02 06 2021

Նիկոլիզմով հիվանդները մեր ժողովրդի մի մասն են և ամենաշատն են տուժել այս ամենից․ Ռոբերտ Քոչարյան



Հիվանդությունները բուժելու համար կամ վիրահատում են կամ պատվաստում։ Այս դեպքում, կարծում եմ, ճիշտը պատվաստելն է, քանի որ մենք չենք կարող մեր ժողովրդի 20 տոկոսին վիրահատության ենթարկել։ Պատվաստելն է մնում․ սա նշանակում է կրթել, ճիշտ քարոզչությամբ զբաղվել։ Նիկոլիզմով հիվանդները մեր ժողովրդի մի մասն են և ամենաշատն են տուժել այս ամենից։ Մեղավորը այն քաղաքական գործիչն է, այն դեմքը, որն ատելություն է քարոզում ներսում։ Սոցիալական ծանր բեռի տակ գտնվող մարդիկ միշտ հեշտությամբ են ընդունում, որ իրենց անհաջողությունները կապված են միայն մեկ մարդու անձի հետ։ Ներկայումս կիրառվող տեխնոլոգիաների արդյունքում մարդկանց ուղեղների վրա ազդելը շատ հեշտ է։ Առաջիկա երեք շաբաթների ընթացքում պետք է համբերատար աշխատել և պատվաստումներ անել նիկոլիզմի դեմ։ Այս մասին Արագածոտնի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մյուս կողմից, նաև հասկանում եմ, որ պատվաստումը ոչ բոլորի վրա է ազդում։ Բնակչության որոշակի տոկոս կա, որի վրա չի ազդում և վերջ։ Բայց կա մի կրիտիկական զանգված, որը կարող է եղանակ ստեղծել, և՛ լավ իմաստով, և՛ վատ։ Մարդկանց կարծիքը պետք է փոխել։ Մի խելոք մարդ ասել է․ «Կարծիքը տրանսպորտի պես է․ եթե սեփականը չունես, հանրայինից ես օգտվում»։ Պատվաստումը նաև նշանակում է, որ մեր ժողովուրդը կոլեկտիվ իմունիտետ է ձեռք բերելու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ