25 03 2021

Հայաստանը մտել է աղետի նոր փուլ, իսկ գերագույն գլխավորն ապրում է իր գլխի իրականության մեջ․ Էլինար Վարդանյան

Հայաստանը մտել է աղետի նոր փուլ, իսկ գերագույն գլխավորն ապրում է իր գլխի իրականության  մեջ․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանյանի հոդվածը։ Այն ամբողջությամբ՝ ստորև․

 

«Հայաստանը մտել է աղետի նոր փուլ։ Մեծ թափով գործում  է  քովիդ մահերի մեքենան։  Հիվանդանոցները գերծանրաբեռնված են։  Քովիդի դեմ պայքարի մինչ այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է։  Վերջին շրջանում մահերի ցուցանիշը սահմռկեցուցիչ է. մարտի 25-ին գրանցվել է մահվան 18 դեպք, կորոնավիրուսային վարակ ունեցող, սակայն մահը այլ հիվանդության պատճառով վրա հասած 6 դեպք, 24-ին՝  17 դեպք, 23-ին՝ 26 դեպք, 22-ին՝ 15։  Եվ դա տեղի է ունենում տոտալ անտարբերության պայմաններում։

Իշխանություն չկա։ Իշխանությունը չի տեսնում երկրում ինչ է կատարվում։ Գերագույն գլխավորը ապրում է իր գլխի իրականության  մեջ՝ բացառապես սեփական աթոռը պահելու մոլուցքով։ Նրան Հայաստանը չի հետաքրքրում, նա վերջնականապես իրեն տարանջատել է երկրից։

 

Առողջապահության նախարարը փորձում է ինչ-որ ձևակերպումներ տալ, ինչ-որ բան ասել, բայց ակնհայտ է, որ նա չի տիրապետում  իրավիճակին։ Եվ եթե անկեղծ լինենք, սա արդեն մեկ նախարարության խնդիր չէ։

Նախարարն ասում է՝ Հայաստանում պատվաստվել է շուրջ 600 մարդ։ Սա  նույնիսկ կես գյուղի ծավալ չի կազմում։ Սա աբսուրդ թիվ  է։  Նույնիսկ այս դեպքում, երբ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ պատվաստում են բուժաշխատողներին և միայն ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին, անհասկանալի է, թե ինչ մեխանիզմով է քաղաքացին դիմում և ստանում պատվաստում։ Որքան մարդ պետք է մահանա, որ իշխանությունը ի վերջո կենդանության նշաններ ցույց տա։

Ես հարցեր  եմ ուղղում առողջապահության նախարարին, որ փոխանցի իր շեֆին.

·   Դուք հասկանո՞ւմ եք, որ ձեր անգործության պատճառով, որ չեք կարողանում ՌԴ-ից որոշակի քանակի  պատվաստանյութ բերել, մարդիկ մահանում են՝ ամեն օր, ամեն ժամ։

·   Ի՞նչ մեխանիզմով է բաժանվել այդ 600 չափաբաժինը։ Ովքեր են ստացել, ոչ մի պաշտոնական խողովակ չի գործել՝ դիմելու և ստանալու համար։

·   Դուք հասկանո՞ւմ եք, որ երկրի ղեկավարը այս պայմաններում չի կարող զանգվածային միջոցառումներ կազմակերպել, որտեղ զգալի թիվ են կազմում տարեցները և երեխաները։ Դուք հասկանու՞մ եք, որ դրանից հետո մարդիկ են հիվանդանում ու մահանում։

·   Առողջապահության նախարարը հայտարարում է, թե Հայաստանում առկա  է կրկնավարակման  300 դեպք՝ պաշտոնապես գրանցված 187441 հիվանդից։ Աշխարհում այլ է պատկերը։ Մեր երկրում ամեն ինչը կեղծվու՞մ  է, նույնիսկ կրկնավարակի թիվը։

Մարդկանց առողջությունը և կյանքը դարձել է քաղաքական անտարբերության առարկա։ Դրա փոխարեն իշխանությունը հրատապ է համարում վիրավորանքի համար տուգանքների բարձրացման հարցի քննարկումը և օրենքի փափոխությունը։ Միայն թե իրենց չվիրավորեն, իսկ մնացյալը կարևոր չէ։ Կարևոր չէ, որ քովիդով վարակված մարդիկ ծանր վիճակում օրերով սպասում են հոսպիտալացման, հիվանդանոցներում չի բավարարում թթվածինը, չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։

Պետության անտարբերության պայմաններում մարդիկ երթևեկում են գերծանրաբեռնված տրանսպորտում և, ընդհանրապես, կարծես մոռացել են աղետի մասին։ Իսկ մեր իշխանությունը չկա։ Այնպես, ինչպես չկար պատերազմի ժամանակ, չկար պատերազմից հետո, չկար անհետ կորած զինվորների որոնման և գերիների վերադարձման հարցում։ Չկա նաև վիրուսի դեմ պայքարի հարցում։

Հասարակությունը դարձել է անտարբեր իր իսկ մահերի հանդեպ։ Հասարակությունը ցույց չի տալիս կենսունակության նշաններ։ Ոչ մի պահանջ, ոչ մի ընդվզում։ Կարծես թե այդպես էլ պետք է լիներ՝ պատվաստանյութի տոտալ բացակայություն, հիվանդանոցներում տեղերի գրեթե բացակայություն, ոչ մի կազմակերպչական աշխատանք պետության կողմից։ Ով ինչպես կարողանում, փրկվում է։

Համավարակով պայմանավորված աղետի գիտակցումը չկա նաև ընդդիմության շարքերում։ Այս հարցը կարծես դուրս է բոլորի օրակարգից։ Բայց հայրենիքի մասին մտահոգությունները միայն հազարամյա պատմության և գեոպոլիտիկ պաթոսախառը վերացական հայտարարություններով չպետք է սահմանափակվեն։ Հայրենիքի համար պայքարը նաև երկրի կողմից անտեր թողնված մարդկանց առողջության և կյանքի համար պայքարելով է դրսևորվում։ Տպավորություն է, թե ընդդիմությանը իրական Հայաստանը և իրական քաղաքացին չեն հետաքրքրում, նրանք միայն «պատմական և վեհ» գաղափարներով են զբաղված։ Այնինչ, ցանկացած երկրում ընդդիմությունը հասնում  է հաջողության և մեծ կոնսոլիդացիայի , եթե կարողանում է հանրային լայն շերտերի հետաքրքրության վրա հենվել, հասկանալ դրանք ու մարդկանց մենակ չթողնել։

Իսկ իրավիճակը իսկապես աղետալի է. քովիդ ճակատում մենք կրում ենք խայտառակ պարտություն, որովհետև Փաշինյանի իշխանությունը չգիտի իր անելիքը, չգիտի ինչպես աշխատել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ