28 06 2021

Խաբեության շքահանդես․ Լիա Իվանյան․ Panorama.am

Խաբեության շքահանդես․ Լիա Իվանյան․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ Ընտրություններից հետո, անցնելով հիասթափության, տարակուսանքի և շոկի բազմաթիվ աստիճաններով, արդյունքում մնաց խաբված լինելու զգացողությունը։ Ճիշտ ինչպես պատերազմի ժամանակ, երբ «հաղթում-հաղթում» ենք գոչելով՝ իրականում ամեն ժամ մոտենում  էինք խայտառակ պարտությանը։ Հիմարացված լինելու նույն զգացողությունն է։

Առնվազն միամտություն կլիներ ասել, թե սպասում էինք սուպեր մաքուր ընտրությունների։ Բայց երևի մոռացել էինք, որ Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե կեղծարարության միջոցների մեջ խտրականություն դներ։ Հետին հայացքով դատելով կեղծիքների համակարգվածությունից և ժամանակատարությունից, ստացվում է, որ դեռևս մարտին  ՖԲ-ով ընտրության օրը հայտարարելուն պես՝ վարչախումբը լծվել է ընտրակեղծիքների կազմակերպմանը։

Ըստ էության, ընտրախախտումներն այնքան մասշտաբային են եղել, որ երեք քաղաքական ուժեր՝  «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Զարթոնք» կուսակցությունը դիմումներ են ներկայացրել ԿԸՀ՝ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Խոսքը շուրջ 200 000 կեղծված ձայների մասին է, ինչը, բնականաբար, ազդեցություն է թողնում ընտրությունների արդյունքների վրա։ ԿԸՀ-ն, ինչպես և սպասելի էր, մերժել է դիմումները, սակայն «Հայաստան» դաշինքը մինչև հուլիսի 2-ը դիմելու է նաև ՍԴ՝ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու համար։

Ինչպես ասում են՝ այս խմորը դեռ շատ ջուր կտանի։ Այնպես որ վաղ է հաղթողներ կամ պարտվողներ նշանակելը, բայց պարտավոր ենք անել մի քանի կարևոր եզրահանգումներ․

- Թերագնահատվեց աթոռները չզիջելու հարցում վարչախմբի ամեն քայլի դիմելու պատրաստակամությունը։ Կամ էլ ճիշտ չհաշվարկվեցին արտաքին խաղացողների շահագրգռությունները․․․ չնայած, կյանքը ցույց տվեց, որ դրանք այնքան միահյուսված են, որ տարանջանտելն անհնարին է։

- Գերագնահատվեց հայ ընտրողի ազգային ինքնագիտակցության մակարդակը, ինչի վկայությունը 50 տոկոսի ընտրություններին չմասնակցելն էր։ Եթե անգամ համարենք, որ ընտրողների թիվն ի սկզբանե ուռճացված է եղել, միևնույն է, մասնակցությունն այս ճակատագրական ընտրություններում շատ փոքր էր։ 

- Կրկնեմ հազար անգամ ասված միտքս՝ Նիկոլը երբեք միայնակ ոչինչ չէր կարողանա անել, եթե մեր հիվանդ հասարակության մեջ այդքան մեծ  թիվ չկազմեին հլու կամակատարները։ Ընտրությունների դեպքում դրանք թաքուն անձնագրեր տպողներն են, տեղամասերում զոռբայություններ անողները, ապօրինի կալանք տվող քննիչները և դրանք  հաստատող դատավորները, գիշերով վարկաբեկող թռուցիկներ տարածողները, բնակիչներին հավաքների քշող մարզպետներ ու տնօրենները, ԿԸՀ-ում  նախընտրական քարոզչության ընթացքում  իշխանական մուրճն ու ատելության խոսքը չնկատողները․․․ շատ են նրանք։

- Մարդկայնորեն անհասկանալի է Շիրակում ՔՊ-ի մեկ ձայն անգամ ստանալն այն պայմաններում, երբ գրեթե նույն օրերին Բաքվի դատարանում շիրակցի ռազմագերիներին դատում են որպես ահաբեկիչների և 15-20 տարվա ազատազրկում  են տալիս։   Ադրբեջանցու նշանառության տակ հայտնված Սյունիքն ու Գեղարքունիքն էլ պակաս զարմանալի  չեն։

- Սպաների կողմից զինվորներին ուղղորդելը ինչ-որ տեղ պարզ է դարձնում, թե ինչ աստիճանի է բարոյալքված մեր բանակը։ Պարզ է նաև, թե ոնց է ամիսներ շարունակ բանակն առանց զենքի խոնարհ կերպով սահման պահում․․․ լրիվ գլխատված վիճակ է, փաստորեն։ 

- Միամտություն էր անաչառ գնահատական ակնկալել եվրոդիտորդներից, որոնց երկրները լուռ հետևում էին Արցախի խաղաղ բնակչության վրա կասետային և ֆոսֆորային ռումբերի կիրառմանը։ 8 ամիս Ադրբեջանում պահվող ռազմագերիներին չնկատող, խոշտանգումներից սպանված 19 ռազմագերիների մասին լռող երկրների՞ց պիտի իրենց շահերից դուրս որևէ բան ակնկալեինք։

Սրանք ընդամենը փոքր մասն են այն տպավորությունների, որոնք հանգիստ չեն տալիս ընտրություններից հետո։ Ավելի հոռետեսական են «ապագա կա» կարգախոսի սպասելիքները։ Ինչպես Նիկոլն է ափալ-թափալ հակառակորդների հախից գալիս, այնպես էլ Ալիևն է մեծ եղբոր հետ գրաված տարածքներում հապշտապ յուրացման աշխատանքներ իրականացնում

։ Գրում են, որ Թարթառ գետի հունն են ուզում փոխել․․․ բա ո՞ւր են հիմա Ամուլսարի Ապոլոն կարմիրգրքյան թիթեռի պահպանության համար կոկորդ պատռողները։ Ինչու հիմա չեն ահազանգում Հայաստանի ջրային պաշարներին սպառնացող վտանգների մասին ժամանակին գերակտիվ բնապահպանները։

Ասում են, հայ հասարակությունը դեռևս հետպատրազմյան շոկի մեջ է։ Եթե սա է կեղծված ընտրություններով ապրելու բացատրությունը, ապա վախենամ, որ պերմանենտ շոկերը մեզնից անպակաս կլինեն։ Ինչն էլ ի վերջո կհանգեցնի կարդինալ միջոցների կիրառման անխուսափելիությանը։ Չմոռանանք ընդդիմությանը ձայն տված 300 000-ից ավելի գիտակից քաղաքացիների գոյության մասին։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ