14 01 2021

Գագիկ Ջհանգիրյանը չի՞ հիշում, թե՞ միտումնավոր է խեղաթյուրում փաստերը. 168.am

Գագիկ Ջհանգիրյանը չի՞ հիշում, թե՞ միտումնավոր է խեղաթյուրում փաստերը. 168.am

168.am-ը գրում է.

«Երեկ Խորհրդարանում առաջին նախագահ Լևոն-Տեր-Պետրոսյանի քաղաքական աջակից, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել էր իրեն Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թափուր տեղը համալրելու համար առաջադրած Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հետ:

Հանդիպումից հետո ճեպազրույցի ընթացքում լրագրողները մասնավորապես դիտարկում արեցին, որ իրավապաշտպանների կարծիքով՝ օրինակ, Գագիկ Ջհանգիրյանը չի կարող լինել ԲԴԽ օբյեկտիվ անդամ՝ վկայակոչելով Մատաղիսի հայտնի գործը, որի մեղադրանքը պաշտպանել էր նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Հարցն ակնհայտորեն նյարդայնացրեց Գագիկ Ջհանգիրյանին:

«Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ՝ դատախազ եղած ժամանակ: Բա հիմա 2 տարի քննչական դեպարտամենտում այդ գործը քննվում է: Բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան, և ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում և չեն առաջադրել նախորդ իշխանությունները, որ ես այդտեղ հանցագործություն եմ կատարել»,- ասել էր Գագիկ Ջհանգիրյանը:

Նրա խոսքով՝ երբ Մատաղիսի գործով մեղադրյալներն ազատվել են կալանքից, ինքն արդեն պաշտոնավարում էր գլխավոր դատախազությունում, և զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը:

«Լրացուցիչ նախաքննության արդյունքներով՝ նոր զինվորական դատախազը նույն մեղադրյալների նույն մեղադրանքներով հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան: Դատարանում գործը քննելիս զինվորական դատախազն արդեն եղել է Գևորգ Կոստանյանը, և Կոստանյան Գևորգն ինքն իր մեղադրողներով էդ գործը տարել է մինչև վերջ: Ինչո՞ւ չեք շոշափում, ասենք, Խաչատուրյան, Կոստանյան և այլ անունները: Չէ՞ որ երկու դատախազն էլ արել են նույնը, ինչ արել է Ջհանգիրյանը»,- լրագրողներին դիմելով՝ ասել էր Գագիկ Ջհանգիրյանը:

168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, որ Գագիկ Ջհանգիրյանն ինչ-որ բան խառնում է:

«Ես նույն կարծիքին չեմ եղել, նույն տեսքով գործը չեմ տարել մինչև վերջ, ինչպես պնդում է Գագիկ Ջհանգիրյանը: Ես վերաորակել եմ արարքը: Զինվորական դատախազ նշանակվել եմ 2013թ.: Մատաղիսի գործի քննությունը սկսվել է 2007 թվականից, և այն պահին, երբ ես դարձել եմ զինվորական դատախազ, այդ գործն արդեն մեկ անգամ դատական ամբողջ համակարգով անցել էր, Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվել, և արդեն երկար ժամանակ քննվում էր առաջին ատյանի դատարանում»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ շեշտելով, որ ինքը զինդատախազ է դարձել այն ժամանակ, երբ Մատաղիսի գործը վաղուց արդեն դատարանում էր:

 Նախկին զինվորական դատախազը նշում է, որ արդեն դատարանում քննվող գործի մեղադրանքը պաշտպանել են գործում առկա ապացույցների շրջանակներում:

 «Ավելին, գործում առկա ապացույցների շրջանակում ես մեղադրանքը մեղմացրել և վերաորակել եմ՝ սպանությունից՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու: Մինչ իմ պաշտոնավարելը զինդատախազ 8 տարի եղել է Արմեն Խաչատուրյանը, ով Ջհանգիրյանի պաշտպանած մեղադրանքը նույնությամբ տարել է դատարան: Վճռաբեկ դատարանը գործը բեկանել, ուղարկել է առաջին ատյանի դատարան, այնտեղ շուրջ 2 տարի գործը քննվելուց հետո նոր ես դարձել եմ զինվորական դատախազ և մեղադրանքը վերաորակել եմ»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

 Ըստ ամենայնի, Գևորգ Կոստանյանը հերքում է Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը, քանի որ գործը նույնությամբ տանելու և արարքը վերաորակելու մեջ կա առնվազն պատժաչափերի տարբերություն, էլ չենք խոսում խնդրի բարոյական կողմի մասին:

 Չէ՞ր հիշում սա Գագիկ Ջհանգիրյանը, թե՞ միտումնավոր է խեղաթյուրում փաստերը, թերևս, ինքը կիմանա, իսկ հետևություններ կարող ենք անել բոլորս»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ