20  07  2016

Զինված հարձակում. Օր չորրորդ

Զինված հարձակում. Օր չորրորդ

Հաջորդ օրվա՝ հուլիսի 21-ի դեպքերը

 

Չորրորդ օրն է, ինչ զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքում պատանդառել է ոստիկանների: ԱԱԾ-ն հայտարարում է, որ բանակցություններ են տարվում զինված խմբի հետ:

Երևանի Մովսես Խորենացի փողոցում և Սարի թաղում իրավիճակը ծայրաստիճան լարված է, մշտապես տեղի են ունենում բերման ենթարկումներ, հատկապես երեկոյան ժամերին՝ բախումներ ոստիկանների հետ:

 Ուղիղ միացում Խորենացի փողոցից

 

 

 

 

***

Տեսանյութ, թե ինչից սկսվեցին բախումները

Հուլիսի 19-ի երեկոյան Խորենացի փողոցում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև: Ցուցարարները ջարդեցին ոստիկանության մեքենայի ապակին:

Սարի թաղի կողմից ոստիկանների և ցուցարարների բախումների արդյունքում վիրավորվեց 4 ոստիկան: Տեսանյութերից երևում է, որ երկու կողմն էլ ցուցաբերում է ագրեսիվություն:

 

 

***

Հուլիսի 19-ի երեկոյան ցուցարարները ոստիկաններից վերցրած մետաղային արգելապատնեշներով փակել էին Նար-Դոս փողոցից դեպի Խորենացի փողոց և Տիգրան Մեծ պողոտայից դեպի Խորենացի փողոց տանող ճանապարհները: Ոստիկանները հուլիսի 20-ի առավոտյան հանեցին արգելապատնեշները, սակայն ցուցարարները կենդանի պատ են կազմեցին և փակեցին ճանապարհը: 

 ***

Տարհանվածների գտնվելու վայրը չի նշվում

Ըստ  շրջանառվող լուրերի, Էրեբունիի ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով Սարի թաղի որոշ բնակիչների տարհանել են: Թե քանի՞ ընտանիք է տարհանվել և ու՞ր են տեղափոխել բնակիչներին, չի հաղորդվում: 

Այս մասին Yerevan.Today-ը հարց ուղղեց Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Վերջինս պատասխանեց, որ նման տեղեկատվություն չի կարող  հաղորդել:

***

Գործ ունենք իշխանության ծայրահեղ անխոհեմության հետ. Քաղաքագետ

Ոստիկանության ՊՊԾ գնդիր վրա զինված հարձակման, պատճառների, հետևանքների, իշխանությունների լռության մասին Yerevan.Today-ը զրուցեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ:

Նա դժվարացավ լավ ավարտ գուշակել …

 

 ***

Հավաքվել ենք, որ արյունահեղություն չլինի. քաղաքացիներ

ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման մերձակայքում Yerevan.Today-ը զրուցեց հավաքված քաղաքացիների հետ:

Ինչու՞  են քաղաքացիները եկել Էրեբունի վարչական շրջան և ի՞նչ են մտածում կատարվածի մասին՝ տեսանյութում:

 

 

 ***

Araratnews.am-ը զրուցել է նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Նա, սակայն, ի սկզբանե հայտարարել է, որ Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ որևէ տեսակետ չի հայտնի:

-       Պարոն Սարգսյան, որտե՞ղ է  Սերժ Սարգսյանը:

-       Որոշեցիք ինձանի՞ց ճշտել:

-       Այո:

-       Հանրապետության նախագահը գործի է, մնացածը իրա լրատվականից ճշտեք:

-       Որպես խորհրդական` հնարավո՞ր է խորհուրդ տաք` խոսի, հայտարարությամբ հանդես գա:

-       Նախագահը ինքը կորոշի, ժամանակը գա` հանդես կգա:

-       Այսինքն` ժամանակը չէ՞:

-       Ես չգիտեմ` ժամանա՞կն է, թե՞ ժամանակը չէ, դա նախագահն է որոշում, սա խորհրդի կարիք չի պահանջում:

-       Սերժ Սարգսյանը տեղո՞ւմ է:

-       Հա, գործի է:

-       Տեսե՞լ եք:

-       Չէ, պարտադիր չէ, որ ամեն օր նրան տեսնեմ: Ես հո րոպեն մեկ չե՞մ հարցնելու` նախագահը տեղո՞ւմ է, ո՞ւր գնաց, ի՞նչ արեց: Մնացածը մամլո ծառայությունից  հարցրեք:

 ***

Ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը

 ***

«Հայաստանին անհրաժեշտ է հաղթահարել կառավարման խորհրդային կոռումպացված հիերարխիկ կառուցվածքը, որը որքան իշխում, այնքան քանդում է երկիրը` անկախությունից ի վեր: Մեծամասնության կողմից մշակույթի, կարեկցանքի, հավասարության գիտակցությունը միշտ հաղթելու է հատկապես տնտեսական հավասարական միջավայրում:

Եվս մեկ ծանր օր պատմության մեջ կարելի է հաղթահարել ինտելեկտի, արդարության և զգոնության շնորհիվ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:

***

Եթե նրանք տեռորիստ են, ո՞վ է ազգի հերոսը. քննարկում

Մամուլի ասուլիսում Երևանում զինված հարձակման դեպքին ու ստեղծված իրավիճակին անդրադարձան մտավորականները: Գրականագետ Դավիթ Գասպարյանը, երգահաններ Վահան Արծրունին և Արտավազդ Բայադյանը խոսեցին  կատարվածի խորքային  պատճառների  և  Հայաստանի ներա վիճակի մասին:

 

 ***

Իրավապահ մարմինների ակտիվ գործունեության համար առայժմ անհարժեշտ նախադրյալներ չկան. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով.

«ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զինված հարձակմամբ զավթելու և այնտեղ պատանդներ պահելու կապակցությամբ 2016թ. հուլիսի 17-ի վաղ առավոտից մինչ այժմ իրականացվող հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում ազատվել է հինգ անձ:


Ներկայումս ՊՊԾ գնդի տարածքում պահվող մյուս պատանդներին ազատ արձակելու, ինչպես նաև առկա իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու նպատակով իրականացվում են ակտիվ գործողություններ, ներառյալ՝ շարունակվում են բանակցային շփումները զինված խմբի անդամների հետ:

Ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ձեռնարկվող միջոցառումներն առանձնահատուկ են և խիստ մասնագիտական, ուստի դրանք կազմակերպող և իրականացնող անձինք կողմնակի միջամտության կամ օժանդակության կարիք չունեն:

ՀՀ իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն նրանց ակտիվ գործունեության համար առայժմ անհարժեշտ նախադրյալներ չկան»:

***

Առողջապահության նախարարության հայտարարությունը:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում հուլիսի 19-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում տարբեր վնասվածքներով 5 տուժած տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտել անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո բոլորը տուն են գնացել։ Ամբուլատոր պայմաններում ևս 2 տուժած անհրաժեշտ բուժօգնություն է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։

Հուլիսի 17-ից «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում բուժվող տուժածի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր` արդեն որոշակի դրական շարժընթացով։ Կայուն` դրական շարժընթացով` այսպես է գնահատվում նաև «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող տուժածի վիճակը։ Հուլիսի 17-ից այս կենտրոնում բուժվող մյուս տուժածի, ինչպես նաև ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվողի վիճակը բավարար է։

Այսպիսով, այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 4 տուժած, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում, 1-ը` «Հերացի» համալսարանական համալիրում, և ևս 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։

Բոլոր տուժածներին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։

***

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է

Հաշվի առնելով Մովսես Խորենացի փողոցի Սարի թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոցն ընկած միջանկյալ հատվածն անորոշ ժամանակով փակ լինելու հանգամանքը և Սարի թաղն սպասարկող հասարակական տրանսպորտի խաթարված աշխատանքի հետ կապված լուծումներ գտնելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված տարածքի բնակիչների դիմումը, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ աշխատակազմի տրանսպորտի վարչության պատասխանատուները հարցը քննարկել են սպասարկումն իրականացնող ընկերության տնօրինության հետ, որի արդյունքում համաձայնություն է ձեռքբերվել տվյալ երթուղին ժամանակավորապես շահագործել հետևյալ ուղեգծով.

Սարի թաղի հհ.12, 5, 3, 20, 27 փողոցներ - Դավիթ Բեկի - Ազատամարտիկների - Սասունցի Դավթի փողոցներ - Տիգրան Մեծի պողոտա - «Այրարատ» կ/թ։

Հետադարձը՝ «Այրարատ» կ/թ - Տիգրան Մեծի պողոտա - Մ. Խորենացու -Նար-Դոսի փողոցներ - Տիգրան Մեծի պողոտա - Սասունցի Դավթի - Ազատամարտիկների - Դավիթ Բեկի փողոցներ - Սարի թաղ։

Հավելենք, որ նման առաջարկով Երևանի քաղաքապետին էր դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը:

***

Սարի Թաղի դեպքերի առիթով ձերբակալված կա

Իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 20-ին ձերբակալվել է  անձ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ձերբակալվել է Երևանի բնակիչ, 1978թ. ծնված Հ.Թորոսյանը։

2016 հուլիսի 19-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քարեր և այլ կոշտ առարկաներ նետելով նրանց ուղղությամբ։ Կիրառված բռնությունների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել ոստիկանության 6 աշխատակից, ովքեր ճանաչվել են տուժող։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

***

Ծնողները Պավել Մանուկյանին խնդրում են, որպեսզի հետ վերադաձնի իրենց որդիներին, իսկ նրանցից մեկը չի ցանկանում վերադառնալ

Հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանությունում  տեղի ունեցավ ասուլիս, որտեղ Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասաց, որ զինված հարձակման մասնակիցներից մի քանիսի հարազատները Ոստիկանություն են դիմել աջակցության խնդրանքով: Վերջիններիս կարծիքով՝ իրենց որդիները գտնվում են ՊՊԾ գնդում, սակայն ինչու՞ և ինչպե՞ս են այնտեղ հայտնվել՝ չգիտեն: Ասուլիսին ներկա  Էդգար Սողոմոնյանի  հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը, Պավել Մանուկյանին խնդրեց ազատ արձակել իր որդուն: Նրա  խոսքով՝ Էդգարը «Սասնա ծռեր» խմբի անդամներին չի ճանաչել: Նա ասաց, որ չգիտի՝ արդյո՞ք որդին ստիպողաբար է հայտնվել խմբում, թե՝ ոչ: Իր տեղեկություններով՝ Էդգարին  կանչել են ցույցի, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին: Պատմելով որդու մասին՝ Մերուժան Սողոմոնյանն ասաց, որ Էդգար Սողոմոնյանը ծնվել է 1985 թվականին: Տեսողության հետ կապված խնդիրների պատճառով  չի ծառայել: Զենքին չի տիրապետում: Աշխատում է Ռուսաստանում: Հայաստան է վերադարձել հուլիսի 13-ին, և նորից պետք է հետ վերադառնար:

Ասուլիսին  ներկա Պապիկյան Մարինեն նույնպես կարծում է, որ որդին՝ Հովակիմյան Գառնիկը, զինված խմբի անդամներից է և գտնվում է ՊՊԾ գնդում: Նա տանից դուրս է եկել  հուլիսի 16-ի երեկոյան: Դրանից հետո մորը  հեռախոսով հայտնել է, որ գտնվում է շենքում: Այլ մանրամասներ չի հայտնել: Ձայնը վախեցած է եղել: Պապիկյան Մարինեն  նույնպես պահանջում է, որ որդուն ազատ արձակեն: Նա  պատմեց, որ Գառնիկը ապրում է Ռուսաստանում: Այնտեղ ընտանիք և երեխա ունի: Հայասատան է եկել անձնագիրը փոխելու և կրկին Ռուսաստան մեկնելու նպատակով, որտեղ ապրում է 2012 թվականից: Որդին նույնպես ասել է, որ գնում է ցույցի: Նրանց խոսքով՝ այդ օրվանից Սպիտակից 6 երիտասարդ բացակայում են:

Այս ասուլիսից անմիջապես հետո ArmLur.am-ին հաջողվել է կապ հաստատել Էդգար Սողոմոնյանի հետ:  Ըստ կայքի՝ վերջինս հեռախոսով ասել է.« Հայրս ինվալիդ մարդ ա, հիվանդ մարդ ա՝ ինսուլտ տարած: Ո՞նց կարայի իրան ասեի՝ ուր եմ գնում… Մինչև վերջ մնալու եմ»: Այնուհետև բացատրել, որ մինչև վերջ ասելով նկատի ունի մինչևՍերժ Սարգսյանի հրաժարականը:

***

«Սասնա ծռեր» զինված խումբը հայտարարել է, որ այսօր զինվորական պատիվ կմատուցի զոհված ոստիկան Արթուր Վանոյանին և երեք կրակոց կարձակի օդ: Խմբի ղեկավար Պավել Մանուկյանը քաղաքացիներին հորդորել է խուճապի չմատնվել կրակոցներից: Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը զոհվել է հուլիսի 17-ի առավոտյան Սասնա ծռեր խմբի հետ փոխհրաձգության արդյունքում:

 ***

«Սասնա ծռերը»

Armtimes.com-ը հրապարակել է «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից 18-ի անունները: Նրանցից 17-ը գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում, իսկ Թաթուլ Թամրազյանը հոսպիտալացվել է:

Նրանք են՝ Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Տիգրան Մանուկյան, Գագիկ Եղիազարյան, Արեգ Կյուրեղյան, Արմեն Բիլյան, Էդվարդ Գրիգորյան, Արայիկ Խանդոյան, Արմեն Լամբարյան, Հովհաննես Հարությունյան, ազատամարտիկ Դեդ, Մխիթար Ավետիսյան, Սերգեյ Կյուրեղյան, Աշոտ Պետրոսյան, Հովհաննես (ազգանունը հայտնի չէ), Արամ Մանուկյան:

***

Մտավորականները դիմում են Ժիրայր Սեֆիլյանին

«Հարգելի Ժիրայր

Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարևորում եք մտավորականի խոսքը, խնդրանքն ու բարի խորհուրդը: Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի` զինված հարձակման և պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ: Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը, վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետևանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին: Հավատացած ենք, որ Ձեր և Ձեր ընկերների հետագա խոհեմ ու զգոն քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու անվտանգությանը:

Ռուբեն Բաբայան, ռեժիսոր

Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր

Էդուարդ Թոփչյան, դիրիժոր

Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր

Պերճ Զեյթունցյան, գրող

Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր

Ռոբերտ Էլիբեկյան, նկարիչ

Ռուբեն Մաթևոսյան, երգիչ

Սասուն Պասկևիչյան, երգահան

Լևոն Մալխասյան, ջազ-երաժիշտ

Ալեքսանդր Գրիգորյան, ռեժիսոր

Արթուր Գրիգորյան, կոմպոզիտոր

Նորայր Մեհրաբյան, բալետմայստեր

Սոնա Հովհաննիսյան, խմբավար

Շուշան Պետրոսյան, երգչուհի

Նարեկ Հախնազարյան, երաժիշտ

Նունե Եսայան, երգչուհի

Ժիրայր Դադասյան, ռեժիսոր

Ռոբերտ Մլքեյան , խմբավար

Վահան Բադալյան, ռեժիսոր

Արև Պետրոսյան, նկարիչ-դիզայներ

Նարեկ Դուրյան, դերասան

Սերգեյ Սմբատյան, խմբավար

Ռոլանդ Շառոյան, գրող

Ալլա Լևոնյան, երգչուհի

Նիկոլայ Ծատուրյան, ռեժիսոր

Գևորգ Հակոբյան, երգիչ

Ռուբեն Հովսեփյան, գրող

***

Հրատապ ու «ոտքի վրա» ընդունված պահանջներ

Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում հավաքված ցուցարարները հանրային քննարկում են արել 4 կետ մշակել, թե ինչ պետք է անի ժողովուրդը.

1. Հռչակագրի ընդունում, որը պետք է ներառի «Սասնա ծռեր» խմբի առաջ քաշված պահանջները՝ դրան հավելելով արյունահեղությունը բացառելու կետը:

Պահանջների կատարումը, նշեցին, նշանակում է հեղափոխություն:

2. Բացել «Սասնա ծռերի» ինֆորմացիոն դաշտը:

3. Բացել «Սասնա ծռերի» և բանակցող կողմի հետ բանակցությունների առարկան:

4. Պետական մակարդակով դադարեցնել հերոսների խմբին ահաբեկիչ անվանելը:

5. Խմբին սնունդ տանի հարազատներից մեկը:

Նշեցին նաև, որ պետք է ժամանակ տալ իշխանությանը. եթե կողմ են պահանջներին, կսկսեն դրանց կատարումը, եթե դեմ են, կսկսվի պայքար:

***

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին աջակցելու համար  կալանավորվել է «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Խաչատուր Գիչյանը։ Ըստ մեղադրանքի, Խաչատուր Գիչյանն իր բեռնատար մեքենան տրամադրել է զինված խմբին, որոնք էլ ներխուժել են ՊՊԾ գնդի տարածք:

 ***

Քաղաքացիներն իրենք են սնունդ գնել ՊՊԾ գունդը գրաված խմբի և պատանդների համար և փորձում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջոցով հասցնել նրանց:

 ***

Խորենացի փողոցում լարում է, բախումներ են տեղի ունենում ոստիկանների և քաղաքացիների միջև:

***

Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ օգտագործեցին:

***

Ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում, նրանցից մի քանիսին բերման են ենթարկում գետնի վրա քարշ տալով, տրորելով:

22:11

Ոստիկանները շարունակում են արցունքաբեր գազ օգտագործել, քաղաքացիները՝ նետել քարեր, շշեր: 

***

Բախումները սկսվեցին այն բանից հետո, երբ քաղաքացիները ցանկանում էին իրենց բերած սնունդը փոխանցել ցուցարարներին, իսկ ոստիկանությունը չթողեց:

 *** 

Սարի թաղում ևս եղան բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև: Պատճառն այն է, որ թաղամասի բնակիչները դժգոհ են հուլիսի 19-ին տեղի ունեցած բախումների արդյունքում հարուցված քրեական գործերից:

***

Խորենացի փողոցից ելումուտ են անում շտապօգնության մեքենաներ: Երկու կողմից էլ միմյանց հարվածում են քարերով, ինչի արդյունքում կան վիրավորներ:

***

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոստիկանության փոխգնդապետն իր վրա քար է նետել:

***

Խորենացու փողոցում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներից հետո ցուցարարներին մոտեցավ հոգևոր հայր՝ աղոթքով հանգստացնելու նպատակով:

***

Ցուցարարների միջև լեզվակռիվ է ընթանում:

***

Ցուցարարներն աղբամաններից բարիկադ են սարքել: Դիմացը՝ մի քանի մետր հեռավորության վրա, ոստիկանական բարիկադն է:

***

Տեսանյութ, թե ինչից սկսվեց ոստիկաններ-ցուցարարներ բախումը

Խորենացի փողոցում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև՝ վերջին 4 օրերի ընթացքում ամենամեծ բախումը:

Բանն այն էր, որ ոստիկանները չէին թուլատրում ցուցարարներին սնունդ հասցնել «Սասնա Ծռեր» խմբի անդամներին:

Սկսվեց բախում, որի ընթացքում երկուստեք քարեր էին նետում միմյանց վրա, ոստիկանությունն ուղարկեց հատուկ միջոցներ: Եղան բերման ենթարկվածներ: 

 

***

Խորենացու փողոցում ոստիկանության հետ բախումից հետո ցուցարարների մի խումբ ուղղվեց դեպի Տիգրան Մեծի պողոտա և փակեց այն՝ օգտագործելով քարեր, նստարաններ, աղբամաններ:

***

Միայն Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվել է Խորենացի փողոցում ծեծուջարդից վիրավոր 13 հոգի: Նրանցից 11-ը ոստիկան է, երկուսի վիճակը՝ ծանր:

***

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուշադիր հետևում է Երևանի Խորենացի փողոցում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այս պահի դրությամբ թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են մի շարք ահազանգեր: Այդ ահազանգերի կապակցությամբ արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով սահմանված համապատասխն միջոցներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով խաղաղ հավաքի ընթացքում անհրաժեշտ է պահպանել հավաքի խաղաղ բնույթը, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի խաղաղ բնույթը վտանգելուն:

***

Բարիկադները, արցունքաբեր գազը, վիրավորներն ու հայհոյող ոստիկանը՝ մեկ տեղում

Ոստիկանների և զինված խմբի միջև բախում թույլ չտալու համար հավաքված ցուցարարներն իրենք հայտնվեցին բախումների կիզակետում:

Տեսանյութում Խորենացի փողոցում դեպքերի զարգացումն է՝ «բուռն» ծեծից հետո: Ցուցարարները, Խորենացի փողոցում «կորցնելով դիրքերը», փակեցին Տիգրան Մեծ պողոտան: Մանրամասն՝ տեսանյութում: 

***

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահությոն մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի ֆեյբուքյան էջից։

18-ը տեղափոխվել է շտապօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին։

***

Ցուցարարները պահանջում են հետ բերել բերման ենթարկված ցուցարարներին:

 

Նախորդ օրերի դեպքերի զարգացումները՝ այստեղ

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

ՊՊԾ գունդ | զինված հարձակում | սցենարներ | վիրավոր ոստիկան | բացառիկ տեսանյութ | Նար-Դոս փողոց | Սարի թաղ | Խորենացի փողոց | տարհանում | քաղաքագետ | Հայկ Մարտիրոսյան | Մաքսիմ Սարգսյան | Հիմնադիր խորհրդարան | Կարո Եղնուկյան | Ալիկ Սարգսյան | ՀՀ նախագահ | Սերժ Սարգսյան | Նախագահի խորհրդական | Սերժ Թանկյան | ռոք երգիչ | մտավորականներ | գրականագետ | Դավիթ Գասպարյան | երգահաններ | Վահան Արծրունի | Արտավազդ Բայաթյան | Սասնա ծռեր | հակաահաբեկչական գործողություններ | իրավապահ մարմիններ | Ազգային անվտանգության ծառայություն | ՀՀ առողջապահության նախարարություն | Երևանի քաղաքապետարան | երթուղի | քննչական կոմիտե | Ռուբեն Բաբայան | Հովհաննես Չեքիջյան | ռեժիսոր | դիրիժոր | Էդուարդ Թոփչյան | Տիգրան Մանսուրյան | կոմպոզիտոր | Պերճ Զեյթունցյան | գրող | Երվանդ Մանարյան | դերասան | Ռոբերտ Էլիբեկյան | նկարիչ | երգիչ | Ռուբեն Մաթևոսյան | Սասուն Պասկևիչյան | երգահան | Լևոն Մալխասյան | ջազ-երաժիշտ | Ալեքսանդր Գրիգորյան | Արթուր գրիգորյան | Նորայր Մեհրաբյան | բալետմայստեր | խմբավար | Սոնա Հովհաննիսյան | Շուշան Պետրոսյան | Նարեկ Հախնազարյան | Նունե Եսայան | Ժիրայր Դադասյան | Ռոբերտ Մլքեյան | Վահան Բադալյան | նկարիչ-դիզայներ | Արև Պետրոսյան | Նարեկ Դուրյան | Սերգեյ Սմբատյան | Ռոլանդ Շառոյան | հրապարակախոս | Ռուբեն Հովսեփյան | Ալլա Լևոնյան | Նիկոլայ Ծատուրյան | Գևորգ Հակոբյան | Բախում ոստիկանների հետ | Տիգրան Մեծի պողոտա | աղբամաններ
Դիտել նաև
Orphus համակարգ