2021 թվականից Հայաստանը ստանձնել է Եվրոպական էներգետիկ խարտիայի կազմակերպության (Բրյուսել) նախագահությունը։ Հունիսի 16-ին տեղի է ունենալու այդ միջազգային կառույցի երևանյան համաժողովը, որը վարելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ի դեմս Սուրեն Պապիկյանի և իր տեղակալ Հակոբ Վարդանյանի։
Համաժողովին մասնակցելու են Եվրոպական էներգետիկ խարտիայի 56 անդամ երկրներ, ներառյալ` Ադրբեջանը, և այլ հրավիրվածներ։ Չնայած մեր բազմաթիվ հորդորներին գործող կառավարությունը համաժողովի օրակարգում համառորեն չի ներառել Ադրբեջանի կողմից վնասի հատուցման հարցը, ինչպես նաև առկա չէ Ադրբեջանի գործողությունները դատապարտող որևէ հայտարարություն։ Եվրոպական էներգետիկ խարտիայի համաձայնագիրը ունի լայն գործիքակազմ, որը իրավունք է տալիս Հայաստանին ներկայացնելու վնասի հատուցման պահանջներ ընդդեմ Ադրբեջանի։
Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության էներգետիկ համակարգի կրած վնասները նախնական հաշվարկներով կազմում են ավելի քան 250,000,000 ԱՄՆ դոլար։ Էներգետիկ համակարգի ներկա իրավիճակը ունի նաև մի շարք էներգետիկ անկախության ռիսկեր։
Փաշինյանի կառավարությունը միջազգային կազմակերպություններում նույնպես շարունակում է վարել «Ադրբեջանին չվնասելու քաղաքականությունը»։ Կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ վնասների հատուցման պահանջները չեն հանդիսանում իրենց արտաքին քաղաքականության մասը։
Իսկ արդյո՞ք այս ապիկար կառավարությունը ունը որևէ քաղաքականություն կամ ռազմավարություն։
Ավելին, Հայաստանը իր նախագահությունը ստանձնել է Ադրբեջանից, որտեղ Սուրեն Պապիկյանը հանդիսացել է կառավարության ներկայացուցիչը։ Այս տարի Հայաստանի հավանությանն է արժանացել Եվրոպական էներգետիկ խարտիայի 2020 թվականի հաշվետվությունը, որը ընդհանրապես չի խոսում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքների մասին։
Հունիսի 20-ից հետո նոր կառավարությունը պետք է որդեգրի իրավական նոր քաղաքականություն ընդդեմ Ադրբեջանի, որը պետք է բխի Հայաստանի ազգային շահերից։
Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական ընկերություն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը