25 06 2021

Ես ու իմ ընկերները ամեն բան անելու ենք «սրանցից պրծնելու համար»․ Միհրդատ Մադաթյան

Ես ու իմ ընկերները ամեն բան անելու ենք «սրանցից պրծնելու համար»․ Միհրդատ Մադաթյան

«Հայաստան»  դաշինքի անդամ Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԲՈԼՈՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ...

Հունիսի 21-ի առավոտից բազմաթիվ զանգեր եմ ստանում և մեղադրականներ լսում, չհասկանալով թե ինչի համար։ Հասկանում եմ, որ շատերիդ մոտ հիասթափություն կա, բայց...

2018 թվականից ի վեր, թողնելով բոլոր գործերս, վնասելով ինձ և իմ ընտանիքի անդամներին լծվել եմ այս ազգադավ իշխանություններին հեռացնելու գործընթացին։ 2018 ԹՎԱԿԱՆԻՑ ԿԱՌԼ, երբ Ձեզանից շատերը ընդհանրապաես լռում էին, որոշ՝ մոտ ընկերներ փորձում էին ինձ համոզել, որ սխալվում եմ, որոշ ընկերներ էլ համաձայն էին «նիկոլական» գաղափարների հետ։ Երբ խոսում էի՝ այս իշխանությունների կողմից Արցախը հանձնելու մասին, Ձեզանից շատերը ինձ խելագար էին համարում, բայց կիրթ ասում էին՝ «դե լավ էլի, չափազանցացնում ես...»։ Երբ պաշտպանում էի նախագահ Քոչարյանին և ասում, որ Հայրենիքի միակ գարանտը նա է, Դուք լավագույն դեպքում լռում էիք, իսկ վատագույն դեպքում բերում հակափաստարկներ, որոնք այս երեք տարվա ընթացքում ԻՍՊԱՌ ՀԵՐՔՎԵՑԻՆ։ Երեք տարի, մենք ընտանիքով անցանք բազում փորձությունների միջով։ Ես շնորհակալ եմ իմ ընտանիքի անդամներին, ովքեր լուռ ու տղամարդավարի անցան այդ բոլոր փորձությունների միջով, այնինչ Ձեզանից շատերը խուսափում էին նույնիսկ հեռաձայնել և մեր որպիսությունը հարցնել... Չէ, ես նեղացած չեմ բոլորովին, ու շարունակում եմ սիրել բոլորիդ նույն կերպով, ինչպես սիրել եմ նախկինում։ Բայց ուղղակի հիշեք թե վերջին անգամ երբ եք մեր տան դուռը բաց արել... Ամեն մարդ ինքն է որոշում թե ինչպես ապրի և ինչին հավատա։ Երբ մեր տանից անհետացավ մեր ընտանեկան լուսանկարների մի ալբոմ, որը հետագայում հայտնվեց Ստյոպիկ Սաֆարյանի մոտ ու համացանցը հեղեղվեց մեզ համար անցանկալի ֆոտոշոփած նկարներով, ես այդպես էլ չհասկացա թե մեր տուն մտնողներից ով նման զզվելի քայլ արեց։ Ասեմ ավելին՝ չեմ էլ ուզում իմանալ։ Աստված թող դատի։

Հիմա, հունիսի 21-ի առավոտից շատերդ զանգահարում եք ու ինչ-որ պահանջներ ներկայացնում, բողոքում, ասում, որ սխալ ենք արել, անում կամ անելու։ ՀԻՄԱ ԼՍԵՔ ԻՆՁ։ Կարողանում եք ավելի լավ անե՞լ՝ արեք ինքներդ։ Ես վստահում եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, զինվորագրվել եմ նրան և շարունակելու եմ պայքարել այս ազգադավ իշխանությունների դեմ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԻՆՁ ԿՎՍՏԱՀԻ ՆԱԽԱԳԱՀԸ։ Թե չէ տանը նստած, սպասելով որ խաղի արդյունքը 5։0 լինի, մտնել ու երկրպագել՝ բոլորը կարող են։ Իսկ ի՞նչ եք արել Դու՛ք, նրա համար որ փրկվի Ձեր Հայրենիքը։ Տանը նստած «ցավացել եք», հետո դիմակ դրել ու ենթարկվել այս ազգադավի թելադրած կանոնների՞ն, վախեցել եք կորցնել այն 200 000 դրամը, որ ստանու՞մ եք, վախեցել եք Ձեզ մոբիլիզացնեն 44 օրյա պատերազմի օրերի՞ն... Բայց որոշել եք, որ ես պիտի գնամ, մասնակցեմ, ու հետո Դուք խորհուրդ տաք թե ինչը այնպես չարեցի՞։

Ասեմ, այս տխուր պատմության պատճառը նաև Դուք եք։ Դուք, որ չեք իջնում դատախազության առջև պիկետի՝ պրոֆեսոր Չարչյանի ապօրինի ձերբակալման համար, Դուք, որ լուռ դիտում եք, թե ինչպես են վաճառում Ձեր հայրենիքը և միայն երեկոյան, լավ սրճարանում, թեյի կամ սուրճի սեղանի շուրջ խոսում եք, թե՝ «Սրանցից երբ ենք պրծնելու։ Նիկոլից պրծում չկա։ Հայրենիքը վաճառեց։ Զոհեր տվեց... Ժեխը ընտրեց...»։ Ժեխը՞... Բա Դուք...

Չէ, ի հակառակ Ձեզ, ես ու իմ ընկերները ամեն բան անելու ենք «սրանցից պրծնելու համար», որ Դուք ու Ձեր երեխաները Հայրենիք ունենաք։ Չարչյանի, Նախագահի և իմ այլ ընկերների նման բանտում զրկանքներ ենք տեսնելու... Մենք կորցնելու ենք, բայց պայքարելու ենք այս ազգադավների դեմ, անկախ նրանից, թե Դուք կսատարեք մեզ, թե կնախատեք։ Անկախ նրանից, թե Դուք կմնաք մեր կողքին, թե կհանձնվեք։ Անկախ նրանից, կհետաքրքրվեք թե ինչպես ենք էս անմարդկային բեռը տանում, թե ուղղակի անտարբեր կշարունակեք գոյատևել, սպասելով թե ինչ ենք հրամցնելու Ձեզ... Ու հետո կզանգեք ու կմեղադրեք, թե ինչի չստտացվեց...

Ստացվեց այնքան, ինչքան ստացվեց։ Եվ ես շարունակելու եմ իմ պայքարը այս կետից։ Թեկուզև կորցնեմ ամեն բան ինչ ունեմ։ Թեկուզև սպառեմ իմ կյանքը։ Որովհետև չունեմ ավելի մեծ բան քան Հայրենիքն է, այն Հայրենիքը, որը թողել են ինձ իմ պապերը։ ԻՄ պապերը, ինձ թողել են իմ համար ամենաթանկ բանը՝ ՀԱՅՐԵՆԻՔ։ Ու ես թույլ չեմ տալու ո՛չ այս ազգադավ իշխանություններին վաճառել այն, ոչ էլ Ձեզ, Ձեր անտարբերությամբ թույլ տալ, որ նրանք դա անեն։

Ներողություն եմ խնդրում բոլորից, ում այս արտահայտած բառերս ուղղակի նեղացրեցին, շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր այս բառերիցս կսթափվեն։ Առողջ եղեք, ու աստված չտա Դուք և Ձեր համար թանկ մարդիկ պրոֆեսոր Չարչյանի կարիքն ունենաք, քանզի բանտարկված է նա... Եվ չի կարողանալու օգնել Ձեզ...

#ՀԱՅԱՍՏԱՆ_դաշինք
#ԿՐԵԼՈւ_ԵՆՔ
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ