեք» ընկերությունը դիմում է Երևանի բնակիչներին և հորդորում նրանց չվնասել այլոց մասնավոր սեփականությունը հանդիսացող գույքը: «Սանիթեք» ընկերությունը,աշխատելով հանրային ծառայության՝ մասնավորապես սանմաքրման և աղբահանության ոլորտում, խնամքով ու հոգատարությամբ է ծառայում Երևանին՝ ակնկալելով համարժեք վերաբերմունք Երևանի բնակիչներից:

«Սանիթեք» ընկերությունը 2 տարի է, ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում և այս ընթացքում ֆինանսական մեծ կորուստներ է գրանցել՝ Երևանի վարչական շրջաններում տեղադրված ընկերության հարյուրավոր աղբամանները դիտավորյալ կամ անզգուշությամբվնասելու պատճառով:

***

Խորենացի փողոցում ավելանում է թե ոստիկանների, թե քաղաքացիների թիվը: 

***

ՀՀ նախագահից ավելի կոշտ հայտարարություն էի սպասում. Գառնիկ Իսագուլյան

Հուլիսի 22-ին  ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա հարձակման և արդյունքների մասին Սերժ Սարգսյանի ելույթի շուրջ Yerevan.Today-ը զրուցեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:

Նրա կարծիքով, նախագահի ելույթը բավական զուսպ էր:

 

***

ԱԺ նախագահն էլ խոսեց…

Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման ու դրանից հետո ստեղծված իրավիճակին` ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, թե իրենք աշխատում ենք, որ այնպիսի լուծում գտնվի, որի մասին բոլորը նույն կերպ մտածեն: ԱԺ նախագահը նշել է, որ եթե ճիշտ չլուծվի հարցը, դա դեմ դուրս կգա պետությանը:

«Առայժմ մենք պետք է մտածենք ամեն ինչ անել, որպեսզի պետության դերակատարումն իր տեղում մնա: Ճիշտ լուծման տարբերակն այն է, որ մարդիկ զգան, որ իրենց գործողությունները որոշակիորեն մեծ հույսեր և տրամադրություններ չեն առաջացնում մարդկանց մոտ. Կարծում եմ դատական կարգով, քաղաքական գործիչներով կորոշենք, որպեսզի պարզ, դրական, մատչելի լինի և՛ հասարակության համար, և՛ իրենց համար»,- ասել է Գալուստ Սահակյանը` հավելելով, թե իշխանությունները պատրաստ են օրենքի շրջանակներում այնպես անել, որ փոխզիջումը և օրենքը համընկնեն մեկը մյուսին:

Ինչ վերաբերում է հարցին` ԱԺ նախագահը «Սասնա ծռեր» խմբին ահաբեկիչ համարո՞ւմ է,  Գալուստ Սահակյանն արձագանքել է «Ես այսօր չեմ ուզում մեղադրել՝ դավաճան են, դավաճան չեն։  Պարզապես մտածում եմ, որ այնպիսի լուծում լինի, որ և՛ իրենց ձեռնտու լինի, և՛ հասարակությանը»:

***

Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներից տուժած անձանցից այսօրվա դրությամբ հիվանդանոցում բուժում է ստանում 12 անձ, որոնցից 4-ը ոստիկաններ են: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:

***

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է խմբի անդամների հետ հանցավոր կապերի մեջ գնտվող անձանց խումբ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված դատավարական և օպերատիվ-հետախուզական տվյալների մշակման ու իրացման արդյունքում ձերբակալվել է խմբի անդամների հետ հանցավոր կապերի մեջ գնտվող անձանց խումբ, ովքեր աջակցել են նախկինում կատարված հանցանքներին և ներկայումս շարունակում են օժանդակել նախապատրաստվող նոր հանցագործություններին:

Մասնավորապես, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները ներկայումս անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող իրենց հանցակիցներին, կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող սադրիչ և հանցավոր գործողություններ:

Մասնավորապես, այս կապակցությամբ հուլիսի 21-ին ձերբակալվել է Վ. Գ.-ն, ով ապօրինի կերպով զենք, այդ թվում՝ նռնակ կրելով փորձել է հասնել Խորենացի փողոցի արգելափակված հատված, սակայն նրա հանցավոր գործողությունները խափանվել են մինչև նշված վայր հասնելը:

Բացի այդ, հուլիսի 22-ին ձերբակալվել է Մ.Ա.-ն, ով փորձել է բենզինով և յուղով շշալցված պայթուցիկները («մոլոտովի կոկտեյլ») պոլիէթիլենային տոպրակներով տեղափոխել Խորենացի փողոցի արգելափակված հատվածը և դրանք օգտագործել պատեհ առիթի դեպքում:

Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ զինված խմբին հանցակցելու իրական մտադրություններ ունեցող այլ անձինք ևս անհատականացված են և ներկայումս գտնվում են իրավասու պետական մարմինների մշտադիտարկման ներքո: Նրանց հնարավոր հանցավոր գործողությունների կասեցման կամ խափանման համար ձեռնարկվում են օրինական և հասանելի բոլոր միջոցները:

Նկատի ունենալով վերոնշյալը, Ազգային անվտանգության ծառայությունը խստագույնս հորդորում է քաղաքացիներին մարդկանց կուտակումների վայրերում դրսևորել շրջահայացություն, տարօրինակ վարքագիծ կամ կասկածելի առարկաներ նկատելու դեպքում անհապաղ լքել համապատասխան տեղանքը և այդ մասին անմիջապես տեղյակ պահել իրավապահ մարմիններին:  

 ***

«Ես անձամբ հավաստիացնում եմ, որ ՊՊԾ գնդում գտնվողների սննդի, դեղորայքի, բժկական օգնության հետ կապված  հարցերը, այդ տիպի մյուս հարցերը կարգավորվում են: Ես անձամբ եմ այնտեղ ուղեկցել բժշկական խմբին, որը տեղում է, տեղում աշխատում է. երեկ և այսօր կատարվել է անհրաժեշտ բժշկական ողջ օժանդակությունը: Իսկ ավելի երկար ու ավելի մանրամասն ամեն ինչի մասին կխոսեմ առաջիկայում»,- News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:

***

Պատգամավորները կոչ են անում ձերբակալված երիտասարդներին ազատ արձակել

ԱԺ մի խումբ պատգամավորներ հայտարարություն են տարածել՝ նշելով.

«Հուլիսի 21-ի գիշերը, գերլարված մթնոլորտի և գերհուզական տրամադրությունների արդույնքում, տեղի ունեցան քաղաքացիների և ոստիկանության ընդհարումներ, ինչի հետևանքով կան տուժածներ և ձերբակալվածներ:

Տասնվեց երիտասարդի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, ինչն է՛լ ավելի է շիկացնում և լարում առանց այն էլ պայթյունավտանգ իրավիճակը: Մենք հասկանում ենք, որ հարցն ունի իրավական կողմ, չենք անդրադառնում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը և, միևնույն ժամանակ, կարծում ենք, որ իրավիճակից դուրս գալու առաջին քայլերից մեկը վերջին օրերին ձերբակալված երիտասարդների ազատ արձակումն է և այսուհետ նման միջադեպերի բացառման մեխանիզմների մշակումը:

Կոչ ենք անում դրսևորել համապատասխան կամք և կարճել հարուցված քրեական գործերը՝ կարևոր քայլ անելով իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար:

Կոչ ենք անում ոստիկանությանն այսուհետ ցուցաբերել զսպվածություն:

Դիմում ենք մեր քաղաքացիներին՝ դրսևորելով քաղաքացիական բարձր դիրքորոշում՝ խուսափել ոստիկանության հետ ընդհարումներից»:

Հայտարարությունը բաց է ԱԺ պատգամավորների միանալու համար

Այս պահին այն ստորագրել են՝

Էլինար Վարդանյան («Համախմբում» կուսակցություն)

Վահե Հովհաննիսյան («Համախմբում» կուսակցություն)

Վարդան Օսկանյան («Համախմբում» կուսակցություն)

Ստեփան Մարգարյան («Համախմբում» կուսակցություն)

Տիգրան Ուրիխանյան («Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն)

Խաչատուր Քոքոբելյան («Ազատ դեմոկրատներ» կուսակցություն)

Զարուհի Փոստանջյան («Ժառանգություն» կուսակցություն)

22:33

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բողոքի ցույցի վայրը վերածեց քաղաքական հարթակի. նա նշեց, որ ամեն օր ժամը 20:00-22:00-ն լինելու է ազատ կամարտահայտման ժամ, 21:00-ից սկսած՝ ելույթների ժամ:

***

Նման հայտարարություն որևէ դպրոցական կարող էր անել. Պարույր Հայրիկյանը՝ Սերժ Սարգսյանին

Նախագահն ավելի շատ տեսակետ ասաց, քան հայտարարություն արեց: Այս մասին Yerevan.Today-ի զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով զինյալ խմբի գործունեության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Նա ասաց, որ պետք է հենց դեպքից հետո հայտարարություն աներ նախագահը:

Քաղաքական գործչի խոսքով, սահմանադրությունն իշխանությունը կեղծել է և դրանով քաղաքացիներին արտոնել ամեն քայլի:

 

 ***

Նախագահն ավելի լարեց իրավիճակը. Կարծիք

Սերժ Սարգսյանը ելույթում ավելի լարեց իրավիճակը, հանրությունը սպասում էր փոխզիջման, իսկ նախագահի ելույթը ուժային լուծման մասին էր: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ակտիվիստ Արմեն Մկրտչյանը, ով մասնակցում է բողոքի գործողություններին ամեն օր: Նա կարծիք հայտնեց, որ արդեն պետք է քաղաքական հարթակ ձևավորվի Խորենացի փողոցում, և իշխանության վրա ճնշումներ գործադրվեն:

 

***

Իշխանափոխության գործընթացը սկսվեց. Արա Պապյան

Քաղաքագետ Արա Պապյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց, որ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի վերաբերյալ հայտարարությամբ երկրում սկսվեց իշխանափոխության գործընթաց: Իշխանությունը, ըստ նրա, ադեկվատ չէ երկրում ընթացող գործընթացներին:

Նախագահը, ըստ Արա Պապյանի, պետք է նաև ասեր, թե ինչու պետք է զենքը վայր դնի զինյալ խումբը:

Քաղաքագետի խոսքով, ճիշտ կլիներ, եթե երկրի ղեկավարությունը մի քանի հետքայլ աներ:

***

Այդ տղաները ոչ մի վտանգ չեն ներկայացնում. վտանգն իշխանությունների սխալներն են. Ստեփան Գրիգորյան

«Եթե հարցը գնում է ոստիկանների՝ զենքը վայր դնելու մասին, ես Սերժ Սարգսյանի հետ եմ»,- Yerevan. Today-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի գործունեության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը:

Նա համարում է, որ անիմաստ է այսքան զինված մարդ պահել, որոնք որևէ դրական ֆունկցիա չեն կատարում:

«Այդ տղաները ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Վտանգն իշխանությունների սխալներն են: Այն գնդապետը, որ զոհվեց, սխալ հրամանի զոհ էր»,-ասաց քաղաքագետը:

 

 ***

Ամոթալի հայտարարություն. Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ի երեկոյան Խորենացի փողոցը վերածեց քաղաքական հարթակի և իշխանության հեռացման կոչերով հանդես եկավ: Նա անդրադարձավ «Սասնա ծռեր» խմբի գործունեության՝ ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ և իր նախկին զինակից Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 

***

Երբ ամեն ինչ խաղաղ է. Խորենացի փողոցը` երեկոյան

Թեև Խորենացի փողոցում հուլիսի 22-ի երեկոյան հավաքված քաղաքացիներն անհամեմատ ավելի մեծաթիվ են, բայց իրավիճակն էլ անհամեմատ ավելի կայուն ու խաղաղ է: Ոստիկանական արգելապատնեշների մոտ անգամ ոստիկանական շարքը հետ է քաշված` հատուկենտ ոստիկաններ են միայն երևում, որոնք հերթապահություն են իրականացնում:

Քաղաքացիներն էլ պատշաճ հեռավորություն են պահում արգելապատնեշից:

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները անմիջապես Խորենացի և Քրիստափորի փողոցների խաչմերուկի մոտ ստեղծել են քաղաքական հարթակ, որտեղից ժամանակ առ ժամանակ քաղաքական բնույթի ելույթներ են հնչում:

Մանրամասն` տեսանյութում:

 

 

 

 

Նախորդ օրերի դեպքերի զարգացումները՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Խորենացի փողոց | ՀՀ ոստիկանություն | Ոստիկանության ՊՊԾ գունդ | զինված հարձակում | ապստամբներ | Պավլիկ Մանուկյան | Համախմբում կուսակցություն | Վարդան Օսկանյան | ԱԺ պատգամավոր | Էլինար Վարդանյան | Մանվել Եղիազարյան | Անդրանիկ Թևանյան | Ստեփան Մարգարյան | Վահե Հովհաննիսյան | Արամ Հարությունյան | Ազգային համաձայնություն | Սերժ Սարգսյան | ՀՀ նախագահ | խորհրդակցություն | իրավապահ մարմիններ | Լևոն Տեր-Պետրոսյան | ՀԱԿ առաջնորդ | Առաջին նախագահ | ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմին | Սանիթեք | աղբաման | Էրեբունի վարչական շրջան | ԱԺ Նախագահ | Գալուստ Սահակյան | Առողջապահության նախարարություն | վիրավորներ | Արցախի հերոս | գեներալ | Վիտալի Բալասանյան | Տիգրան Ուրիխանյան | Խաչատուր Քոքոբելյան | «Ժառանգություն» կուսակցություն | «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն | «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն | Պարույր Հայրիկյան | ԱԻՄ կուսակցություն | ակտիվիստ | Արմեն Մկրտչյան | Արա Պապյան | քաղաքագետ | Ստեփան Գրիգորյան | Նիկոլ Փաշինյան
Դիտել նաև
Orphus համակարգ