Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու դրա շուրջ ստեղծված իրադրությանը։ Գրառման մեջ ասվում է․
«Նախկին վարչապետ Ն.Փ.-ն մի ամբողջ օր է՝ ինչ ուզուրպացրել է գործադիր իշխանության ղեկավարի աթոռն ու լիազորությունները։
Այս պնդմանը իշխող ուժի բերած «բովանդակային» հակափաստարկները նույնքան անտրամաբանական ու անհեթեթ են, որքան ջուրը՝ չոր, իսկ օդը՝ հեղուկ հայտարարելը։
Ինչ վերաբերում է «նախադեպի» փաստարկին, ապա, 2018-ի հոկտեմբերին գործ ունեինք Ազգային ժողովին պարտադրելու, բռնությամբ բացահայտ սպառնալու արդյունքում խորհրդարանի արձակման իրողության հետ, և այդ պայմաններում Ն.Փ.-ի պաշտոնավարման իրավաչափության մասին խոսելը կլիներ «ձայն բարբառոյ յանապատի»։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Սահմանադրական դատարանը, ի թիվս այլնի, «լուծում է սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը»։ Կարծում եմ՝ գործ ունենք հենց այս կետի հիման վրա ՍԴ դիմելու հրամայականի հետ. թող բարձր դատարանը որոշի՝ հրաժարական տալուց հետո նախկին վարչապետը իրավասու՞ է շարունակել պաշտոնավարումը, թե՞ ոչ։
Նշված կետով ՍԴ առջև հարցը կարող է բարձրացնել կա՛մ նախագահը, կա՛մ 27 պատգամավոր (այսինքն՝ ընդդիմադիր համարվող երկու խմբակցությունները, կամ ԲՀԿ-ն պլյուս «իմքայլից» անջատված «անկախները»)»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը