07 05 2021

Ձեզ պատասխանատու չե՞ք համարում. Աբրահամյանը՝ ՊՆ-ին

Ձեզ պատասխանատու չե՞ք համարում. Աբրահամյանը՝ ՊՆ-ին

Պաշտպանության նախարարին դիմում են, ասում են՝ գերիների հարցերով գանք հանդիպենք, պատասխանում է, որ իրենք չեն զբաղվում։ Լավ, ընդունենք, որ դրանով զբաղվում է ԱԱԾ-ն։ Ու վե՞րջ։ Դուք այս ամենի հետ ընդհանրապես ձեր կապը չե՞ք տեսնում, պատասխանատու չե՞ք համարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանում գերեվարված անձինք՝ ժամկետային լինեն, պահեստազորային, թե կամավորական, պետք է առաջնային գտնվեն ձեր ուշադրության դաշտում։

Կոպիտ ասած, դուք եք մոբիլիզացիան կազմակերպել, արդյունքում այդ մարդիկ հայտնվել են ճակատի ինչ-որ ուղղությամբ և տարբեր հանգամանքներում գերեվարվել։

Եվ դուք տարօրինակ կերպով ձեզ այնքան անհոգ եք զգում, որ նույնիսկ պատգամավորների հանդիպման առաջարկն եք մերժում՝ համոզված եմ, որ առանց ճշտելու դրա դրդապատճառները։

Վաղը՝ մեկ այլ իրավիճակում, նույն կերպ վարվելու եք մյուսներիս հետ, դա է ձեր տեսակը։

Նույնը Արավուս գյուղում, գյուղի հովիվի և ադրբեջանցի զինծառայողների քաշքշուկի թեման։ Վաղարշակ Հարությունյան, հանգիստ խոսում ես այն մասին, թե գիտե՞ք՝ հովիվը դրանց դիրքերին մոտ հատվածում է եղել։

Դու հասկանում ե՞ս, որ այդ մարդկանց տներն արդեն-իսկ ադրբեջանցիների դիրքերի մատույցներում է, այդ մարդիկ իրենց ուժերով ամեն օր տարաբնույթ բանակցությունների մեջ են ադրբեջանցիների հետ՝ արտ անելու, անասուններ արածացնելու, իրենց գյուղում հանգիստ քայլելու համար։

Իսկ դու ադրբեջանցիներից ավելի ջանասիրաբար արդարացնում ես միջադեպերը՝ պարծենում, թե բա գիտե՞ք զոհեր չկան, ետ դեպքում էլ հովիվն էր մեղավոր։

Հետո էլ ավելացնում, թե դեմարկացիայի գործընթաց կլինի ու կկարգավորվի։ Ետ ե՞րբ, ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, այդ պրոցեսն այդքան արագ է՞ լինելու։

Հարևան Վրաստանի հետ գործընթացն արդեն 25-30 տարի է` գնում է ու դեռ չի ավարտվել։ Ու դա այն դեպքում, որ այդ երկրի հետ պատերազմի մեջ չենք, թշնամություն չկա։

Պատկերացում ունե՞ս, թե ադրբեջանցիների հետ այդ գործընթացը, եթե նույնիսկ սկսի, որքան է տևելու։

Սրանց պաշտոնավարման օրոք, մարդիկ տարիներով իրենք հոգսերով, խնդիրներով և անվտանգության բացակայությամբ մնալու են մեն-մենակ։

Սրանց գնալն այլընտրանք չունի, ով չի գիտակցում, մեկ է՝ ինչ որ փուլում, սեփական մաշկի վրա է զգալու իրավիճակի ողջ ծանրությունը»,- գրել է Աբրահամյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ