16 07 2021

Որ մի քանի հազար զոհ տանք՝ լավ էլ կհամաձայնենք․ Հոխիկյանը փաստեր է պատմում Արցախի հանձնման մասին



Yerkir.am-ը գրում է․

Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բացդասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել է նաև արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին:

Ստոր ներկայացնում ենք մեդիափորձագետի խոսքի նշյալ հատվածը՝ կից տեսագրությամբ հանդերձ.

Սկիզբն՝ այստեղ

Էդ ընթացքում լսում եմ Լափշինի և Վլադիմիր Կարապետյանի խոսակցությունը: Վլադիմիր Կարապետյանն ասում է. «Որ մի քանի հազար զոհ տանք՝ լավ էլ կհամաձայնենք»: Բայց դե՝ չեմ հասկանում, թե խոսքն ինչի մասին է: Մի քանի րոպե հետո ես և Լափշինն իմ մեքենայով Գավառից վերադառնում  ենք Երևան: Հիշեցնում եմ՝ դա 2019 թ. մայիսի 11-ին էր: Լափշինն ասում է.

- Դուք շուտով պատերազմով Արցախը հանձնելու եք Ադրբեջանին:  

- Այսինքն, - հարցնում եմ ես Լափշինին:

- Վովան (Վլադիմիր Կարապետյանը) ինձ ասաց, որ դու շատ ես Ադրբեջանի դեմ խոսում, Ադրբեջանի դեմ միջազգային դատարան ես դիմել և այլն, բայց իմացիր, որ մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնալու ենք բարեկամության ճանապարհով, և մեր օրիենտացիան փոխում ենք: Ես հարցնում եմ՝ ոնց եք գնալու այդ ճանապարհով, չէ՞ որ նրանք Ղարաբաղն են ուզում, իսկ առանց Ղարաբաղը տալու չեք կարող գնալ էդ ճանապարհով: Վլ. Կարապետյանն ինձ ասաց՝ իսկ ո՞վ է ասում, որ չենք տալու: Հարցնում եմ՝ բայց ո՞նց եք տալու. բանակը չի տա, ժողովուրդը չի տա: Ասում է՝ ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա,- պատմեց Լափշինը (ինչպես վերևում նշվեց՝ այս վերջին նախադասությունը Նաիրի Հոխիկյանը լսել էր Լափշինի և Վլ. Կարապետյանի խոսակցության ընթացքում – Yerkir.am):

Վլադիմիր Կարապետյանը կոչ է արել Լափշինին՝ գնալ Հայաստանից, կամ դադարեցնել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ խոսել, որովհետև դա խանգարում է մեր պետական քաղաքականությանը:

Հիշու՞մ եք՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Ալիևը շատ կիրթ մարդ է, հետո Ադրբեջանի հետ որոշակի համատեղ ծրագրեր և այլն: Ի դեպ, իմ տեղեկություններով, նույն Վլ. Կարապետյանի կինը պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում Կիևում զբաղված էր Նիկոլի և Ալևի ուղիղ կապն ապահովելով:

2019 թ. մայիսից մինչև 2020 թ. սեպտեմբեր էլի բազմաթիվ իրադարձություններ եղան: Պատերազմից ժամանակ Լափշինն ինձ ասաց, որ դուք պատերազմը կկանգնեցնեք էն պահին, երբ Շուշին թուրքերը գրավեն: Դա հոկտեմբերի սկիզբն էր: Ասացի՝ ի՞նչ ես ասում: Ասաց՝ դուք պայմանավորվել եք արդեն, ձեր կառավարությունները պայմանավորվել են արդեն Շուշին տալ, ձեր զորքը չի ենթարկվում պայմանավորվածությանը, երբ զորքը ենթարկվեց, երբ զորքը տվեց Շուշին՝ պատերազմը կկանգնի:

Եվ դուք տեսաք՝ էդպես էլ եղավ:

Ի դեպ, դուք ուշադրություն դարձրե՞լ եք, որ այդ հայտարարության մեջ ամեն ինչ հստակ գրված էր, բացի ստորագրման ամսաթվից: Դա էլ հայտնի չէր, թե երբ են Շուշին մերոնք տալու: Շուշին տվեցին, էդ օրն էլ ամսաթիվը գրեցին՝ 9-ը, ասենք, չգրեցին, 8, 7, 6, 10…

Երկու անգամ՝ հոկտեմբերի 2-ին և 13-ին, Ռուսաստանը ՀՀ կառավարությանն առաջարկել է «Կռասուխա» տեսակի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ տեղակայել Սյունիքի մարզում և Ասկերանում՝ Արցախում, Արցախի «օդը փակելու» համար, և երկու անգամն էլ ՀՀ կառավարությունը մերժել է: Սա՝ տեղեկատվական առումով:   

Իրանի խորհրդարանը հոկտեմբերի 7-ին հատուկ օրենք է ընդունել, որ թույլ է տալիս իր որոշակի տեսակի զինատեսակներ վաճառել այլ երկրների, այն զինատեսակները, որոնք արգելված է վաճառել: Եվ հատուկ պատվիրակություն է ուղարկել ՀՀ, որպեսզի ՀՀ-ն դիմի Իրանին՝ այդ զինատեսակները գնելու համար, և իրանական անձնակազմն այդ զենքով հանդերձ պետք է մտներ ՀՀ ու Արցախի հարավային շրջաններ՝ թուրքական և ադրբեջանական զորքերի դեմ կոնկրետ գործողություններ անելու համար: Եվ այդ օրենքը հատուկ ընդունվել էր դրա համար: Հայաստանը մերժել է: Սա էլ է փաստ: Եվ սա ինձ ասել են իրանցի պաշտոնյաները՝ հստակ փաստաթղթերով:

Այսինքն՝ փաստ ունենք, որ Ռուսաստանի և Իրանի կողմից եղել են առաջարկներ:

2020 թ. նոյեմբերի 11-ին Ալ. Լափշինն ինձ հիշեցնում է այդ ամենը: Ահա նրա ձայնային հաղորդագրությունը.

Նաիրի, հիշու՞մ ես, երկու տարի առաջ մենք միասին Գավառից Երևան էինք գնում։ Տնտեսական ֆորումում հանդիպել էի Նիկոլի հետ, ու հիշո՞ւմ ես՝ պատմեցի, որ Նիկոլն այսպիսի բան էր ասել, ավելի ճիշտ ոչ թե Նիկոլը, այլ Վլադիմիր Կարապետյանը, որ շատ շուտով տեղի են ունենալու լուրջ փոփոխություններ, որովհետև Նիկոլը կողմնորոշված է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մերձեցման և Ղարաբաղյան հարցը լուծելու կողմը։ Նա ասաց՝ դու շատ ես «սիրում » Ադրբեջանը, նրանց մասին վատ ես գրում, բայց պետք է պատրաստ լինես, որ իրավիճակը շուտով փոխվելու է։ Ցավոք, իրավիճակը փոխվեց, բայց բոլորովին ուրախալի չէ։

Սա բազմաթիվ փաստերից մեկն է…

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ