19 01 2021

Երբ թուրքի շահն է գերիշխում. Լիա Իվանյանի հոդվածը․ Panorama.am

Երբ թուրքի շահն է գերիշխում. Լիա Իվանյանի հոդվածը․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․

«Կարծես թե սովորական է  դարձել  ապրել քաղաքական կեղտի մեջ; սովորական է  դարձել դավաճանների առկայությունը իշխանական ամենավերին էշելոններում; սովորական են դարձել հայրենիքը ծախելու մասին լուրերը; սովորական է դարձել ամբողջական  ոլորտ ապականած պաշտոնյայի անպատիժ հեռանալը կամ այլ պաշտոնի անցնելը։  Ապրում ենք ասես նարկոզից ոչ ամբողջապես դուրս եկածի մշուշված  գիտակցությամբ՝ լիովին չենք զգում և ադեկվատ չենք արձագանքում մեր շուրջը կատարվողին։ Կամ էլ լրիվ դեբիլացել ենք։

Հանրապետության երկրորդ պաշտոնյայի կրկնակի գործակալ լինելու մասին փաստաթուղթ է հրապարակվում, իսկ հաջորդ օրը նա անվրդով ԱԺ նիստ է վարում, ասես իրեն չեն մերկացրել ստորագույն հանցագործության մեջ։ ԱԱԾ-ն էլ ծառայողական քննություն է նախաձեռնում պարզելու համար, այստեղ  ուշադրություն,  նրա գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը։ Այսինքն, ոչինչ որ գործակալ է, բայց ո՞վ է համարձակվել բացել գաղտնիքը։  Դեռ լավ է չեն ասում՝  էն ով գործակալ չի որ․․․ Այսինքն՝  չհասկացա՞ք, ա՛յ խելոք ու անխելք հայեր, որ 2018-ի ապրիլից օտարերկրյա գործակալներն են տիրել այս երկրին։

Հասկացող հատվածը վաղուց է ըմբռնել հեղաշրջողների ապազգային բնույթը  սկսած այն պահից,  երբ 2018-ի մայիսից  արվեցին քայլեր, որոնք բացարձակ կապ չունեին կոռուպցիայի դեմ պայքարի կամ  տնտեսական թռիչքն ապահովելու հետ։

Օրինակ՝   Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հաստատ չէր խանգարելու տնտեսական առաջընթացին, սակայն  նրանից ազատվելու համար ոչ մի բանի առաջ կանգ չառան։ Հիմա պարզ է չէ, որ  Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար հսկայական աշխատանք կատարած Հայկ Դեմոյանի ղեկավարությամբ գործող այդ  կառույցը    մե՜ծ  խոչընդոտ էր Թուրքիայի, հետևաբար և ուղղվածությունը պետք էր փոխել։

Հիշո՞ւմ եք, որ փակվեցին կամ լուծարվեցին Հայաստանի բուն էությունը ներկայացնող Մշակույթի,  Սփյուռքի և Գյուղատնտեսության նախարարությունները։ Թուրքիային էր պետք աղջատել մշակույթի ընկալումը, կտրել կապը Սփյուռքի հետ և քայքայել գյուղատնտեսությունը, որում ներգրավված էր բնակչության զգալի մասը։ Դե, իսկ ԱԱԾ-ն էլ ողջ աշխարհի համար գաղտնիք չուներ այն  օրվանից, երբ հանապետության դե ֆակտո ղեկավար դարձավ Նիկոլը։
Հիմա, հետին հայացքով վերլուծելով իրադարձությունների ընթացքը՝ ակնհայտ է, որ թուրքի շահն է գերիշխում Հայաստանում 2018-ից  (իսկ նախապատրաստական աշխատանքները սկսել էին շատ ավելի վաղ)։ 

Ցավն այն է, որ  չհասկացողն անգամ պատերազմից և դրան հետևած իրադարձություններից հետո չի ուզում սթափվել,  և կրկին խաբվում է հազար անգամ իր թշնամական բնույթը ցույց տված Նիկոլին և իր թիմին։ Մարդիկ  թույլ են տալիս  այդ ազգադավներին շահարկել նույնիսկ անհետ կորածների և գերեվարվածների անասելի ցավոտ ու նուրբ թեման։
Հունվարի 11-ին Մոսկվայի եռակողմ հանդիպման ժամանակ գերիների հարցը չլուծվեց, ինչը խոստովանեց նույն  օրը Ալիևի հետ կերած-խմած Փաշինյանը։ Համացանցում ադրբեջանցիները   տարածում են  այն, որ ՀՀ խորհրդարանը հրաժարվել է քննարկել ռազմագերիների հարցը։ Երեկ  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնեց, որ Հայաստանը գերիների ցուցակը  ներկայացրել է ոչ միանգամից և ոչ ամբողջությամբ։

Սրանք պատահականություննե՞ր են,  մասնագիտական թերացումնե՞ր, թե նպատակաուղղված ադրբեջանամետ գործողություններ։ Սրանից հետո՞ էլ են երեք ամսից ավել քուն ու դադար կորցրած հարազատները կշարունակեն հույս կապել  Նիկոլի և իր թիմի հետ։ Նրանց ցավը բոլորիս հանգիստ չի տալիս, բայց   ոչ իշխանություններին, ովքեր մտահոգված են միայն իրենց պաշտոնները պահելով։ 

Ի դեպ, ինչ-որ շատ կասկածելի փոփոխություն է նկատվում այդ թիմում՝  նոյեմբեր-դեկտեմբերի վախն ու զգուշությունը փոխարինվել են  մի տեսակ    ինքնավստահությամբ։ Սկսել են կրկին հոխորտալ։ Ինչ-որ բա՞ն  գիտեն Հայաստանի առաջիկա ժամանակների մասին, որ դադարել են վախենալ գահընկեց լինելուց։ Կրիտիկական պահն անցա՞ծ են համարում,   կարծո՞ւմ են մարեց առկա դժգոհությունը, թե՞ թուրք տերերը Հայաստանը երկրորդ Աջարիա դարձնելու հստակ երաշխիքներ են տվել։ Չի բացառվում նաև, որ տեսնելով Մոսկվայում կյանքն անարգել վայելող վարչապետական ընտանիքի ապահովվածությունը՝ մտածում են, որ վրիժառություն չի լինի և իրենք էլ հանգիստ կլքեն ծախած Հայաստանը։ Իսկ գուցե   կարծում են, որ ժողովուրդը այնքան կոտրված է, որ նոր պատերազմի վախից լրիվ կառավարելի հոտ  է դարձել։  Լրիվ թուրքահպատականեր  են, իսկ մենք  դավաճանական այս ոհմակին չենք կարողանում հեռացնել՝ Հայաստանը թրքացումից փրկելու համար։

Չենք կարողանում նաև այն պատճառով, որ իրավապահ մարմիններն  իրական պետական դավաճաններին պատասխանատվության ենթարկելու փոխարեն շարունակում են մարտիմեկյան խայտառակ դատավարությունը։ Փաստորեն,  ուժայիններում հավատարմության երդում տալը քիչ է, պետք է նաև տարրական պատվախնդրություն, արժանապատվություն  և հայրենասիրություն  ունենալ՝ պետությունը մեկ անձի հետ չշփոթելու համար»։

 Լիա Իվանյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ