17 04 2021

Փչան Թոդորոսի բառադի «կրկնօրինակը»՝ Հայաստանի պետական-քաղաքական բեմում

Փչան Թոդորոսի բառադի «կրկնօրինակը»՝ Հայաստանի պետական-քաղաքական բեմում

Օրերս Ազգային ժողովի նիստերի դահլիճում վարչաղետ Նիկոլ Փաշինյանի «բենեֆիսն» էր: Էլի տակուգլուխ խոսում, հայտարարություններ էր անում, բայց թերևս ճիշտ կլինի ասել՝ դուրս էր տալիս:

Սողնատարած ծափահարված ստախոսություն

Նիկոլ Փաշինյանի ստերը, միտումնավոր խեղաթյուրած հանգամանքները, դրանցում տեղ գտած անտրամաբանական ու հակասական, կեղծ տվյալները բացահայտելը, մեր մեջ ասած՝ որքան դյուրին, նույնքան էլ անշնորհակալ զբաղմունք է: Վերջին հաշվով՝ նա ինչ ասում է, գերազանցապես սուտ է, մեկ օր առաջ ասածը ոչ մի կերպ «չի խոսում» մի երեք օր առաջ ասածի հետ, եթե բացահայտ ստի վրա բռնվում էլ է, ապա աչքերը կլորացնում է, ու թե՝ «հա՞, ես նման բա՞ն եմ ասել, իսկապե՞ս ասել եմ...»:

Նման դրսևորումներով ճիշտ կլիներ, որ հոգեբույժներն զբաղվեին, իսկ ապագայում՝ դատահոգեբանական փորձագիտական հանձնաժողովը: Նիկոլ Փաշինյանը ասես հանրահայտ կատակերգության գլխավոր հերոս փչան Թոդորոսի բառադի «կրկնօրինակը» լինի, այն էական տարբերությամբ, որ նրա փչոցների հետևանքը ռեալ ու արնածոր ողբերգություն է, իրական ու հազարավոր մարդկանց մահ և սպանություն է:

Նա, օրինակ, ԱԺ-ում իր խմբոնի սողնատարծ ծափահարության նիստում փորձել է կոնկրետ պատերազմի ժամանակ կայացված սխալ ու ճակատագրական որոշումների պատասխանատվությունը գցել իր վրայից ու թողնել իրեն ենթարկվող գեներալների վզին:

Չէ, այդ գեներալներին էլ տրիբունալի առաջ կանգնեցնելու անհրաժեշտություն կա, իհարկե, ու, առաջին հերթին Օնիկ Գասպարյանին ու մյուսներին, բայց դա չի վերացնում, չի չեզոքացնում անձամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա ամբողջ թիմի անխտիր բոլոր ներկայացուցիչների պատասխանատվությունն ու հետագայում անխուսափելի դատապարտումն ու պատիժը:

Լավ, դիտարկենք փչան Թոդորոսի արյունոտ «կրկնօրինակի» մի քանի թեզ, որոնք կես մանաթ էլ չարժեն, չնայած շատ թանկ են նստել Արցախի ու Հայաստանի վրա:

«Թալանված բանակի» առասպելը

Փաշինյանական փչոցներից է, օրինակ, «բանակը նախկինները թալանել են» անհեթեթությունը, որը մանթրայի նման կրկնում են շատերի կողմից «նիկոլի զոմբի» բնորոշվողները:

Ինչ խոսք, բանակի, զինված ուժերի նյութատեխնիկական ու մատակարարման հետ կապված հարցերում եղել են ամենատարբեր չարաշահումներ: Ըստ որում, տարբեր ժամանակներում նման չարաշահումների համար նաև տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ զինվորական չինովնիկներ պատժվել ու հայտնվել են դատարանի առաջ: Բայց դրա՛ մասին չէ բուն դիտարկումը:

Խնդիրն այն է, որ եթե «բանակը թալանված» լինելն էր Նիկոլ Փաշինյանի «դասավորած» պատերազմում պարտության պատճառը, ապա հատկապես ե՞րբ այդ թալանի մասին իմացավ Նիկոլ Փաշինյանը:

Այդ ինչպե՞ս ու ինչքա՞ն էր «բանակը թալանված», որ ԶՈՒ ԳՇ պետը պատերազմի 4-րդ օրը զեկուցում է իր վարչաղետ-գերագույն հրամանատարին, թե՝ արագորեն պետք է կանգնեցնել պատերազմը, որովհետև մի քանի օր դիմադրելու հնարավորություն կա, բայց դրանից հետո բանակը դիմագրավում է թշնամուն ամբողջ մեկ ամիս՝ շատ տեղամասերում չզիջելով իր դիրքերը:
Երկրորդ, ըստ փչանի «տեսության», «բանակը թալանված» էր դեռևս մինչև 2016-ի ապրիլը, սակայն փաստն այն է, որ կարծեցյալ «թալանված բանակը» լիարժեք դիմագրավեց թշնամուն և պարտադրեց հրադադար:
Երրորդ. Այդ ինչպե՞ս պատահեց, որ նույն «թալանված բանակը» այնցյալ տարվա հուլիսին, Տավուշի սահմանային մարտերի ժամանակ հստակորեն դիմագրավեց նույն թշնամուն: Այդ ինչպե՞ս է, որ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը փիառվում էր նույն այդ «թալանված բանակի» ֆոնին, բռերով շքանշաններ էր բաժանում, իսկ նրա մանկլավիկներն իրեն գրեթե գեներալիսսիմուս էին հայտարարում, արդեն անթաքույց Նիկոլ Փաշինյանին էին վերագրում մարտական գործողությունների պլանավորումն ու իրականացումը: Իսկ այ, նոյեմբերի 9-ից հետո, հանկարծ «հայտնաբերեցին», որ «բանակը թալանված» էր:

Ի դեպ, «բանակի թալանման» վերաբերյալ, բացի այս իշխանության կողմից ըստ էության՝ խոշտանգումներով սպանված Մանվել Գրիգորյանին վերագրված «տուշոնկաներից», ուրիշ է՞լ ինչ «գործեր» են եղել վերջին 3 տարվա ընթացքում:

Այ սա՛ է իրականում բանակի ու պետության թալանը

Որքան հայտնի է, անձամբ Նիկոլ Փաշինյանն է պատասխանատվություն կրում Սու-30 ռազմական ինքնաթիռների գնման «օպերացիայի» համար: Իրավիճակում, երբ Հայոց բանակին օդի պես անհրաժեշտ էին ՀՕՊ արդիական ու արդյունավետ գործող միջոցներ, ահռելի գումարներ մսխվել են գործնականում պետք չեկած օդանավեր գնելու վրա: Այ, դա՛ է «բանակի թալանը»:

«Բանակի թալանն» այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործնականում «դուրս գրված» «Оса-АК»-ներ է գնել, տասնյակ ու տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսել այդ «մետաղի ջարդոնի»՝ բարոյապես մաշված սպառազինության գնման վրա: Թե փաշինյանական իշխանությունից ով ինչքան է «ինքնապարգևավճարվել» այդ մութ գործարքի վրա, թող ապագայի ԱԱԾ-ն պարզի:

Գոնե լրացուցիչ ապացուցման կարիք չունեցող ակնհայտ փաստն այն է, որ այդ հնացած ՀՕՊ միջոցների գնումը Փաշինյանին պետք էր փիառվելու համար: Ի լրումն, նրա ստեփանակերտյան գործակից Արայիկ Հարությունյանը ճոռո-ճոռո հայտարարում էր, թե՝ Ստեփանակերտի երկինքը պաշտպանված է: Տեսանք, թե որքան է պաշտպանված: Կամ էլ, նա իր նախագահական նստավայրը նկատի ուներ, որի վրա թշնամին ոչ մի հրթիռ չարձակեց պատերազմի ընթացքում:

«Բանակի թալանն» այն է, որ ամենատարբեր ճակատներում կռված զինվորներ, կամավորականներ վկայում են զրահաբաճկոնների, պաշտպանիչ սաղավարտների, ջերմադիտակների, գիշերային դիտակների սակավության մասին:

«Բանակի թալանն» այն է, որ զինծառայողներին «կոտլետ-կլուբնիկ» տալը սարքել էին Նիկոլ Փաշինյանի սնամեջ փառաբանման առարկա:

«Գերագույն գլխավոր» ոչնչություն

Ի դեպ, «գերագույն գլխավոր հրամանատարի» մասին: Նիկոլ Փաշինյանը իրեն մեծ ստրատեգոսի տեղ էր դրել: Բայց «ենոքավանցի Նապոլեոնիկը» հիմա պարտությունը գցում է միմիայն իր ու իր իսկ նշանակած գենեալների գրպանը կամ գլխին:

Հարց է ծագում, եթե ինքը այդպես էլ ոչ մի գործողության որոշում կայացնողը չի եղել, այլ միայն կողքից լսել է տարբեր կարծիքներ, ապա ի՞նչ գործ ուներ իր կինը ԼՂՀ ՊԲ հրամանատարական բունկերում, ի՞նչ գործ ուներ իր ԱԱԾ անձնական պետ Քյարամյանը Արայիկ Հարությունյանի կողքին, ի՞նչ գործ ունեին, առհասարակ, «քայլական» կարկառուն սուբյեկտները՝ Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարության կողքին, «ալֆան» լիներ, թե «օմեգան»:

Հարց է ծագում, իսկ ո՞ր գեներալներն են ներգրավված եղել թշնամուն դիմագրավելու, հակահարձակումներ իրականացնելու գործողությունների պլանավորման ու մշակման գործընթացներում: Այդ պահին գործող գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ինչպես հայտնի է, արհեստականորեն մեկուսացվել է այդ գործընթացից:

Գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նույնպես չեն ներգրավվել այդ գործողությունների մշակման գործում: Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար անտեսել է գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի՝ իրեն Հայաստան վերադառնալու և օգտակար լինելու հնարավորություն տալու խնդրանքը: Միաժամանակ, նշված գործողության մշակման գործընթացից մեկուսացվել է նաև ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, «ապրիլյան պատերազմում» հաղթած գեներալ Լևոն Սնացականյանը, դեռ մյուսների մասին էլ չենք ասում: Ինչպես չենք նշում, որ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը կանխամտածված մերժել են Արցախի ՊՊԿ նախագահ, Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր աջակցությունն ու խորհուրդներն ստանալու բացառիկ հնարավորությունը:

Մինչդեռ, նկատենք, խոսում ենք այնպիսի ռազմական ու պետական գործիչների մասին, որոնք ոչ միայն տարբեր ժամաննակներում ղեկավարել են բանակը, կանգնած են այդ բանակի ստեղծման ակունքներում, այլև անմիջականորեն ղեկավարել են մարտական գործողություններ, պատերազմ են ղեկավարել ու, ի տարբերություն այժմ թուրքի առաջ սողացող այս նիկոլական կապիտուլյանտների, հաղթե՛լ են թշնամուն և թշնամո՛ւն են պարտադրել ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված փաստացի վիճակ:

Եվ նման գործիչներին պատերազմական պայմաններում որոշումների ընդունման գործընթացից միտումնավոր մեկուսացրած կամ չեզոքացրած կապիտուլյա՞նտն է հիմա փորձում իրեն անմեղ գառի, իսկ դիմացիններին ուղղակիորեն էշի տեղ դնել:

Գեղջկամիտ խորամանկությունների է դիում Նիկոլ փաշինյանը, իսկ իրականում, ձեռքը փրփուրներին է գցում:

Հա, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՛ գեներալները, սկսած Օնիկ Գասպարյանից ու վերջացրած Ջալալ Հարությունյանով, եթե այդքան վատն էին ու անպետք, կոնկրետ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ինչի՞ համար էր տվյալ բարձրաստիճան զինվորականներին նոր կոչումներ շնորհում, պարգևատրում: Բա թող պատժեր, ինչո՞ւ էր խրախուսում: Թե՞ Նիկոլ Փաշինյան ինքն էլ վերջերս մամուլից տեղեկացավ, թե իրականում ինչ է կատարվել, օրինակ, «Լելե թեփե»-ի հակահարձակման, գործնականում՝ տխմար արկածախնդրության ու բանակի առավել մարտունակ ստորաբաժանումներն ուղղակի թշնամու օդային հարվածային միջոցների մսաղացի տակ կոխելու հանցագործության հետևանքով: Մի գործողություն, որի առաջնային նպատակը եղել է... Նիկոլ Փաշինյանի փառաբանումը (տեսեք-տեսեք՝ նախկինները տվել էին, ես հետ բերեցի):

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը որքան էլ փորձի պլստալ իր մեղքով ու իր առնվազն սխալների, եթե ոչ՝ պետական դավաճանության հետևանքով տեղի ունեցած աղետի համար պատասխանատվությունից, ոչինչ չի ստացվելու:

Նա մեղավո՛ր է: Մեղավո՛ր է Հայաստանի, հայության, զոհվածների, հաշմվածների, պատմության և ապագա սերունդների առաջ: Իսկ հայության դեմ ոճիր գործածները, որպես կանոն, պատժից չեն կարողանում խուսափել, անգամ եթե «դմփ-դմփ-հու» անհեթեթություններ են դուրս տալիս, իսկ իրենց նման ոչնչություններն էլ ոտքի կանգնած ծափ են տալիս այդ գարշախոսությանը:    

 

 Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ