17 06 2021

Իշխանությունը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է․ այդ ճյուղը մեր պետականությունն է․ Ռոբերտ Քոչարյան



Հայաստանում այսօր կա մի իշխանություն, որը ձախողել է ամեն ինչ, բայց դեռ ուզում է վերընտրվել և շարունակել մնալ իշխանություն։ Այս մասին Մարտունի քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս իրավիճակի յուրահատկությունը նրանում է, որ նրանք որևէ կերպ չեն ուզում հաշվետու լինել քաղաքացիներին։ Մտածում էի՝ սա քաղաքական տգիտությունի՞ց է, թե այլ գործոններ կան։ Պարզապես սա մարդկանց տեսակ է, որոնք հայտնվել են իշխանության ղեկին։ Կան մարդիկ, որ ինչին կպնում են, չորացնում են։ Սոցցանցերը օգնեցին, որ նման մարդիկ միմյանց գտնեն։ Արդյունքում, մի խումբ մարդիկ հավաքվեցին ու ամեն ինչ չորացրեցին», - նկատեց Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ գործող իշխանությունները երեք տարի նստած են այն ճյուղի վրա, որը կտրում են, իսկ այդ ճյուղը մեր պետականությունն է:

«Այս իշխանություններին վռնդել է պետք՝ խայտառակ ցուցանիշներով։ Նրանք այնքան չարիք են բերել, և դեռ խոսակցություն կա, որ կարող են 20 տոկոս հավաքել։ Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է սա մարսել և գնալ այդ մարդկան հետևից։ Եթե իսկապես նման մարդիկ կան, ուրեմն մեր հասարակության հետ ինչ-որ մի բան այն չէ։ Մենք լուրջ ներքաղաքական առողջացման կարիք ունենք։ «Հայաստան» դաշինքը գալիս է ոչ միայն անվտանգություն ու տնտեսական վերելք ապահովելու համար։ Մենք նաև գալիս ենք ներքաղաքական իրավիճակը փոխելու, հանգստություն բերելու համար։ Այսպիսի արդյունավետ հասարակությունը չի կարող արդյունավետ ապագա կառուցել», - նշեց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ