27 01 2021

Լրագրողին չհավատարմագրելը ոչ իրավաչափ որոշում է եւ պետք է անվավեր ճանաչվի․ Անի Սամսոնյան

Լրագրողին չհավատարմագրելը ոչ իրավաչափ որոշում է եւ պետք է անվավեր ճանաչվի․ Անի Սամսոնյան

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է փաստին, որ «Yerevan Today» լրատվամիջոցի լրագրող Սյուզի Բադոյանին թույլ չի տրվել մուտք գործել Ազգային ժողով։ Գրառումը՝ ստորեւ։

«Սույն թվականի հունվարի 26-ին ԱԺ աշխատակազմը արգելել է «Yerevan Today» լրատվամիջոցի լրագրողին մուտք գործել Ազգային ժողով։ Լրագրող Սյուզի Բադոյանին տրամադրվել էր պատգամավորի գրությամբ անցաթուղթ վերջինիս հետ հարցազրույց իրականացնելու համար, որովհետեւ ԱԺ աշխատակազմը մերժել է հավատարմագրել լրագրողին «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ միջադեպից հետո։

Զանգվածային լրատվության մասին օրենքի համաձայն լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները գործում են ազատորեն՝ իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության եւ բազմակարծության սկզբունքների հիման վրա:

Արգելվում է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։ Ինչպես նաեւ՝ որեւէ մարմնում հավատարմագրված բոլոր լրագրողների համար աշխատանքի պայմանները պետք է լինեն նրանց աշխատանքին նպաստող եւ ոչ խտրական՝ ողջամտության սահմաններում:

Լրագրողների մասնագիտական գործունեությունը ունի նաեւ միջազգային իրավական պաշտպանություն, որը պարտավորություններ է ստեղծում պետական կառույցների համար։

ԶԼՄ Օրենքի Հոդված 6-ը հստակ ամրագրում է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Նշեմ նաեւ, որ պետական մարմիններում լրագրողների հավատագրման կարգը միայն տեխնիկական պահանջներ է ներկայացնում լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձին հավատարմագրելու համար եւ լրագրողներին մերժելու կամ հաստատելու որեւէ չափանիշներ նշված չեն եւ չեն կարող լինել։

Հետեւաբար լրատվամիջոցի կողմից ներկայացված լրագրողին չհավատարմագրելը ոչ իրավաչափ որոշում է եւ պետք է անվավեր ճանաչվի։ Դիմում եմ ՀՀ ԱԺ նախագաh Արարատ Միրզոյանին՝ ապահովելու լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը եւ պաշտպանելու լրագրողների աշխատանքը պատգամավորների ապօրինի միջամտությունից եւ կամայականություններից՝ պայմանավորված վերջիններիս խտրական եւ քմահաճ վերաբերմունքով։

ԱԺ նախագահին դիմել եմ նաեւ գրավոր։

Հարգանքով՝ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ